s-1
| «Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը. միջազգային հանրությունը ձեզնից պատասխան է ուզում, չի ասում՝ ինչ պատասխան։ |
s-2
| Նա իր անելիքը գիտի»։ |
s-3
| «Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել։ |
s-4
| Չհասկանալ այս պարզ իրողությունը կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների»։ |
s-5
| «Պետք է իրատես լինել և հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը»։ |
s-6
| Երեք մեջբերումներն էլ Լևոն Տեր-Պետրոսյանից են. առաջինը նա ասել է 28 տարի առաջ՝ 1993-ի հունիսի 14-ին, Ստեփանակերտում, երկրորդը գրել է 1997-ի նոյեմբերի 1-ին՝ 24 տարի առաջ, «Պատերա՞զմ թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում, իսկ երրորդը ասել է 1998-ի հունվարի 8-ին՝ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։ |
s-7
| Տեր-Պետրոսյանն, իհարկե, միակը չէր, որ խոսում էր այս մասին։ |
s-8
| Վերջին 20-25 տարիների ընթացքում այս ահազանգը հնչեցնողներ էլի են եղել։ |
s-9
| Քիչ են եղել, բայց եղել են։ |
s-10
| Զգուշացրել են, որ անհեռանկար, սադրիչ, սեփական հնարավորություններին անհամաչափ քայլերն աղետի են հանգեցնելու։ |
s-11
| Ասել են, որ չպետք է անտեսվեն միջազգային հանրության պահանջներն ու առաջարկները։ |
s-12
| Ասել են, որ պետք է լինել իրատես, հրաժարվել մաքսիմալիստական ծրագրերից, օր առաջ գնալ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ճանապարհով և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, ինչից, առաջին հերթին, Հայաստանն է շահելու։ |
s-13
| Նրանց ձայնը, սակայն, չի լսվել, խլացել է ռազմահայրենասիրական աղմուկի մեջ։ |
s-14
| Իսկ այժմ, երբ նախազգուշացված արհավիրքը փաստ է արդեն, երբ մեր ժողովուրդն արդեն մատնված է կանխատեսված դաժան փորձությանը, Փաշինյանը հայտնագործություն արածի ոգևորությամբ նոյեմբերի 17-ին ԱԺ ամբիոնից ասում էր. |
s-15
| «Հնարավոր չէ միջազգային օրակարգի հարցերը վերցնել և չափել միայն սեփական արշինով. կարելի է անել դա, բայց դա հաջողություն չի բերի»։ |
s-16
| Ապա՝ «Արցախի հարցում մենք չենք կարողացել բանակցային գործընթացի արդյունքում հաջողություն ունենալ, որովհետև մեր ընկալումները ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար»։ |
s-17
| Փաշինյանը, որ միջազգային հանրությանն անտեսելու, ամենակոշտ ձևակերպումներով նրանց ու նրանց տարիների աշխատանքը մերժելու գործն իր նիհիլիզմով ու իր կարճատեսությամբ, պոպուլիզմին տուրք տալով ամենաբարձր մակարդակի էր հասցրել, սկսում է գնահատել միջազգային հանրության վճռական դերը մեր ճակատագրում։ |
s-18
| Սկսում է գիտակցել, որ մեր այսօրվա աղետի գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավոր պատճառը, մեր անպատասխանատու ու ամբարտավան վերաբերմունքն է, որ 20-25 տարի շարունակ ցուցաբերել ենք միջազգային հանրության նկատմամբ։ |
s-19
| Իր սխալներից, ինչպես իր նախորդներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, նա, իհարկե, չի խոսում։ |
s-20
| Չի էլ խոսելու։ |
s-21
| Բայց իրականությանը բախվելով՝ ստիպված է ակնհայտն արձանագրել։ |
s-22
| Լավ կլիներ, իհարկե, որ այս պարզ ճշմարտությունը նա հասկանար 2-3 տարի առաջ, երբ ձեռնոց էր նետում միջազգային հանրությանը, երբ ասում էր, թե նրանց 25 տարվա աշխատանքը չի ընդունում, պահանջում էր արված ամբողջ գործը մի կողմ դնել և սկսել իր թելադրած կետից, երբ անիրականանալի պայմաններ էր առաջ քաշում ու, փաստորեն, մերժում բանակցությունները։ |
s-23
| Եթե ժամանակին հասկանար, ապա, անկասկած, կկանխվեր այն աղետը, որ կա այսօր։ |
s-24
| 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում միջազգային հանրությունը լուռ էր։ |
s-25
| 44 օր շարունակ նրանք մեզ սպառնացող աղետը կանխելու ուղղությամբ ծանրակշիռ ոչ մի քայլ չեն արել։ |
s-26
| Սա տարիների մեր ամբարտավանության պատասխանն էր։ |
s-27
| Այն, ինչ նրանք 28 տարի շարունակ անմռունչ ու համբերատար հորդորում էին մեզ անել կամավոր և առանց արյունահեղության, 2020-ին վերջնականապես համոզվելով, որ անհույս ենք, թողեցին, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ իրականացնի պատերազմով։ |
s-28
| Եվ մեղավոր չեն այստեղ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ միջազգային հանրությունը։ |
s-29
| Մենք մեր ցանածն էինք հնձում։ |
s-30
| Այսօր մեր առջև նոր՝ սահմանազատման ու սահմանագծման, ինչպես նաև Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման առաջարկներն են դրված։ |
s-31
| Ավելի քան լուրջ է սա։ |
s-32
| Ճակատագրական վճիռներ պետք է կայացվեն։ |
s-33
| Պատմությունը կրկնվում է։ |
s-34
| Այս անգամ շատ ավելի մեծ արագությամբ։ |
s-35
| Եթե մենք կրկին, ինչ-ինչ անձնական շահեր հաշվի առնելով, ինչպես եղավ 1998-ին, ինչ-ինչ անիրական ցանկություններ կյանքի կոչել փորձելով, ինչպես վարվել ենք վերջին 23 տարիների ընթացքում, ճիշտ չկողմնորոշվենք, ճիշտ հաշվարկ չանենք, վաղն ավելին ենք կորցնելու։ |