s-1
| Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև Խոսրովի անտառ), պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Արարատի մարզում[2]։ |
s-2
| Պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Խոսրով Գ Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ |
s-3
| Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ |
s-4
| Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ |
s-5
| «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։ |
s-6
| Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ |
s-7
| Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213.5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից[3]։ |
s-8
| Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ։ |
s-9
| 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ[4]։ |
s-10
| Հիմնադրում ու անվանում |
s-11
| «Խոսրովի անտառ» անվանումն արգելոցը ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։ |
s-12
| Խոսրովի անտառը ստեղծվել է 334-338 թթ.։ |
s-13
| Ըստ Խորենացու՝ Խոսրովի գահակալության ժամանակ Գառնու ամրոցից մինչև Դվին կատարվել են անտառատնկումներ։ |
s-14
| Անտառի մի մասը կոչվել է «Տաճար մայրի», իսկ մյուսը՝ «Խոսրովակերտ», որը մինչև Երասխ էր հասնում։ |
s-15
| Հարյուրավոր տարիների ընթացքում անտառի «Խոսրովակերտ» հատվածը վերացել է։ |
s-16
| «Տաճար մայրուց» պահպանվել են առանձին հատվածներ, որոնք ձուլվել են բնական անտառին։ |
s-17
| «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնադրվել է 1958 թվականին։ |
s-18
| Արգելոցում պահպանվում են 3-րդ դարաշրջանից մեզ հասած գիհու և կաղնու անտառները, կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտների չորասեր համակեցությունները և այլ միջերկրածովյան ռելիկտային բուսականության էկոհամակարգերը, ինչպես նաև այդ միջավայրերին հարմարված հազվագյուտ կենդանիների ու բույսերի գենոֆոնդը։ |
s-19
| Արգելոցի գիտական, գործնական և կազմակերպչական աշխատանքներն 2002 թ.-ից իրականացվում են Հայաստանի բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից։ |
s-20
| «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ են գտնվում՝ |
s-21
| «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը կազմված է 4 տեղամասերից՝ Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից[3]։ |
s-22
| «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր՝ 95,99 հա |
s-23
| «Խոր Վիրապ» պետական արգելավայր՝ 50,28 հա |
s-24
| Աշխարհագրական դիրքը |
s-25
| «Խոսրովի անտառ» պետական արգելոցը գտնվում է Արարատի մարզում, Գեղամա լեռնավահանի հարավային հատվածի բարձրադիր լեռնաբազուկների Ուղտուպար, Տասանորդ (Դահնակ), Խոսրովասար և լեռնային համեմատաբար ցածրադիր համակարգի Արարատյան դաշտն արևելյան կողմից երիզող Երանոսի և Երախի լեռների և դրանց լեռնաբազուկների վրա։ |
s-26
| Լեռնագագաթները, որոնք գտնվում են համանուն լեռնաբազուկների և լեռնաշղթաների վրա, հետևյալն են. Ուղտուսար (3170 մ), Մանկունք (2927 մ), Տասանորդ (Դահնակ 2535 մ), Կոտուց (2061 մ), Խոսրովասար (1988 մ), Երանոս (1824 մ), Իլկասար (1462 մ), Երախ (1419 մ)։ |
