s-1
| Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևի մեր մեկնությունը |
s-2
| Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ս.թ. հունվարի 15-ի գրառումը, ավելի ճիշտ՝ ներքաղաքական վիճակի՝ նրա սեղմ բանաձևումը դարձյալ միավորեց օրվա իշխանությանն ու ընդդիմությանը։ |
s-3
| Զավեշտական և հիստերիկ արձագանքների պակաս չկա։ |
s-4
| Սակայն նրանց հանգիստ կթողնենք, որովհետև արձագանքների արձագանք գրելն անշնորհակալ գործ է, մանավանդ՝ արձագանքողների ինտելեկտուալ և հոգեկան ներուժը հաշվի առնելով։ |
s-5
| Ուստի անհրաժեշտ ենք համարում ընթերցողներին ներկայացնել մեր մեկնաբանությունը, թեպետ Լ. Տեր-Պետրոսյանի ասածն առավել քան հստակ է։ |
s-6
| Եվ այսպես, ի՞նչ է ասում ՀՀ առաջին Նախագահը։ |
s-7
| 1. Փաշինյանի թիմը ձգտում է պահպանել իշխանությունը, իսկ քոչարյանականներն ու սարգսյանականները՝ այն զավթել։ |
s-8
| Երկու ճամբարներն էլ միջոցների մեջ խտրություն չեն դնում։ |
s-9
| Կարծում ենք այս պնդման բանալի արտահայտությունը «միջոցների մեջ խտրություն չդնելն» է։ |
s-10
| Պարզաբանենք։ |
s-11
| Հայաստանը 2020-ի խայտառակ պատերազմից և պարտությունից հետո, բացի մարդկային և տարածքային կորուստներից, մեծագույն կորուստ ունի։ |
s-12
| Այն քաղաքական է։ |
s-13
| Այսինքն՝ մենք կորցրել ենք քաղաքական որոշումներ կայացնելու մեր ինքնուրույնությունը և անգամ փորձ չենք անում այն վերականգնելու համար։ |
s-14
| Ինչո՞ւ ։ |
s-15
| Որովհետև երկրի ներսում ապացուցեցինք, որ դա մեզ պետք չէ։ |
s-16
| Ապացուցեցինք՝ 2021-ի ամռանը ձայն տալով Փաշինյանին, որի պատճառով տարածքներ կորցրինք, հազարավոր զոհեր տվեցինք և կանգնած ենք պետականությունը ոչնչացնելու շեմին, և քոչարյանական ու սարգսյանական ընդդիմությանը, որը 1998-ից ի վեր հայ հասարակությանը թունավորել է ոչմիթիզականության վիրուսով և երկիրը մոտեցրել պատերազմին։ |
s-17
| Մի խոսքով՝ ընտրողները երկրի ղեկը վստահեցին այն մարդկանց, որոնք ապացուցել են՝ պետությունը նրանց համար արժեք չէ, կարևորը իշխանությունն է, այն էլ՝ սեփական բարեկեցությունն ապահովելու համար։ |
s-18
| 2. Հետևաբար հանուն իշխանության այս մարդիկ միջոցների մեջ խտրություն չեն դրել և չեն դնելու, որովհետև նրանց համար հայկական պետականությունը բնավ նշանակություն չունի. նրանք պայքարում են որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից կուսակալի կամ գուբերնատորի աթոռ ստանալու համար։ |
s-19
| Կարծում ենք՝ անթաքույց է դրսի ուժերին ծառայելու մոլուցքը։ |
s-20
| Չե՞ք հավատում. կարդացե՛ք ղազախական դեպքերի արձագանքները։ |
s-21
| Ի վերջո, այս ճամբարների էլիտաները համոզված են՝ նոր աղետի դեպքում իրենք կգտնեն ճողոպրելու պահը, ընտանիքներով կլքեն երկիրը, և իրենց երեխաները բայրաքթարների տակ չեն մնա։ |
s-22
| Կարծում ենք՝ հասարակության մի ստվար զանգված նույնպես չի հասկանում, թե ինչ նոր աղետների մասին է խոսում Լ. Տեր-Պետրոսյանը։ |
s-23
| Անհեռատես, ընչաքաղց և իշխանատենչ «էլիտայի» պատճառով արդեն շատ բան ենք կորցրել և շարունակում ենք կորցնել ամեն օր։ |
s-24
| Անհամարժեք, նեղմիտ իշխանությունը և ընդդիմությունը այդպես էլ չհասկացան, թե որ խնդիրներն են կարևոր երկրի համար։ |
s-25
| ԱԺ-ի գավառական, անպատասխանատու թատրոնը երկուստեք ձեռնտու է, որովհետև կողմերին ձերբազատում է պատասխանատվությունից։ |
s-26
| Իսկ երկրի սահմաններին կանգնած են 18-20 տարեկան պատանիները, կանգնած են՝ առանց պաշտպանական կառույցների, հակաօդային պաշտպանության, զենքի և հագուստի մասին էլ չենք խոսում։ |
s-27
| Դժվար է չհամաձայնել Լ. Տեր-Պետրոսյանի հետևյալ մտքին. |
s-28
| «Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է»: |
s-29
| Այո՛ , սա նրանց պարտականությունն է, քանի որ նրանց ձեռքին է երկրի ղեկը, քարոզչական և ֆինանսական ռեսուրսները։ |
s-30
| Կրկնենք՝ սա պարտականություն է։ |
s-31
| Բայց արդյո՞ք նրանք հասկանում են՝ ինչ է պարտականությունը, ինչ ելք է անհրաժեշտ պետությանը, ոչ թե անձնապես իրենց։ |
s-32
| Պատասխանենք՝ չեն հասկանում։ |
s-33
| Արդյո՞ք այն մտավորականությունը, որի ներկայացուցիչներն ամեն օր հայտնվում են հեռուստաէկրաններին կամ համացանցում, հասկանում է, որ չպետք է այս կամ այն ճամբարի ծառան լինի։ |
s-34
| Պատասխանենք. չի հասկանում։ |
s-35
| Ուստի, ելքի որոնումը, այնուամենայնիվ, մտածող մարդկանց իրավունքն ու պարտականությունն է։ |
s-36
| Չի կարելի պետության ճակատագիրը թողնել միջոցների մեջ խտրություն չդնողների հույսին։ |