s-1
| Էլեկտրոնային կառավարության ձևական դրսևորումները |
s-2
| Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն բազմաթիվ էլեկտրոնային կառավարման գործիքներ, որոնք պետք է հեշտացնեն քաղաքացիների կյանքը, պետական համակարգը դարձնեն ավելի թափանցիկ ու հասանելի, ստեղծեն պետական համակարգի ու հանրություն ավելի սերտ կապեր և այլն և այլն։ |
s-3
| Կարող է տարօրինակ թվալ շատերի համար, բայց Հայաստանում էլեկտրոնային կառավարությունը բավականին մեծ և բավականին երկար տարիներ գործող համակարգ է։ |
s-4
| Բայց խնդիրներից մեկն այն է, որ շատ քիչ մարդ գիտե, և ավելի քիչ մարդ օգտվում է տվյալ ծառայություններից ու հնարավորություններից։ |
s-5
| Մյուսն էլ այն է, որ համակարգն արդեն հին է, վաղուց արդեն հարկավոր է արդիականացում, ընդլայնում և զանազան բաղադրիչների միավորում։ |
s-6
| Քանի որ էլեկտրոնային կառավարությունը, փաստացի, շատ ցրված է ու հաճախ միայն թղթի վրա է իրականացվում այն, ինչի համար ստեղծվել է այս կամ այն հարթակը, գոյություն ունեն տիրույթներ, որտեղ կան հստակ, տարիներ ի վեր չլուծվող սկզբունքային խնդիրներ։ |
s-7
| Խոսենք դրանցից մի քանիսի մասին։ |
s-8
| ա. E-draft հարթակը ստեղծվել է շատ լուրջ խնդիր լուծելու համար։ |
s-9
| Մեջբերեմ. «Միասնական կայքի ներդրմամբ ստեղծվել է առցանց հարթակ, որը ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին»։ |
s-10
| Համաձայնեք, որ հիանալի գաղափար է։ |
s-11
| Իսկ ի՞նչ է լինում իրականում։ |
s-12
| Օրինագծերը հրապարակվում են, կառավարությունն ու ԱԺ-ն բացարձակապես ոչ մի ուշադրություն չեն դարձնում կայքում ներկայացված կարծիքների վրա։ |
s-13
| Բայց հարկ եղած դեպքում պետական տիկնայք ու պարոնայք միշտ ունեն ասելու տեղ, թե օրինագիծը ներկայացվել է հանրությանը, լսվել են կարծիքները և այլ պոպուլիստական հայտարարություններ անելու համար։ |
s-14
| Իրականում, տվյալ հարթակը հակառակ դեր է կատարում. թույլ է տալիս իշխանություններին իմիտացնել ժողովրդավարական գործընթացները։ |
s-15
| բ. Էլեկտրոնային ռեգիստրում իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկատվությունը առ այսօր մնում է վճարովի։ |
s-16
| Դրական փոփոխությունն այն էր, որ վերջերս լրագրողների համար այն դարձավ անվճար։ |
s-17
| Սակայն տեղեկատվության ազատության տեսանկյունից նման խտրականությունը շարունակում է մնալ անհասկանալի։ |
s-18
| Առավել ևս, որ սա հակակոռուպցիոն գործիքներից մեկն է։ |
s-19
| գ. Տարիներ առաջ ստեղծվեց ազդարարման համակարգ։ |
s-20
| Այն առաջացրեց բուռն քննարկումներ Ազգային Ժողովում։ |
s-21
| Այնքան բուռն, որ արդարադատության նախարարության կայքում նույնիսկ տեղադրվեց այսպիսի ոչ տրիվիալ վերնագրով նյութ. «Գործ տվո՞ղ », թե՞ ազդարար. Պաշտոնյաների դեմ հաղորդում քաղաքացիները կարող են ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ անանուն, օն-լայն»։ |
s-22
| Ազդարարման կայքում գոյություն ունի վիճակագրություն, ըստ որի մենք տեսնում ենք, որ քաղաքացիները թևերը քշտած ազդարարում են, ու դրա հիման վրա հարուցվում են քրեական գործեր։ |
s-23
| Բայց բացահայտված հանցագործությունների բաժինը դատարկ է։ |
s-24
| Ցավոք, չի ազդարարվում, թե իրականում ինչ է կատարվում այս ոլորտում, հասկանալի չէ, թե արդյոք այս հարթակը իրականում աշխատում է, թե ոչ, որքանով է արդյունավետ և այլն։ |
s-25
| Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք հասկանալի են դարձնում. էլեկտրոնային կառավարման համակարգը պետք է հիմնովին թարմացվի։ |
s-26
| Եվ ամենակարևորը. այն պետք է ձևական բնույթ չկրի։ |
s-27
| Ձևականությունն ու պոպուլիզմը չեն կարող լինել հիմնական քաղաքական վեկտոր։ |