s-1
| Այն ժամանակ Երևանում իրարից ոչ հեռու ապրում էին հայ ոգու ու մտքի հսկաները՝ մեր հայրերը: |
s-2
| Այստեղ էին Վիկտոր Համբարձումյանն ու Մարտիրոս Սարյանը, Գրիգոր Գուրզադյանն ու Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանն ու Գոհար Գասպարյանը, այս կարգի անվանիներ: |
s-3
| Քաղաքը հարուստ էր այսպիսի երևելիներով: |
s-4
| Մենք՝ երևանցիներս, սովորել էինք դրան։ |
s-5
| Թվում էր, իրականության այս վեհությունը, այս շքեղությունը այդպես էլ մնալու էր մեզ հետ տևականորեն: |
s-6
| Բոլորովին էլ դժվար չէր Երվանդ Քոչարին տեսնել իր արվեստանոցում (այսօրվա թանգարանում) կամ Նկարիչների միության շենքի մոտ գտնվող հայտնի սրճարանում: |
s-7
| Կոստան Զարյանին նույն սրճարանից կարող էիր ուղեկցել իր տուն՝ Աբովյանն ի վեր, հետն էլ հարցեր տալ, խոսեցնել ծայր աստիճան քչախոս գրողին: |
s-8
| Ակադեմիկոս Ալիխանյանի հետ կհայտնվեիր իր տանը, պատմություններ կլսեիր Պաստեռնակի, Շոստակովիչի հետ իր շփումների մասին... |
s-9
| Այն ժամանակվա մեր մեծերը մատչելի էին շփումների համար: |
s-10
| Քեզ՝ երիտասարդիդ, իրենց շրջանակը կառնեին՝ պայմանով, որ, ըստ իրենց քիչ թե շատ ապագա խոստացող մեկը լինեիր: |
s-11
| Ես երջանիկ բախտ ունեցա ճանաչելու մեր այս մեծերից շատերին, շփվելու նրանց հետ մարդկային պարզ շփումների մակարդակով: |
s-12
| Այսօր այդ շփումներից ինձ համար առանձնանում են Մարտիրոս Սարյանի հետ իմ առնչությունները: |
s-13
| Թե ինչո՞ւ եմ այսպես գնահատում, ավելի լավ է պատասխանեմ Էդվարդ Միրզոյանի ձևակերպումով: |
s-14
| Այն հարցին, թե կյանքում իր տեսած ամենամեծ մարդուն ու՞մ կհամարեր, նա պատասխանել է, որ իր տեսած ամենամեծ մարդը Մարտիրոս Սարյանն է եղել: |
s-15
| Աշուն էր: |
s-16
| Բուհեր ընդունվող երիտասարդների շրջանում ամեն տեսակի հուզումների, բուռն քննարկումների ժամանակն ավարտվել էր… |
s-17
| Ես ընդունվել էի Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին: |
s-18
| Ղեկավարս Ղազարոս Սարյանն էր: |
s-19
| Քառասնամյա կոմպոզիտորն այդ տարի ստանձնել էր կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։ |
s-20
| Իր մտավոր կարողությունները, երաժշտի իր մեծ հեղինակությունը, նաև Հայրենական մեծ պատերազմի բովում իր մեջ ձևավորված զինվորական կարգապահությունն ու պատասխանատվության զգացումը բերել էր կոնսերվատորիա: |
s-21
| Բերել էր նաև Սարյան ընտանիքի հանդեպ տիրող համատարած ակնածանքը։ |
s-22
| Հարգված էր թե՛ իբրև առաջատար կոմպոզիտոր, թե՛ իբրև եզակի անհատականություն, թե՛ որպես առաջնակարգ կազմակերպիչ: |
s-23
| Պատահում էր, որ ռեկտորի հոգսերը նրան ստիպում էին տեղափոխել մեր դասերի ժամերը, ինձ հետ պարապելու համար կանչել իր տուն: |
s-24
| Ուսանողական հինգ տարիների ընթացքում այդպես հաճախ է եղել: |
s-25
| Բայց ահա, երբ առաջին անգամ պայմանավորված ժամին գնացի իմ դասախոսի տուն, դուռը բացեց Վարպետը՝ Մարտիրոս Սարյանը: |
s-26
| Շփոթմունքս հաղթահարելով՝ ասացի. |
s-27
| - Ես Լազար Մարտիրոսովիչի ուսանողն եմ: |
s-28
| Դեռ ինձ ներս չթողած՝ դռան մոտ հազիվ լսելի ձայնով ասաց. |
s-29
| - Մի ուսուցիչ էլ չգտանք՝ ինքը մոտը սովորեր։ |