s-27
| Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն։ |
s-28
| Զբաղեցնում է 23213.5 հա տարածք և տարածվում ծովի մակարդակից 700-2800մ բարձրություններում։ |
s-29
| Ռելիեֆ |
s-30
| Արգելոցի տարածքի մակերևույթը լեռնային է և գետային ցանցի շնորհիվ մասնատված խորը ձորերի, որն երկրաբանական անցյալի ակտիվ տեկտոնական գործունեության արդյունք է։ |
s-31
| Ներկայումս շարունակվում են լավ արտահայտված էրոզիայի գործընթացները։ |
s-32
| Արգելոցի տարածքի մեծ մասը տեղաբաշխված է թեք լեռնալանջերի վրա։ |
s-33
| Արգելոցի տարածքի 15%-ը կազմում են մինչև 20˚ թեքությունները, 19%-ը՝ 20-30˚, 66%-ը՝ 30˚ և բարձր։ |
s-34
| Արգելոցի տարածքի մոտ 50%-ը զբաղեցնում է միջին լեռնային գոտին (1500-2300 մ), որը բնութագրվում է ռելիեֆի խոր մասնատվածությամբ։ |
s-35
| Կլիմա |
s-36
| Արգելոցի կլիման չոր ցամաքային է, ամառային բարձր ջերմաստիճաններով և ցուրտ ձմեռներով։ |
s-37
| Արգելոցի տարածքում ձևավորվում է կլիմայի հետևյալ տիպերը՝ չոր ցամաքային, չափավոր տաք՝ չոր, բարեխառն և չափավոր ցուրտ կլիման։ |
s-38
| Չոր ցամաքային կլիման ընդգրկում է նախալեռնային գոտին՝ 900 մ-ից մինչև 1300 մ բարձրությունները։ |
s-39
| Կլիմայի այս տիպը բնութագրվում է մեղմ ձմեռներով, անկայուն ձնածածկույթով։ |
s-40
| Ամառը շոգ է, հաճախակի են երաշտները։ |
s-41
| Գարունը և աշունը կարճատև է և խոնավ։ |
s-42
| Տեղումների տարեկան միջին քանակը 350-450 մմ: |
s-43
| Ծովի մակերևույթից 1400-ից մինչև 2000 մ բարձրությունները տարածվում է չափավոր տաք՝ չոր և բարեխառն կլիմայական գոտին։ |
s-44
| Ձմեռը ցուրտ է, գոյանում է կայուն ձյունածածկույթ։ |
s-45
| Գարունը խոնավ է, հաճախակի ցրտահարություններով։ |
s-46
| Աշունը տաք է, երկրորդ կեսից բավական խոնավ։ |
s-47
| Տարեկան տեղումների միջին քանակը 500-600 մմ է։ |
s-48
| Անսառնամանիք օրերի քանակը 200 օր։ |
s-49
| 2000-ից մինչև 2500 մ բարձրությունների վրա տարածվում է չափավոր ցուրտ կլիմայական գոտին։ |
s-50
| Ձմեռը ցուրտ է, բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -42˚C: |
s-51
| Գարունը ցուրտ է, ցրտահարությունները ավարտվում են մայիսի վերջերին։ |
s-52
| Ամառը զով է և խոնավ։ |
s-53
| Աշունը կարճատև է։ |
s-54
| Տարեկան տեղումների միջին քանակը մինչև 800 մմ[6]։ |
s-55
| Անսառնամանիք օրերի քանակը 90-120 օր[7]։ |
s-56
| Ջրագրություն |
s-57
| Վահագնի ջրվեժ |
s-58
| Արգելոցի տարածքով հոսում են Արաքս գետի ձախակողմյան երկու խոշոր վտակներ՝ Ազատ և Վեդի գետերը։ |
s-59
| Ազատ գետը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից։ |
s-60
| Ունի մեծ անկում, քարքարոտ հուն։ |
s-61
| Երկարությունը 55 կմ, ջրհավաք ավազանի մակերեսը 550 կմ²։ |
s-62
| Գառնի գյուղի մոտ առաջացնում է համանուն խորը կիրճը, ստորին հոսանքում դուրս է գալիս Արարատյան դաշտ։ |
s-63
| Ունի խառը սնուցում, հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով, հորդացումը ապրիլ հունիս ամիսներին։ |
s-64
| Աջից ընդունում է Գողթ վտակը՝ երկարությունը 16 կմ։ |
s-65
| Սկիզբ է առնում Գեղամա լեռների կենտրոնական մասի արևմտյան լանջերից։ |
