s-1
| Իրեն ճանաչեցի, երբ երիտասարդ էր, նիհարակազմ, և հայացքը, չգիտես ինչու, հաճախ վերևներին էր ուղղված: |
s-2
| Գեղեցիկ էր: |
s-3
| Մինչ այդ գիտեի իր մի ստեղծագործությունը, որն այն տարիներին հաճախ հաղորդում էին ռադիոյով: |
s-4
| Դա «Քնարական պոեմ» սիմֆոնիկ երկն էր: |
s-5
| Սիրում էի այդ գործը: |
s-6
| Այդ տարիների 15-16 տարեկան ունկնդիրս հազիվ թե կարողանար քիչ թե շատ հիմնավորել իր այդ զգացումը: |
s-7
| Ստեղծագործությունը վերձիգ-ներշնչուն մի մեղեդիով էր սկսվում, և դա նոր հնչողություն էր Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ մտածողությանը սովոր երաժշտասերիս համար: |
s-8
| «Քնարական պոեմի» այդ «վերձիգ-ներշնչունը» ինձ համար մարմին առավ, երբ առաջին անգամ տեսա երկի հեղինակին՝ կոմպոզիտոր Ջիվան Տեր-Թադևոսյանին. մտերիմները նրան Ջոնիկ էին ասում՝ այդ մասին հետո պիտի իմանայի: |
s-9
| 17 տարեկան տղա էի: |
s-10
| Ամառ էր, և եկել էի Սվերդլովի փողոցում գտնվող բակի՝ իրար գլխի կուտակված տասնյակ տներից մեկում ապրող իմ ավագ բարեկամ կոմպոզիտորի տուն: |
s-11
| Ջոնիկը ևս ապրում էր Սվերդլովի փողոցի հար և նման մի տանը, հանդիպակաց մայթին: |
s-12
| Պատահական զուգադիպությամբ այդ ժամանակ նա ևս եկավ իմ (հետո պարզվեց՝ նաև իր) բարեկամ կոմպոզիտորի տուն՝ հայացքը վերևներին, խոսեց, չնստեց։ |
s-13
| Սենյակում գնաց-եկավ, հետո դաշնամուրի բաց ստեղնաշարի երկու ծայրերի ստեղներին մի-մի մատով ծլնկացրեց ու, կարծես առանց իր հարցին կարևորություն տալու, ասաց ինձ. |
s-14
| «Ի՞նչ ինտերվալ ես լսում»: |
s-15
| Այդ հանկարծակի միկրոքննությունն ինձ անակնկալի բերեց… «Քնարական պոեմ»... |
s-16
| Նիհարակազմ ու գեղեցիկ երիտասարդ Ջիվան Տեր-Թադևոսյան… |
s-17
| Եվ մի միկրոքննություն, որը տեղի է ունենում հենց այնպես, և իմ պատասխանը ոչ մեկին առանձնապես չի հետաքրքրում… |
s-18
| Ահա այսպես ամառային մի գեղեցիկ օրվա կարճ մի պահի առիթ ունեցա ծանոթանալու անձամբ իր հետ: |
s-19
| Հետո պիտի իմանայի, որ այդ տարիներին Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենն էր, և տարիներ անց պիտի իմանայի նաև, որ կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանը շատ կարևորում էր նրա գործունեությունը այդ պաշտոնում՝ համարելով, որ այս տեսակ վարչական-կազմակերպական աշխատանքը մեծապես նպաստում է երիտասարդ ստեղծագործողների անհատականության ձևավորմանը: |
s-20
| Հետո պիտի իմանայի նաև, որ ջութակահար է եղել և քանի՜ -քանի տարի նվագել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում (այն տարիներին, երբ ես սիմֆոնիկ համերգներ էի հաճախում, նա այնտեղ արդեն չէր նվագում): |
s-21
| Շատ հետո պիտի իմանայի, որ սիմֆոնիկ նվագախմբի կարողություններին հասու, դրա հսկայական ձայնակայքին տիրապետող կոմպոզիտոր էր և այդ փորձը կուտակել էր նվագախմբում աշխատելու տարիներին: |
s-22
| Այն ժամանակներում ընդունված էր ասել, որ սիմֆոնիկ նվագախումբ տիրապետող երևանցի երկու կոմպոզիտորներն են Ղազարոս Սարյանը և Ջիվան Տեր-Թադևոսյանը: |
s-23
| 1950-ականների վերջերին սիմֆոնիկ համերգներից մեկի ավարտին հնչեց Ջիվան Տեր-Թադևոսյանի թիվ 1 սիմֆոնիան: |
s-24
| Մեր երաժշտական կյանքում երբևէ նման հաջողություն չեմ հիշում: |
s-25
| Անօրինակ մշակութային իրադարձություն էր: |
s-26
| Այդ օրերին օդը կարծես լցված էր սիմֆոնիայի անսովոր ռիթմերով, պարադոքսալ խաղի արտասովոր հնչողական վայրիվերումներով, լույսի ու մութի՝ մեզանում մինչ այդ չեղած համադրությունների դրամատուրգիական հագեցածությամբ… |
s-27
| Քանի՜ -քանի տարի երիտասարդ հեղինակներիս համար նրա սիմֆոնիան մնաց իբրև ստեղծագործական բարձունքի չափանիշ մեզանում: |
s-28
| Սիմֆոնիայի առաջին կատարման այն երեկոն իմ հիշողության մեջ մնում է իբրև հայ երաժշտության նշանակալից օրերից մեկը: |
s-29
| Կարճ ժամանակ անց այս սիմֆոնիան հնչեց նաև Մոսկվայում՝ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների համամիութենական ստուգատեսի համերգաշարի վերջին համերգին: |
s-30
| Երևանյան համերգի փայլուն հաջողությունն այստեղ ևս ուղեկցեց կոմպոզիտորին: |
s-31
| Այդ երեկո ես Ջոնիկի հետ էի, քայլում էինք դեպի համերգասրահ. նա լուռ էր, ներամփոփ: |
s-32
| Լեցուն էր համակ սպասումով ու խորը թաքցված հուզմունքով: |
s-33
| Այդ երեկո Ջոնիկը Պ. Ի. Չայկովսկու անվ. մեծ համերգասրահ մտավ որպես մայրաքաղաքային երաժշտասերին քիչ հայտնի հեղինակ և այնտեղից դուրս եկավ որպես համամիութենական ճանաչման արժանացած կոմպոզիտոր. վկա՝ լսարանի հսկայական խանդավառությունը: |
s-34
| Համերգից հետո ես տեսա, թե ինչպես նա ելավ արտիստական մուտքից՝ շրջապատված ինձ անծանոթ մի խումբ մարդկանցով, որոնք նրան նստեցրին այն ժամանակներում խիստ հարգի սև «Վոլգա» և տարան… |
s-35
| Փոքր-ինչ ուշ իմացա, որ մեծանուն Շոստակովիչը նրան առաջարկել էր սովորել իր մոտ՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայի իր դասարանում: |
s-36
| Հրաժարվել էր: |
s-37
| Բայց մշտական բնակության տեղափոխվեց Մոսկվա։ |