s-1
| Համարյա գրախոսություն |
s-2
| Կարդում եմ Լուսինեի «Անմոռուկի փակուղին»: |
s-3
| Կարդացել էի, իհարկե, բայց նորից եմ կարդում: |
s-4
| Պատերազմից հետո: |
s-5
| Հիշեցի, որ գիրքը հրատարակվելուց հետո Լուսինեի հետ անհամաձայնություններ ունեի և հիմա հանկարծ որոշեցի նորից կարդալ: |
s-6
| Կարդալուց հետո Լուսինեի համաձայնությունը խնդրեցի իմ դիտարկումները դնել հանրային տարածքում: |
s-7
| Նա չի առարկել: |
s-8
| Գիրքը մեր անցյալի ու ներկայի վախերի մասին է: |
s-9
| Մեր անցյալի ներկան՝ վախերն ու վիրավորանքները անցյալում չեն մնացել: |
s-10
| Մի դեպքում դրանք անթեղվել են մարմնի՝ «գլխի», «սրտի», «հոգու» (եթե, իհարկե, հոգին մարմնի մեջ է) անկյուններում և վերադառնում են պատեհ առիթներով, մյուս դեպքում նորերն են: |
s-11
| Մեր ապրած ներկա կյանքում վախերը միշտ և ամենուր ուղեկցում են մեզ: |
s-12
| Վախը՝ թուրքից, պարսիկից, ԿԳԲ-ից, հարևաններից, իմպերիալիստներից, հարբեցողներից, մանրէներից… |
s-13
| Գուցե նաև ինքներս մեզնից: |
s-14
| Վախը առկա է «Անմոռուկի փակուղու» բոլոր պատմվածքներում: |
s-15
| Մի կողմից վախը անցյալի փորձից է կամ այդ փորձի մեկնաբանությունից, մյուս կողմից անցյալը մեզ բերեց փակուղու, փակուղին դարձավ թակարդ և հենց թակարդ-փակուղին ծնում է նոր վախեր: |
s-16
| «Լարսի թակարդը» պատմվածքում Լարսի միջանցքի հերթական բնական կամ քաղաքական աղետի պատճառով «Լարսի թակարդում» մնացածներից շատերը ցամաքային ճանապարհներ ունեն՝ ադրբեջանցիները, ռուսները, վրացիները… կգնան և գնում են Դաղստանով: |
s-17
| Բոլորը՝ հայերից բացի: |
s-18
| Հայերը կարող են գնալ կամ օդանավով, կամ ծովով՝ Բաթում, Բաթումից շարունակելով ճանապարհը: |
s-19
| Միայն թե այդ օրերին օդանավի և նավի տոմսերի գները հասնում են առասպելական թվերի: |
s-20
| Ուրեմն չեն կարող: |
s-21
| Մնում են թակարդում: |
s-22
| Կամա թե ակամա ծնվում է ամփոփումը՝ «Դժվար է ապրել Հայաստանում և կլաուստրաֆոբիա չունենալ»: |
s-23
| Կլաուստրաֆոբիան ուժեղ վախ է և ծնունդ է տալիս վախի բազմաթիվ այլ տեսակների: |
s-24
| Եվ զուր է գրքի «Սահմանային պատում» պատմվածքի խելոք կոնստրուկտիվիստը Ագարակում՝ հայ-իրանական սահմանում համոզում, որ վախերը նույնպես հնարովի «կոնստրուկտներ» են, որ մարդը կարող է լինել ոչ թե այն, ինչ իրենից սարքել են, այլ այն, ինչ ինքն է ուզում: |
s-25
| Եվ այնքան, որքան ուզում է: |
s-26
| «Լարսի թակարդում» մնացածներից առնվազն հայերը և հայաստանցիները գիտեն, որ տոմսերը թանկանում են հենց հայերի (հայաստանցիների) գործոնով, և ոչ ոք նրանց չի հարցնում, թե իրենք ով են, ինչ են: |
s-27
| Որովհետև… |
s-28
