s-1
| Խելահեղ ռիթմերի, զանազան էքստրեմալ խաղերի ուղեկցությամբ հուլիսի 21-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը տոնեց ծննդյան տարեդարձը: |
s-2
| Այս իրադարձությունը կրկնակի հաջողված էր «Allianplace», «The Windrose», «Project 12» և «Նեմրա» խմբերի անկրկնելի կատարումների շնորհիվ: |
s-3
| «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարային մասն ապահովեցին DJ Beatman-ը, Arik K-ը, Lucy Sowa-ն և Big Bro-ն: |
s-4
| Միջոցառումը վարեց դերասան Արսեն Գրիգորյանը: |
s-5
| Երեկոյի ավարտին ծննդյան տոնի հյուրերը վայելեցին տարեդարձի խորհրդանշական թխվածքաբլիթները: |
s-6
| «Յելլ էքսթրիմ պարկ» նախագծի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցյալ տարի խոստացել են աշխարհում ամենաերկար զիփլայն (ZipLine)-ը ստեղծել, սակայն ինժեներական և այլ խնդիրների ի հայտ գալու պատճառով այդ գաղափարը կյանքի չի կոչվել: |
s-7
| «Մինչ մենք փորձում էինք կարգավորել մի շարք հարցեր, հայտարարվեց Դուբայում կառուցվող ամենամեծ զիփլայնի մասին լուրը, իսկ հիմա խոսվում է Հարավային Կորեայում ավելի երկար զիփլայնի բացման մասին: |
s-8
| Ներկայում անում ենք ամեն ինչ, որ այս տարածքում գտնվող մի սարի գլխից հնարավոր լինի թռչել և հասնել մյուս բլուրին: |
s-9
| Դա կլինի 2400 մետր երկարությամբ զիփլայն, և այն կընդգրկվի աշխարհի տասը ամենաերկար զիփլայնների շարքում», ասաց Չիբուխչյանը: |
s-10
| Նա ընդգծեց, որ այս տարի աշխատում են ընդլայնել պարկի ծառայություններն ու ենթակառուցվածքները: |
s-11
| Անդրադառնալով դեպի Ենոքավան զբոսաշրջիկների հոսքին՝ Տիգրան Չիբուխչյանն ասաց, որ նախորդ տարի 55 հազար մարդ է այցելել համայնք: |
s-12
| «Այս տարի նախատեսում ենք 65-68 հազար զբոսաշրջիկի հոսք ապահովել: |
s-13
| Աշխատում ենք մինչև 2025 թվականը Ենոքավան բերել տարեկան 250 հազար զբոսաշրջիկի»,- խոստովանեց նա: |
s-14
| «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի նպատակը Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը: |
s-15
| Այդ նկատառումներից ելնելով՝ այն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով տարածաշրջանում զբոսաշրջության խոշոր կենտրոն դառնալ: |
s-16
| Ակտիվ հանգստի սիրահարները հնարավորություն ունեն «Յելլ էքստրիմ Պարկ»-ում կազմակերպել իրենց ժամանցը՝ օգտվելով էքստրեմալ սպորտի տարբեր տեսակներից՝ զիփլայն (ZipLine), պարագլայդինգ (Paragliding), ռոփ պարկ (Rope Park), քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթևեկություն (Off-road), լեռնահեծանվավազք (Mountain Biking), փեյնթբոլ (Paintball), ձիով արշավներ (Horseback Riding), ինտելեկտուալ, տրամաբանական խաղեր (Rest Area/ Board Games) և այլ ծառայություններից: |