s-1
| Օքսֆորդի բառարանը 2021-ի բառ է հռչակել vax-ը, որը vaccine բառի (պատվաստում), կարճ խոսակցական ձևն է, որը թե՛ բայ է, թե՛ գոյական, թե՛ ածական։ |
s-2
| Հայտնվել է նաև այդ արմատով նոր բառ՝ vaxxie, սելֆի, որը արվում է պատվաստվելուց առաջ, ընթացքում և հետո։ |
s-3
| Դա այն ֆոտո ապացույցն է, որ պատվաստվելու գործը անցավ բարեհաջող։ |
s-4
| Քոլինզ բառարանը կանգ է առել NFT (Non Fungible Token) բառի վրա, որը թվային արտոնագիր է՝ ապացուցող, որ թվային ակտիվների տեր ես, օրինակ, կրիպտոարժույթի։ |
s-5
| Մի շարք այլ բառարաններ ևս արել են իրենց ընտրությունը, և շատերի մոտ գերակշռում է հենց պատվաստման հետ կապված բառերը։ |
s-6
| Ողջ աշխարհն է հիմա երկմտում դեղաչափերի, պատվաստանյութերի ու կորոնավիրուսի նոր մոդիֆիկացիաների շուրջ։ |
s-7
| Հայաստանում ևս փորձ արվեց ընտրելու տարվա բառը։ |
s-8
| Հայաստանի Լեզվի կոմիտեն հրապարակեց բառերի ցանկ ու առաջարկեց օգտատերերին քվեարկել դրանց օգտին։ |
s-9
| 15 բառերը արտացոլում էին պատերազմական իրավիճակը (առաջնագիծ, սահմանագծում, սահմանազտում և այլն) ու համավարակով պայմանավորված ցանցային վարքագիծը (տեսադաս, առցանց, լրաճարակ, պատվաստանյութ, տեսակապ և այլն)։ |
s-10
| Կար նաև անընդհատ օգտագործվող «ապատեղեկատվությունը»։ |
s-11
| Եվ հայերեն նոր մի բառ՝ «սրտիկել»։ |
s-12
| Այդ ցանկը գրեթե արձագանք չստացավ, քվեարկեցին հազարից մի քիչ ավելի օգտատերեր։ |
s-13
| Միգուցե Լեզվի կոմիտեի առաջարկած բառերը չափից դուրս «օսլայված» էին ու գրագետ հայերենով։ |
s-14
| Ի վերջո, եթե հաշվի առնենք, թե որ բառերն են ավելի հաճախ տեղ գտնում հանրային խոսքում ու մեդիա դաշտում, դրանք դժվար թե լինեն ընդունելի Լեզվի կոմիտեի համար։ |
s-15
| Օրինակ, հիշենք արդեն սովորական դարձած «ժեխ»-ը, «կապիտուլյանտ»-ը, «դավաճան»-ը։ |
s-16
| Դրանք կլինեն բառեր, որոնք ձևացնում են, թե խոսակցական են, բայց հստակ քաղաքական բույր ունեն։ |
s-17
| Տարվա բառերի ընտրությունը սովորաբար կատարվում է երկու տրամաբանական շղթայով՝ ամենից հաճախ օգտագործվող բառեր կամ ամենից դիպուկ բնորոշ բառեր։ |
s-18
| Առաջին դեպքում կարևոր է քանակը, երկրորդ դեպքում՝ բնազդային ընկալումը։ |
s-19
| Ո՞ր բառը (կամ միգուցե բառերը) ամենից լավ կարող է բնորոշել մեզ անցած տարում։ |
s-20
| Եթե, իհարկե, հաշվի առնենք մեր հանրապետության ընդհանուր տրամադրությունը հետպատերազմյան, բայց իրականում սողալով շարունակվող պատերազմի պայմաններում։ |
s-21
| Երևի, այդ բառը կապված կլինի չզգալու ցանկության հետ։ |
s-22
| Կամ ավելի շուտ փորձերի՝ լինելու ավելի պարփակված ու փակ։ |
s-23
| Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական անորոշ որոշումներից, այլև պատվաստվելու մասին մտքերից։ |
s-24
| Ամենօրյա խոսքում բոլորն էլ այսպես թե այնպես փորձում են փակվել զգացմունքներից, սառեցնել հույզերը, տարանջատվել այն իրականությունից, որի վրա ազդել չեն կարող։ |
s-25
| Եվ դրանով իսկ համարել, որ ավելի պրագմատիկ են։ |
s-26
| Միգուցե դա նման է իրականությունից փախուստի, բայց դա նաև ինքնապաշտպանական հնարք է։ |
s-27
| Թվում է, որ եթե զգայարաններդ բթացնես, ավելի հեշտ կկարողանաս դուրս գալ խնդիրների բեռի, տագնապալի լրահոսի ու մահվան նոր դեպքերի մասին լուրերի տակից։ |
s-28
| Այդ ինքնախաբեության միջով երևի այսօրվա Հայաստանում շատերն են անցնում։ |
s-29
| Եվ տարվա արդյունքը դա է։ |
s-30
| Արդյունք, որը չունի համարժեք մեկ բառ, բայց սառեցնում է մարդկային զգայարանները։ |
s-31
| Ու առաջ բերում կամ շփոթվածություն, կամ ծայրահեղ ցինիզմ, որը բացում է խցաններն ու դրդում ասել բառեր, որոնց նպատակը դիմացինին ոչնչացնելն է։ |
s-32
| Այդպես ընդգծվում է ատելություն հրահրող այն բառերը, որոնք դառնում են սովորական։ |
s-33
| Սովորական քայքայիչ ու ցինիկ բառեր են։ |
s-34
| Այդտեղ Հայաստանի ընտրությունը ավելի մեծ կլինի։ |
s-35
| Բայց միևնույն է Հայաստանի տարվա բառը կարելի է համարել «անվստահություն»-ը, որի պաշարը հատել է կենսական նվազագույն շեմը։ |
s-36
| Չենք վստահում ոչ միայն պետության որոշումներին ու միջազգային ատյանների դերին, այլև սեփական աչքերին, մտքերին ու հույզերին։ |
s-37
| Սառեցնում ենք դրանք, որ ապրենք։ |
s-38
| Մեկնաբանել |
s-39
| Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: |
s-40
| Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: |
s-41
| Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում: |
s-42
| Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր և արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: |