| Որովհետև հնարավոր է բազմաթիվ փախստականներ ընդունել կամ նրանց առաջ երկրների դռներ շրխկոցով փակել, բայց «հնարավոր չէ» փախստականություն ծնող գործողություններ թույլ չտալ: |
s-29
| Որովհետև «հնարավոր է Աֆրիկայի ամենախորքերը կոկա-կոլա ու գարեջուր հասցնել, իսկ անհրաժեշտ դեղ հասցնել հնարավոր չէ»: |
s-30
| Որովհետևները շատ են և դրանք «կոնստրուկտիվիզմի» տեսաբանների կարծիքը չեն հարցնում: |
s-31
| Կյանքը տեսություն չէ, գործնական է: |
s-32
| Գրքի «Karabakh Meat Market» պատմվածքում ամերիկյան Լոսից Հայաստան վերադարձող հերոսուհին համարյա նախանձով է լսում Լոսի ընդարձակ, լայն, երկար մայրուղիներով իրեն օդանավակայան տանող պեպենոտ մաշկով, «բաց շագանակագույն, արևի տակ փայլող, խոպոպների ու ջազի նման ձայնով» երկարաոտ, գեղեցկուհի ինքնավստահ տաքսիստուհու պատմությունը: |
s-33
| Եվ մինչ ես կարդալիս փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող է լինել «բաց շագանակագույն, արևի տակ փայլող խոպոպների ու ջազի նման ձայն», գեղեցկուհի տաքսիստուհին պատմում է, որ յոթ տարի բանակում է ծառայել, նույնիսկ որոշ ժամանակ՝ Մերձավոր արևելքում, իսկ հիմա փորձում է դերասանուհի դառնալ… |
s-34
| Կարդալիս տեսնում եք, որ Հայաստան վերադարձող հերոսուհին նախանձում է, որ ամերիկուհին դրանով անցել է մեծ երկրում իր ընտրությամբ, ոչ թե փակուղու թելադրանքով, և հանկարծ հասկանում է, որ մեծ երկիր է ուզում, որտեղ կարող ես ընտրել փակուղի չտանող ճանապարհ և, նաև… բայց ոչ նաև, այլ հիմնականը, ամենակարևորը, ամենագլխավորը, ուզում է փակուղի չտանող կյանք: |
s-35
| Որովհետև քո սեփական կյանքում ոնց շարժվում ես՝ փակուղի տանող փոքր ճանապարհ է: |
s-36
| Ու կյանքդ էլ փոքրի՜կ , փոքրիկ, որքան էլ երկար կյանք լինի… |
s-37
| Մտածում է և լսում «դաշնամուրային ջազի ձայնով խոսող» տաքսիստուհուն. |
s-38
| «Ծնողներս Իտալիայից են, իտալացի են, ես ամերիկացի եմ»… |
s-39
| Եվ մտածում, զգում, ապրում՝ «փակուղի չլիներ, փակ սահման չլիներ, օվկիանոս լիներ»: |
s-40
| Եվ ես՝ կարդացողս ֆիզիկապես տեսնում և հասկանում եմ, որ «փակուղի չկա»-ի, «փակ սահման չկա»-ի, «օվկիանոս կա»-ի» քաղաքացին կարող է «դաշնամուրի ջազի ձայնով խոսել», առհասարակ կարող է այդպիսի ձայն լինել, եթե անցյալդ ծանրաբեռնված չէ ցեղասպանական հիշողությամբ, ներկադ ցեղասպանական տագնապներ չունի, երկիրդ փակուղի չէ, վախերդ անհատական են և դու ընտրության հնարավորություններ ունես: |
s-41
| Նույնիսկ վախենալ/չվախենալու միջև: |
s-42
| «Անմոռուկի փակուղու» բոլոր կերպարները վախից փախչելու տարբեր հնարքներ են փնտրում: |
s-43
| Փախչելու, ոչ թե վերացնելու: |
s-44
| Փախչել մեծ քաղաքներ՝ մեգապոլիսներ, որտեղ մարդը հյուլե է, անդեմ, համարյա անիրական: |
