s-1
| Միքայել Մինասյան. Հանկարծակի «օբյեկտիվ» դարձածը |
s-2
| Հեղափոխությունից հետո ակտիվացել են շատերը, դրանց թվում՝ քաղաքական ստվերից դուրս եկած Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որի անվան հետ էին կապում 2008 թվականից հետո իշխանական քարոզչական վերահսկողությունը: |
s-3
| Մի քանի հոդվածներով աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին մեսիջներ հղած Մինասյանն այս անգամ արձագանքել է Մարտի մեկի հետ կապված վերջին քննարկումներին և մասնավորապես՝ մարտի 1-ից առաջ սահմանից Երևան զինվորականներ բերելու հարցի վերաբերյալ թեժ բանավեճերին, որոնց կենտրոնում այս անգամ հայտնվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանը: |
s-4
| Եվ ահա մեր «հերոսը» հայտարարում է, թե վերջին 30 տարվա մեր հերոսների հանդեպ «վհուկների որս» է հայտարարվել, որի շրջանակներում էլ «թիրախավորվել է» Կարապետյանը: |
s-5
| Եվ որպեսզի իր խոսքին անաչառություն հաղորդի, մեր «հերոսը» հայտարարում է, թե իր համար հավասարապես հերոսներ են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: |
s-6
| Ընդհանրապես, քաղաքական դաշտը համահարթեցնելու, բոլոր գործիչներին հավասարեցնելու, մի նժարի վրա դնելու ջանքերը նոր չեն: |
s-7
| Այսպես են արել և անում բոլոր նրանք, ովքեր, իրենց մտքին եղած քաղաքական մեսիջը տարածելու համար, փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք որևէ մեկի կողմնակիցը չեն և կամ՝ բոլորին էլ նույն աչքով են նայում: |
s-8
| Այսինքն, կեղծ օբյեկտիվություն են խաղում: |
s-9
| Այս ամբողջ պատմության մեջ ապշելուն այն է, որ նույն բանն անում է ինքը՝ Մինասյանը: |
s-10
| Ապշելու, քանի որ նա զարթնել ու հանկարծ որոշել է «օբյեկտիվ» դառնալ, այն՝ ինչ չէր մինչև այսօր: |
s-11
| Այն, որ Մինասյանի համար Քոչարյանն ու Սարգսյանը հերոսներ են՝ զարմանալի չէ, որովհետև նրանց և հատկապես վերջինիս շնորհիվ է Մինասյանը դարձել այն, ինչ՝ էր, և այն, ինչ կա: |
s-12
| Հարցն այն է, որ այս սուբյեկտիվությունը լղոզելու համար Մինասյանը որպես օգնության կանչ օգտագործում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի անունը՝ հայտարարելով, թե «չի կարելի բարդույթավորվել և Լևոն Տեր-Պետրոսյանին չանվանել հերոս: |
s-13
| Որովհետև նախագահ Տեր-Պետրոսյանը Հայաստանի ղեկավարն է եղել մեր պետության և ժողովրդի համար օրհասական ժամանակներում, լինել-չլինելու երկընտրանքի ժամանակներում: |
s-14
| Եվ, որպես ալեկոծված ծովում հայտնված նավի նավապետ՝ նա և իր թիմը կարողացան նավը բարեհաջող նավահանգիստ հասցնել»: |
s-15
| Այո, մեջբերումը ճշմարտություն է, բայց առավել կարևոր է այն, թե ասողն ով է և ինչի է հենց հիմա դրա մասին խոսում: |
s-16
| Եթե Մինասյանն իրապես օբյեկտիվ է և ոչ թե փորձում է ճշմարտությունը շահարկել, ապա դրա մասին պիտի խոսեր շատ ավելի վաղ: |
s-17
| Այնինչ, տարիներ շարունակ մենք հակառակի ականատեսն ենք եղել՝ տեսել ենք նրան ենթարկվող ԶԼՄ-ների ագրեսիվ հակաքարոզչությունը նախագահ Տեր-Պետրոսյանի դեմ՝ համեմված հորինածին մեղադրանքներով: |
s-18
| Տարիներ շարունակ իշխանական մամուլը և հատկապես հեռուստաընկերությունները չեն խորշել, Մինասյանի ասած՝ «ժողովրդի համար օրհասական օրերը» ներկայացնել որպես «մթի ու ցրտի» տարիներ, տիրաժավորել այն միֆերը, որոնց ստեղծման նպատակը մեկն է եղել՝ անկախության առաջին տարիների բոլոր հաջողություններն անջատել նախագահ Տեր-Պետրոսյանից և վերագրել դրանք այլ անձանց՝ այդպիսով փորձելով նվազեցնել կամ չեզոքացնել Առաջին նախագահի դերակատարությունը կարևորագույն հաղթանակներում և փորձելով վերջինիս ներկայացնել իբրև «Արցախը ծախող»: |
s-19
| Սա եղել է հստակ քարոզչական գիծ, որն ապահովելու համար աշխատել են որոշակի գրաքննիչներ, որոնք ոչ միայն գծում էին «կարելի»-ի ու «չի կարելի»-ի շրջանակը, այլև անգամ մոնտաժներին էին հետևում ուշի ուշով, որպեսզի անգամ մեկ վայրկյան որևէ կադրում նախագահ Տեր-Պետրոսյանը չերևա: |
s-20
| Այնպես որ, ինչպես ասում են՝ ով էլ խոսի այդ թեմայով, դա Մինասյանը չպետք է լինի: |
s-21
| Իսկ ընդհանրապես, որևէ վհուկների որս էլ չկա: |
s-22
| Ընթանում է քննություն, և դրա շրջանակներում բոլորը պետք է պատասխան տան իրենց արածների համար: |
s-23
| Պատասխանատվությունից խուսափելու համար չարժե հանկարծակի հիշել իրականությունը և փորձել շահարկել: |
s-24
| Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ճշմարտությունը հավերժ չես թաքցնի, և այո, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում, գալու է այն օրը, երբ պարզ կդառնա, թե «ով ինչ է արել Արցախի համար, և ով էր իրականում ծախում այն»: |