s-30
| Ապշահար եղա… |
s-31
| Վարպետի ձայնը խուլ էր, կարծես մի շերտ բամբակների տակից էր գալիս։ |
s-32
| Սովորաբար քչախոսներն են այդպիսի ձայն ունենում։ |
s-33
| Թող թույլ տրվի մարդկային ձայնի այս հնչերանգի առնչությամբ փոքր-ինչ ավելացնել։ |
s-34
| Մի օր առիթ ունեցա ծանոթանալու Պաբլո Պիկասոյի որդու՝ Քլոդ Պիկասոյի հետ։ |
s-35
| Իմ հարցին, թե իր հոր ձայնը հիշո՞ւմ է, ասաց. |
s-36
| «Իմ հայրը չափազանց քիչ էր խոսում. նա «աղոտ» ձայն ուներ»։ |
s-37
| Նշանավոր քչախոսներից է եղել նաև Ուիլիամ Ֆոլկները, կարդացել եմ այդ մասին և նաև լսել իր հարցազրույցների ձայնագրությունը։ |
s-38
| Նրա ձայնը ևս կարծես մի շերտ բամբակների տակից էր գալիս։ |
s-39
| Սովորաբար այդ ձայնը հրամանի համար չէ։ |
s-40
| Չի սաստում, այլ միայն համոզում, հորդորում է։ |
s-41
| Եվ եթե այդ ձայնի տիրոջ բառերը խոստովանելու ուղղությամբ են մտքում գոյացել, ձայն չեն դառնում, ներսից գալիս և չարտաբերված էլի ներս են գնում։ |
s-42
| Սիրում եմ մարդկային ձայնի այդ տեսակը։ |
s-43
| Ուրեմն, ահա այդպես հնչեց Վարպետի ձայնը «Մի ուսուցիչ էլ…» ասելիս, և ես չհավատացի իմ լսածին։ |
s-44
| Մնացի լուռ, մտանք տուն։ |
s-45
| Հետագայում, ծանոթանալով Սարյանների տան նիստուկացին, համոզվեցի, որ այստեղ սովորական բան էր իր կամ տնեցիների հասցեին թեթև հեգնանքով սթափության մի քանի բառ ուղղելը: |
s-46
| Այս ընտանիքում ինքնագոհությունը տեղ չուներ։ |
s-47
| Տարիների ընթացքում ես տանու տղայի պես դարձա Սարյանների ընտանիքում: |
s-48
| Հաճախ էի լինում նրանց մոտ. դասերից բացի առիթ էի ունենում շփվելու, զրուցելու Վարպետի հետ… |
s-49
| Իրենց տանը հաց եմ կերել, այդ տանն եմ եղել իրենց ամենաուրախ և ամենատխուր առիթներով, նաև ամենասովորական օրերին: |
s-50
| Հիշում եմ այն տխուր օրը։ |
s-51
| Քաղաքում տարածվեց բոթը. ավտովթարից զոհվել է Մարտիրոս Սարյանի ավագ որդին՝ Սարգիսը: |
s-52
| Երբ լուրը Վարպետին էին հայտնել հեռախոսով, հարցրել էր. |
s-53
| «Իսկ Զարիկը (Ղազարոսը. – հեղ.) ո՞ղջ է», և երբ դրական պատասխան էր լսել, ասել էր. |
s-54
| «Փառք Աստծու»: |
s-55
| Իր կյանքի բարդ ու երկար ճանապարհին պատմական արհավիրքների, մեծ կորուստների միջով անցած Վարպետն իր առաջնեկին կորցնելու այդ օրը գոհունակություն էր ուղղում Աստծուն այն մյուսի՝ փրկվածի համար: |
s-56
| Հիշում եմ որդու հուղարկավորության օրը: |
s-57
| Գերեզմանատանը հսկայական բազմություն էր հավաքվել: |
s-58
| Վարպետը և իր տիկինը՝ Լուսիկ Լազարևնան, նստած էին գերեզմանից քիչ հեռու դրված աթոռներին: |
s-59
| Նրանք լուռ հետևում էին թաղման արարողությանը: |
s-60
| Ի՜նչ հանդիսավոր արարողություն էր դա, Աստված իմ: |
s-61
| Բոլորի ուշադրությունը մի կողմից թաղման արարողությանն էր, մյուս կողմից՝ ծանր վիշտը անօրինակ լռությամբ, հուզական պոռթկումներից իսպառ զուրկ խոնարհությամբ կրող սգավոր զույգին: |
s-62
| Այդ օրը ես մասնակցեցի նաև հոգեհացին: |
s-63
| Սեղանի շուրջ նստածները հիմնականում արվեստագետներ էին՝ գրականության, երաժշտության, կերպարվեստի բնագավառների երևելիներ: |
s-64
| Ես նստեցի սեղանից քիչ հեռու գտնվող թախտին: |