s-45
| Որտեղ այնքան շատ մարդ կա, որ մարդ համարյա չկա: |
s-46
| Պատմվածքներից մեկի հերոսուհին «մեծ քաղաքներում կորցնում է վախերը»: |
s-47
| «Մեծ քաղաքները սպանում են վախերդ»: |
s-48
| Դա կյանքից փախուստի տեսա՞կ է, թե՞ օբյեկտիվ իրողություն: |
s-49
| Փախչել կյանքից: |
s-50
| Շատ աշխատել: |
s-51
| Թաքնվել աշխատանքի հետևում: |
s-52
| Գիրք կարդալ: |
s-53
| Թաքնվել գիրք կարդալու հետևում: |
s-54
| Կյանքը դավաճանել «գրքի հետ», «աշխատանքի հետ»… |
s-55
| Որովհետև… |
s-56
| Փակուղում ես: |
s-57
| Փակուղու մեջ վախը հաղթահարելու մյուս ձևը եսակենտրոնությունն ու չարանալն է: |
s-58
| Փակ տարածքի փոքր հաղթանակները իր տեսակի, իր նմանի նկատմամբ: |
s-59
| Բայց «Անմոռուկի փակուղու» հերոսների մեջ այս կերպարները չկան: |
s-60
| Այս հարցադրումներն էլ չկան: |
s-61
| «Անմոռուկի փակուղին» հավաքական և անհատական վախերը հաղթահարելու՞ , թե՞ թաքցնելու մասին է: |
s-62
| Հեղինակի ամփոփումով «Անմոռուկի փակուղին» Հայաստանն է: |
s-63
| Այստեղ «Ժամանակը մեռել է ժամանակների սկզբում» և «մարդիկ այստեղ ծնված օրվանից գիտեն պատասխանները և հարցեր չեն տալիս»: |
s-64
| Այստեղ մենք «չենք ապրում, սպասում ենք կյանքի վերջին: |
s-65
| Մենք շարունակ հետաձգում ենք մահը: |
s-66
| Թե՞ կյանքն ենք հետաձգում»: |
s-67
| Մենք կյանքն ենք հետաձգում: |
s-68
| Բայց ապրում ենք, և դա նույնպես կյանք է: |
s-69
| Ուրեմն հետաձգում ենք այն կյանքը, որը կուզենայինք, որը պիտի… |
s-70
| «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: |
s-71
| Բայց «վաղվա Հայաստանը» չի գալու, այն պիտի բերվի: |
s-72
| Պիտի բերենք: |
s-73
| Իսկ առայժմ վախից թշնամանում ենք միմյանց դեմ, և թշնամանալուց ավելի ենք վախենում: |
s-74
| Վախենում ենք ապրելուց: |
s-75
| Որովհետև ապրելը պատասխանատվություն է: |
s-76
| Փոխելու պատասխանատվություն: |
s-77
| Գրքում ամենուր, բոլոր պատմվածքներում հայկական փակուղային փակ սահմաններում կարճ կամ երկար ընդհարումներ, կռիվներ կան, զոհեր կան… |
s-78
| Եվ եթե չես կարող դրան որևէ կերպ ազդել՝ այդ ամենը կյանքն ինչ որ իմաստով անիմաստ է դարձնում: |
s-79
| Իմաստով անիմաստ… |
s-80
| Թե՞ «անիմաստ իմաստ»… |
s-81
| Կոբո Աբեի ավազների մեջ ապրելուն հաշտված կինն է… |
s-82
| Փակուղին ինչքա՞ն է, 50 մետր, 500, 5000… |
s-83
| Ամենաերկար փակուղում ապրելն էլ նույն ավազների մեջ ապրելուն դատապարտվելն է: |
s-84
| Քանդել, քանդել, քանդել է պետք բոլոր փակուղիները: |
s-85
| Չվերջացող ճանապարհ է պետք, ճանապարհներ… ֆիզիկական, հասարակական, իրական, ոչ միայն զուգահեռ, նաև խաչվող… ճանապարհներ, փակուղուց, թակարդներից ելքեր: |