s-66
| Քաջառու գետը ունի 15 կմ երկարություն։ |
s-67
| Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավ-արևմտյան լանջերից։ |
s-68
| Ջրհավաք ավազանի մակերեսը 25 կմ²։ |
s-69
| 2000 թվականին Ազատ գետը ներառվել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) Համաշխարհային ժառանգության ցանկում։ |
s-70
| Աստղիկի ջրվեժ |
s-71
| Վեդի գետը սկիզբ է առնում Մանկունք լեռնագագաթի հարավ-արևելյան լանջից՝ մոտ 2700 մ բարձրությունից։ |
s-72
| Վեդի գետի վտակներից արգելոցի տարածքով հոսում են Խոսրովը (երկարությունը 18 կմ), Սպիտակաջուրը (երկարությունը 16 կմ), Մանկուկը (երկարությունը 16 կմ)։ |
s-73
| Արգելոցի տարածքում կան մեծ քանակությամբ քաղցրահամ և հանքային աղբյուրներ, որոնք առանձնանում են ռեժիմի կայունությամբ[8]։ |
s-74
| «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվում են 4 ջրվեժներ, որոնցից 2-ին ժողովուրդն անվանում է հին հեթանոսական աստվածների անուններով՝ Վահագնի և Աստղիկի։ |
s-75
| Հողային ծածկույթը |
s-76
| «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առանձնացվում է հողերի հետևյալ տիպերը՝ |
s-77
| Կիսաանապատային գորշ հողեր |
s-78
| Լեռնատափաստանային շագանակագույն հողեր |
s-79
| Լեռնանտառային դարչնագույն հողեր |
s-80
| Գորշ անտառային հողեր |
s-81
| Լեռնամարգագետնային սևահողեր |
s-82
| Կիսաանապատային գորշ հողերը տարածվում են ծովի մակարդակից մինչև 1250 մ բարձրությունները։ |
s-83
| Կիսաանապատային գորշ հողերը ձևավորվում են հիմքերով հարուստ հրաբխային ապարների վրա, չոր ցամաքային կլիմայի և կիսաանապատային բուսականության պայմաններում։ |
s-84
| Այս հողերում հումուսի պարունակությունը 1-2% է, ունեն սակավ հզորություն, կարբոնատների մեծ պարունակություն։ |
s-85
| Մեխանիկական կազմը կավավազային է։ |
s-86
| Լեռնատափաստանային շագանակագույն հողերը տարածվում են ծովի մակերևույթից 1250 մ-ից մինչև 1500-1600 մ բարձրությունները։ |
s-87
| Այս հողերը ձևավորվում են չափավոր տաք և չոր կլիմայական պայմաններում, չոր տափաստանային բուսականության տակ։ |
s-88
| Հումուսի պարունակությունը այս հողերում 2-3.5% է։ |
s-89
| Այս հողերը ունեն կավավազային մեխանիկական կազմ։ |
s-90
| Լեռնանտառային դարչնագույն և գորշ անտառային հողերը տարածվում են ծովի մակերևույթից 1600-2200 մ բարձրությունները։ |
s-91
| Լեռնանտառային դարչնագույն հողերը ձևավորվում են չափավոր տաք և ոչ կայուն խոնավության պայմաններում, թփուտներով հարուստ կաղնու, բոխու անտառներում։ |
s-92
| Հումուսի պարունակությունը 4-10% է։ |
s-93
| Այս հողերը գլխավորապես ունեն կավավազային մեխանիկական կազմ։ |
s-94
| Անտառային գորշ հողերը ձևավորվում են տաք և խոնավ կլիմայական պայմաններում, ստվերահայաց լանջերին լայնատերև ծառատեսակների տակ։ |
s-95
| Այս հողերում հումուսի պարունակությունը 5-12% է։ |
s-96
| 2200-2600 մ բարձրություններում տարածվում են լեռնամարգագետնային սևահողերը։ |
s-97
| Սրանք ձևավորվում են ցուրտ և խոնավ կլիմայական պայմաններում։ |
s-98
| Հումուսի պարունակությունը 10-15% է, ունեն կավային և կավավազային մեխանիկական կազմ[9]։ |