s-1
| Քոչարյանի փաստաբանը պնդում է՝ դատավորի համար Փաշինյանի արածն անքննելի է |
s-2
| Հունվարի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, վերսկսեց քննել «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության» քաղաքացիական գործը։ |
s-3
| Քոչարյանի քաղհայցը վերաբերում է 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին։ |
s-4
| Դատաքննության մեկնարկին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը դեմ արտահայտվեց նիստի աշխատանքների տեսանկարահանմանը մամուլի ներկայացուցիչների կողմից, որից հետո դատարանի որոշմամբ տեսախցիկները հանվեցին դահլիճից։ |
s-5
| Հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը վիճարկեց փաստաբան Դավիթ Հունանյանին վարչապետի կողմից լիազորագիր տալու հանգամանքը։ |
s-6
| Դատարանը լսեց կողմերին ու գտավ, որ Հունանյանի լիազորությունները պատշաճ են։ |
s-7
| Այնուհետև Հայկ Ալումյանը հայտարարությամբ հանդես եկավ։ |
s-8
| Սկսվեց բանավեճ դատավոր Սերգեյ Սահակյանի ու փաստաբանի միջև, որի ընթացքում նախագահողը պնդեց, թե կողմը սխալ է ներկայացրել իր հայցը, քանի որ «պատասխանողը ամբողջությամբ չի ընտրված»։ |
s-9
| Հայկ Ալումյանը, հիմք ընդունելով դատարանի հայտարարությունները, հայտնեց, թե պետք է բացարկ ներկայացնի դատավորին։ |
s-10
| Նա խնդրեց 20 րոպե ժամանակ, որից հետո ներկայացրեց իր բացարկը։ |
s-11
| Նախ Ալումյանը նշեց, որ դատարանն իր հայտարարությամբ խախտել է օրենքը, ըստ նրա, սակայն, միայն այս հանգամանքը չէ բացարկի հիմքը, այլ այն, որ «պրակտիկայից չբխող պնդումը դատավորը կատարել է պատասխանողի՝ ՀՀ վարչապետի կողմից տրված ոչ օրինական լիազորագիրը լեգիտիմացնելու նպատակով»։ |
s-12
| «Դուք կանխակալ մոտեցում ունեք այս գործով կողմերից մեկի՝ վարչապետի նկատմամբ, որը դրսևորվում է նրա նկատմամբ ոչ քննադատական վերաբերմունքով։ |
s-13
| Ձեզ համար, կարծես, անքննելի է նրա արածը»,- հայտարարեց Ալումյանը։ |
s-14
| Դատավորը լսեց Ալումյանին և գնաց բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հունվարի 13-ին։ |
s-15
| Նիկոլ Փաշինյանը 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում հայտարարել էր, թե «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին»։ |
s-16
| «Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՛ , հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար»,- ասել էր գործադիրի ղեկավարը։ |
s-17
| Վարչապետը ուշադրություն էր դարձրել մարտի 1-ի կամ սահմանադրական կարգի տապալման գործով դատավարության ձգձգումներին՝ մեղադրելով մեղադրվող անձանց պաշտպանական թիմին. |
s-18
| «Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում. ինչի՞ համար են ձգում այդ ժամանակը, որովհետև ոմանք հույս ունեն՝ ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն»,- ասել էր Փաշինյանը։ |
s-19
| Մարտի 1-ի գործով հիմնաքարային հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300.1-ի հակասահմանադրական ճանաչվելուց հետո Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարում էր, թե Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է: |
s-20
| «Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: |
s-21
| Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: |
s-22
| Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում»: |