s-65
| Վարպետը եկավ, լուռ նստեց կողքս ու նայում է ինձ: |
s-66
| Ուսումնասիրո՛ղ հայացքով: |
s-67
| Ուշադի՛ր : |
s-68
| Ես շփոթվում եմ ու չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նայում: |
s-69
| Իրեն նայելով՝ մտքումս ասում եմ. |
s-70
| «Ինչո՞ւ եք նայում»: |
s-71
| Հարցական հայացքս բացարձակապես չկարևորելով՝ հայացքը չէր կտրում ինձնից: |
s-72
| Չէի գիտակցում այդ պահին, որ ինձ նայողը մեծ հոգեբանն ու մեծ նկարիչն է: |
s-73
| Իր հայացքի խորությունն անչափելիորեն հեռու էր իրեն ուղղված իմ պարզ ու միամիտ նայվածքից: |
s-74
| Ամաչեցի ու գլուխս թեքեցի: |
s-75
| Ինքը նույն ուշադրությամբ շարունակում էր նայել դեմքիս՝ բոլորովին կարևորություն չտալով իմ շարժումներին: |
s-76
| Երևի դա յուրովի մի հարաբերություն էր, որ կարող էր գոյանալ նկարչի ու բնորդի միջև: |
s-77
| Հետագայում, երբ այցելում էի Սարյանների տուն, հյուրասենյակի մեջտեղում նկարակալ հիշեցնող եռոտանուն, որոշակի բարձրության վրա զոհված որդու՝ Սարգիս Սարյանի մատիտանկար դիմանկարն էր դրված՝ կողքը գեղեցիկ ծաղկամանի մեջ ծաղիկներ, որոնք միշտ թարմ էին: |
s-78
| Եվ այսպես՝ տարիներ շարունակ... |
s-79
| Մի օր Մինասի հետ մտանք Սարյանի տուն: |
s-80
| Մինասին տեսնելով՝ շատ ուրախացավ: |
s-81
| «Դո՛ւ պիտի ղեկավարես Նկարիչների միությունը, դո՛ւ պիտի բոլորին առաջնորդես»,- ասում էր Մինասին: |
s-82
| Այսպես խոսում ու հետն էլ նայում էր պատին կախված իր նկարներին: |
s-83
| Մինասի թեման, կարծես, ավարտելով՝ գլուխը խոնարհեց ու ասաց. |
s-84
| «Ի՜նչ լավ բան է ծեր լինելը. առավոտյան ոչինչ չես անում, ցերեկը ոչինչ չես անում, երեկոյան ոչինչ չես անում»: |
s-85
| Եվ կրկնեց. |
s-86
| «Ի՜նչ լավ բան է ծեր լինելը»: |
s-87
| Իրականում Վարպետը միշտ աշխատեց։ |
s-88
| Իր վերջին տասնամյակների ստեղծած աշխատանքներից մի քանիսը հիմա էլ աչքիս առաջ են։ |
s-89
| 1969 թվականին Կոմիտասի հարյուր ամյակի առիթով ստեղծեց իր ոչ մեծ չափի շատ գեղեցիկ «Կոմիտաս» մատիտանկարը։ |
s-90
| Հիշում եմ. այդ գծանկարը ցուցադրվեց առանձին, ընդհանուր ցուցադրույթից փոքր-ինչ հեռու, ցուցասրահի երևացող մասում տեղադրված նկարակալի վրա։ |
s-91
| Որոշ ժամանակ հետո այդ նկարը պատճենահանվեց։ |
s-92
| Բախտ ունեցա դառնալու պատճենահանված օրինակներից մեկի տերը։ |
s-93
| Այն ստացա անձամբ Սարյանի ձեռքից՝ ընծայագրով։ |
s-94
| Վարպետը տեղյակ էր Կոմիտասի հանդեպ տածած իմ մեծ սիրո մասին։ |
s-95
| Այդ գրությամբ քաջալերում էր իմ այդ զգացումը՝ մաղթելով, որ մնամ Կոմիտասի հավատարիմն ու հետևորդը։ |
s-96
| Կոմիտասի նկարը նման ընծայագրով ստանալիս անասելի հուզված էի։ |
s-97
| Աչքիս առաջ է 1969 թ. ստեղծված «Երկիրը» կտավը, որով նկարիչը կարծես յուրովի արձագանքեց խորհրդային տիեզերագնացության առաջին քայլերին։ |
s-98
| Նկատի ունենալով տիեզերագնացներ Գագարինին և Տերեշկովային՝ մի օր ասել էր. |
s-99
| «Տղա-աղջիկ թռնում են վեր ու կրկին վերադառնում երկիր, հայրենի հող».- ասել էր ու ևս մի անգամ կարևորել մեր ոտքի տակի հողը։ |
s-100
| Աչքիս առաջ են նաև Վարպետի վերջին տարիների մատիտանկարները։ |