Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttest
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Հայաստանի, Արցախի ու տարածաշրջանի համար 2021-ի ալեկոծ տարում ՍիվիլՆեթը ևս ստիպված էր անդադար հաղթահարել դժվարություններ ու մարտահրավերներ՝ անելով իր ուժերի ներածն ու նույնիսկ ավելին։
s-2 Սահմանային շարունակվող արյունալի բախումները, ներքաղաքական անկայունությունը, հասարակության, քաղաքականության ու մեդիայի բևեռացումը, տնտեսական ու անվտանգային մարտահրավերները ստիպեցին և շարունակում են ստիպել, որ շատ հաճախ մենք ցատկենք ու գործենք մեր սովորական կարողություններից ու գրպանից անդին։
s-3 Հետպատերազմյան Արցախում ծառացած մարդասիրական ու այլ մարտահրավերներին արձագանքելու մեր համեստ ներդրումն էր Ստեփանակերտում մեր գրասենյակի ու աշխատակազմի ընդլայնումը։
s-4 Իրավիճակում, երբ արտասահմանյան լրագրողների մուտքն Արցախ արգելված է քաղաքական ինչ-ինչ նկատառումներով, ՍիվիլՆեթի ուսերին բեռն ավելացել է՝ այստեղից տրամադրելու անաչառ ու հայկական տեղեկատվություն, այդ թվում՝ անգլերեն ու ռուսերեն։
s-5 ՍիվիլՆեթը շարունակում է մնալ միակ լրատվամիջոցը, որը բյուրո ունի Արցախում։
s-6 Շատ շուտով Ստեփանակերտի մեր գրասենյակում կրթական-աշխատանքային անկյուն կունենանք տեղի դպրոցականների ու ուսանողների համար, որոնք կստանան լրագրության, լուսանկարչության և վիդեոմոնտաժի հմտություններ ու նաև կթղթակցեն՝ բարձրաձայնելով իրենց շուրջ տեղի ունեցող ամեն լավ ու վատի մասին։
s-7 Հետպատերազմյան Հայաստանում անվտանգային մարտահրավերները թակեցին հատկապես Սյունիքի դռները։
s-8 Երևանյան մեր թիմը բազմաթիվ անգամ եղավ ճակատամերձ դարձած գյուղերում, առաջին ձեռքից լուսաբանեց սահմանային զինված բախումները, ներկայացրեց մարդկանց պատմություններն ու խնդիրները, քշեց ճանապարհներով, որ դժվար է անվանել ճանապարհ, որոնք միակ կապն են շրջափակման մեջ հայտնված գյուղերի համար։
s-9 Լրիվ շարքից դուրս եկավ մեր մեքենան, բայց՝ ոչ մենք։
s-10 Հոկտեմբերին գրասենյակ բացեցինք նաև Գորիսում՝ ընդլայնելու մեր գործունեությունը այստեղ ու մարզում։
s-11 Մենք ուշադրության կենտրոնում պահեցինք տարածաշրջանային զարգացումները։
s-12 Թուրքիայի մասին ամփոփումներին ավելացրինք Ադրբեջանի, Իրանի ու Վրաստանի մասին շաբաթական խորքային ամփոփումները, բազմաթիվ հարցազրույցներ վարեցինք այս երկրների գործիչների ու փորձագետների հետ։
s-13 Մենք սկսեցինք կրթական նոր հաղորդում, ուշադրության կենտրոնում պահեցինք առողջապահության խնդիրները, հատկապես՝ Կովիդ-19 համավարակի թեման, դրա շուրջ շարունակվող ապատեղեկատվությունը։
s-14 Մենք ստեղծեցինք փաստերի ստուգման ստորաբաժանում՝ CivilNet Check, որն առավել համակարգված է անդրադառնում ապատեղեկատվությանը, կեղծ լուրերին, որոնք իսկապես խարխլում են Հայաստանի ժողովրդավարության առանց այն էլ խախուտ հիմքերը։
s-15 Մենք հրապարակեցինք բազմաթիվ հետաքննական նյութեր, որոնք բացահայտում են տարբեր պաշտոնյաների ու գերատեսչությունների չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները։
s-16 Մենք դատի ենք տվել Բնապահպանության և ընդերքի պետական տեսչությանը՝ պահանջելով տրամադրել հանքարդյունաբերական ընկերություններում նրանց իրականացրած ստուգումների ակտերի մասին մեր հայցած տեղեկատվությունը։
s-17 Մենք դատական կարգով կառավարությունից պահանջում ենք տրամադրել Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկի՝ իր բաժնեմասը կառավարությանը փոխանցելու նվիրատվության պայմանագիրը։
s-18 Սա Հայաստանի հետհեղափոխական կառավարության ամենամութ գործարքներից մեկն է, և մենք հետամուտ ենք բացահայտելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերն այստեղ։
s-19 Ազգային խնդիրները, մշակույթը, Սփյուռքը շարունակել են մնալ մեր լուսաբանման կենտրոնում։
s-20 Մենք ընդլայնել ենք արևմտահայերենով մեր հաղորդումների շարքը։
s-21 Ընդհանրապես, մենք ավելացրել ենք անգլերենով և ռուսերենով մեր բովանդակությունը։
s-22 Մենք ուշադրության կենտրոնում ենք պահել կանանց հավասարության հարցը, փոքրամասնությունների խնդիրներն ու առհասարակ մարդու իրավունքները։
s-23 ՍիվիլՆեթը երբեք որևէ քաղաքական օրակարգ չի սպասարկել ու շարունակում է հավատարիմ մնալ հանրային շահին։
s-24 Ապատեղեկատվության ու քաղաքական խորացող բևեռացման պայմաններում մենք բազմապատիկ ջանք ենք ներդնելու մարդկանց անաչառ տեղեկատվություն ու խորքային վերլուծություն տրամադրելու համար։
s-25 2022-ը, ինչպես երևում է, ոչ պակաս լի է լինելու մարտահրավերներով։
s-26 Հուսանք, որ նոր տարում դրական լուրերը վերջապես գերակշռող դառնան։

Text viewDownload CoNNL-U