s-1
| Արդեն մեկ ամսից ավելի է` ողջ աշխարհը հետևում է Ուկրաինային, կարդում Ռուսաստանի զորքերի ներխուժման մասին լուրերն ու տեսնում ուկրաինական քաղաքների ավերվածությունների ու զոհերի պատկերները։ |
s-2
| Կարդում ու տեսնում է նաև, թե ինչպես են արձագանքում պատերազմին տարբեր պետությունները, միջազգային կառույցները, հայտնիներն ու բիզնեսը։ |
s-3
| Իսկ պատերազմը շարունակվում է։ |
s-4
| Ամեն մի լուր կապվում է պատերազմի համատեքստին, անգամ եթե պատերազմի մասին չէ։ |
s-5
| Ասենք, պրեմիերա է կամ մրցույթ, միևնույն է այդ լուրը ստանում է հատուկ կարգավիճակ՝ դառնալով պատերազմի մի մաս։ |
s-6
| Մարզիկներն ու աստղերը, գիտնականներն ու նույնիսկ պետությունները այլևս չեն կարող լինել չեզոք, նրանցից պահանջվում է լինել կողմ։ |
s-7
| Եվ այդ իրենց կողմ լինելու մասին լուրն է առաջինը մեջբերում մեդիան։ |
s-8
| Դա է հետաքրքիր ու դա է պահանջված տեղեկատվական միջավայրում։ |
s-9
| Այլ ոչ թե մրցույթը, ստեղծագործությունը կամ գիտական հայտնագործությունը։ |
s-10
| Չեզոք լինելը հնարավոր չէ, քանի որ դա հավասար է անբարոյական կեցվածքի։ |
s-11
| Հենց հիմա մարդիկ են մահանում, հողին են հավասարվում տները, քաղաքները, և ինչպե՞ս կարելի է լինել չեզոք։ |
s-12
| Արդյունքում ստեղծվում է բարդ ու հազարավոր հանգույցներով տեղեկատվական կծիկ, որն ավելի է ծավալվում ու ուռճանում՝ ներգրավելով անգամ լրիվ անտեղյակ կամ ինֆորմացիայից միտումնավոր խուսափող մարդկանց։ |
s-13
| Այսպիսի գլոբալ տեղեկատվական մթնոլորտ երբեք չի եղել։ |
s-14
| Ռուս-ուկրաինական պատերազմն ամբողջովին փոխեց կյանքը։ |
s-15
| Եվ ոչ միայն կռվի մեջ ներգրավված մարդկանց, այլև բոլորի։ |
s-16
| Բոլորն են դերակատար, պասիվ թե ակտիվ, բայց այս պատերազմի մասնակից են։ |
s-17
| Կարծես հսկայական էկրանի վրա տեղի է ունենում «Պատերազմ» կոչվող ուղիղ ու հատուկ եթերը, որը դիտում են բոլորը, սակայն յուրաքանչյուր դիտող ընկալում է այն յուրովի՝ կախված իր նախասիրություններից, իր մեջ դրոշմված մշակութային ու պատմական կոդերից և իր հայրենիքում տարվող պրոպագանդայի ուժգնությունից։ |
s-18
| Եվ նշանակություն չունի, թե դա ինչ պրոպագանդա է՝ ամեն գնով (նույնիսկ մահվան) ծնկից վեր կենալու համոզմունք, ինչպես Ռուսաստանում է, թե պատժամիջոցների օղակի ստեղծում հանուն դեմոկրատական արժեքների, ինչպես միախմբված անում է Արևմուտքը։ |
s-19
| Ռուս-ուկրաինական պատերազմը բացեց այնպիսի անդունդներ ու առաջ քաշեց այնպիսի քարոզչական հնարքներ, որոնք վաղուց արդեն անցյալում էին ու համարվում էին անընդունելի՝ իրենց պարզունակությամբ։ |
s-20
| Ռուսաստանը անթաքույց անցնում է խիստ գրաքննության, իսկ պատերազմը Ուկրաինայում համարում գրեթե սխրանք, որով հարկավոր է հպարտանալ։ |
s-21
| Գումարած դրան՝ ձերբակալում նրանց, ովքեր կողմ չեն պատերազմին։ |
s-22
| Այսինքն, պահանջում է, որ իր քաղաքացիները ասեն «Այո՛ պատերազմին»։ |
s-23
| ԱՄՆ նախագահը առանց վարանելու Ռուսաստանի նախագահին անվանում է «մսագործ», որին իշխանությունից պետք է զրկել։ |
