s-1
| Արդեն աջից ու ձախից ավելի հաճախ է բարձրաձայնվում, որ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի և Նիկոլ Փաշինյանի կառավարման միջև այլևս տարբերություն չկա։ |
s-2
| Համամիտ չեմ, ահագին տարբերություններ կան։ |
s-3
| Վերոնշյալ զույգը նորանկախ Հայաստանի առաջին տարիների պատմությունը՝ հաջողություններն ու հաղթանակները, սեփականաշնորհում էր, անհաջողությունները վերագրում Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ Նիկոլ Փաշինյանի կեղծելու և խեղաթյուրելու հնարավորությունները լայնարձակ են՝ մի ողջ երեսնամյակ է նրա «ոտքերի տակ» ու ոնց ուզում է՝ կոխկռճում է։ |
s-4
| Ճիշտ է, ինքն ասում է՝ ինքն էլ իրեն հերքում է, հետո իր հերքածը հաստատում է, հետո նորից է հերքում, հետո՝ միաժամանակ և՛ հերքում է, և՛ հաստատում է, բայց դե՝ կարիք չկա իրար խառնվելու, պրպտուն հեղափոխական է՝ հնարավորություն է տալիս «հպարտ քաղաքացիներին», որ իրենք կողմնորոշվեն, թե ո՛րը սուտ ասաց, ո՛րը ՝ ճիշտ։ |
s-5
| Պետության առաջին դեմքի լուսանկարների «պատադաջումն» առանձնակի դաժանությամբ քննադատող Նիկոլ Փաշինյանի վարչապետացումից հետո պարզվեց, որ ինքն էլ դեմ չէ՝ ընթացիկ «մեծ առաջնորդի» լուսանկարի բազմացմանը՝ դրանից բխող սովետահոտ հետևանքներով։ |
s-6
| Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կա. Փաշինյանի ենթականերին իրենց գլխավերևներում շեֆի լուսապայծառ պատկերի մեխումը հոգու ճիչի արդյունք է, ոչ թե պարտադրանք՝ ի տարբերություն նախկինների։ |
s-7
| Իսկ թե ինչու է բոլոր ՔՊ-ականների հրավառ հոգիները միաժամանակ ու միանման ճչացել, գիտությունը դեռևս չի պարզել այդ առեղծվածը։ |
s-8
| Բայց կպարզի. հոգեբուժությունը նորանոր բարձունքներ է նվաճում՝ չվհատվեք։ |
s-9
| Դե, ցուցարարներին քաշքշելը, ոստիկանատներ քարշ տալը «բարի, գեղեցիկ ավանդույթ» է, «հեղափոխական» Փաշինյանը դրանով ոչ մեկիս չի զարմացնի։ |
s-10
| Բայց ա՛յ ՝ վերոգրյալ հնարամիտ զույգի մտքով չի անցել հպարտությամբ ու բացեիբաց հայտարարել, որ ակցիաների ժամանակ բարձրախոսից օգտվելը արգելվում է օրենքի ողջ խստությամբ, մեծն աննախադեպն այստեղ էլ նրանց «շախ» արեց։ |
s-11
| Իսկ որ այսուհետ «Փաշինյան Նիկոլ» անուն-ազգանունը բերանացի արտասանելիս պարտավոր ենք անպայման ընդգծել, որ սույն անձնավորությունը վարչապետ է, սա էլ դասական «մատ» է սովետակոմկուսական հարուստ անցյալ ունեցող զույգին։ |
s-12
| Բայց սա դեռ բոլորը չէ՝ ապագա կա՛ , ՀՀ հպարտ քաղաքացիներ, և այդ խոստումնալից ապագայում հուրհրում է «մեծարգո»-ն։ |
s-13
| Չե՞ք ասի՝ մեծարգո վարչապետ, զգո՛ւյշ եղեք, «անզգույշ» քաշքշվել կա, երկու կրակոցով ինքնասպանություն կա։ |
s-14
| Վերևում արդեն ասացի՝ ահագին տարբերություններ կան նախկինների ու ներկա «հեղափոխականների» միջև, այնպես որ՝ թեման սպառված չէ։ |