s-24
| Նա առանց վարանելու ընտրում է այնպիսի հանրային ուղերձ, որը ենթադրում է էլ ավելի կտրուկ պատասխան։ |
s-25
| Այսինքն, ռազմական հռետորաբանությունը ավելի է ուժգնանում ու սկսում է իշխել ամեն տեղ։ |
s-26
| Ուկրաինայում, օրինակ, կան մարդիկ, որոնք ողջունում են ցանկացած քայլ, որը թուլացնելու է ռուսական զորքը, հետևաբար նաև գոհ են, որ Ադրբեջանը դիրքեր է գրավում Արցախում։ |
s-27
| Ստացվում է, որ այն երկիրը, որի վրա հարձակվել են, ողջունում է մեկ այլ հարձակվողի։ |
s-28
| Եվ ուզում է պատերազմը ոչ թե ավարտվի, այլ տարածվի։ |
s-29
| «Պատերազմ» կոչվող հատուկ օպերացիան անընդհատ համալրվում է էսկալացիայի նոր կոչերով՝ դառնալով առօրյա աշխարհի համար։ |
s-30
| Ուղիղ եթեր, որը ոչ մի րոպե չի անջատվում ու որի վերջը չի երևում։ |
s-31
| Եթե մեզ վատ է, թող վատ լինի բոլորին. թերևս այսպիսի ուղերձներն են շատանում։ |
s-32
| Ու նորմ է դառնում խոսելը, որ պատերազմը կարող է լինել արդար գործ, սովորական մի բան։ |
s-33
| Պատերազմը առօրյա է։ |
s-34
| Միայն պատկերացրեք, թե դա ինչ է նշանակում։ |
s-35
| Դա նշանակում է, որ խաղաղության մասին խոսելը (թեկուզ կիսաձայն) արդեն ընդունելի չէ։ |
s-36
| Խաղաղությունը դառնում է թույլերի զբաղմունք։ |
s-37
| Ուժեղները հարձակվում են։ |
s-38
| Կամ սպասում են հարձակման իրենց հերթին։ |
s-39
| Սովորաբար, մենք տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել։ |
s-40
| Ընդունում ենք այն ճշմարտությունը, որը մեզ թվում է ավելի հոգեհարազատ և որը կարող է մեզ բնութագրել որպես ազգ, համայնք կամ քաղաքացի։ |
s-41
| Ու ընդունում ենք այն կողմը, որի հետ պատրաստ ենք մեզ նույնացնել։ |
s-42
| Եվ եթե հիմա ընտրությունը զոհի ու դահճի միջև է, ապա դա ընտրություն չէ։ |
s-43
| Դա ընդամենը արտակարգ ռեժիմի պայմաններում փորձելն է պատասխանել գոյաբանական հարցերին, որ գոնե ամոթի զգացումը չդառնա միակ զգացումը։ |
s-44
| Չեզոք լինել պարզապես չես կարող՝ թեկուզ միայն այն պատճառով, որ ցանկացած բարդ հարցի (աղետի ու ողբերգության, բռնության ու սպառնալիքի) պատասխանը մեկն է՝ պետք է հումանիստական լուծում։ |
s-45
| Պետք է փորձել մնալ մարդ։ |
s-46
| Կարեկցել, վերապրել, օգնել ու պատմել տեսածի մասին։ |
s-47
| Որ աշխարհը (նույնիսկ ամենաապահով ու ինքնաբավ երկների անտարբեր քաղաքացիները) ևս տեսնեն, կարեկցեն, վերապրեն, օգնեն։ |
s-48
| Թերևս երբեք այսքան կարևոր չի եղել լսարանի արձագանքը։ |
s-49
| Արտակարգ տեղեկատվական դրության մեջ հայտնվելով, բոլորս խոսում ենք միայն պատերազմի մասին։ |
s-50
| Ընտրում ենք, թե պատերազմողներից որն է ավելի ընդունելի։ |
s-51
| Կամ որ պատերազմական ճակատն է բացվելու հաջորդիվ։ |
s-52
| Կամ էլ հավատում ենք, որ կարելի է պատերազմել հանուն խաղաղության։ |
s-53
| Նունե Հախվերդյան Լրագրող, արվեստի քննադատ |
s-54
| Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Media.am-ի տեսակետների հետ: |