s-1
| Մայիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է որպես Սուրբ Էջմիածնի ուխտի օր: |
s-2
| Տերունի տոնին, երբ հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը, Հայոց Հովվապետի շուրջն էին համախմբվել հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, թեմերում սպասավորող քահանաներ և բազմաթիվ ուխտավորներ: |
s-3
| Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: |
s-4
| Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: |
s-5
| Իր քարոզում Հայր Գարեգինն անդրադարձավ Համբարձման տոնի խորհրդին. «…Համբարձման խորհուրդն այսօր առաքելագործության պատգամ է, որ ամենքիս ուղղում է Քրիստոս: |
s-6
| Քրիստոսի համբարձումը նաև Իր երկրավոր առաքելության ամբողջացումն ու կատարելությունն է: |
s-7
| Քրիստոս երկինք մտնելով ամենքիս ցույց տվեց, որ մենք ևս այնտեղ պետք է գնանք: |
s-8
| Եթե համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե Ս. Հարությունից հետո Քրիստոսի հետ ի՛նչ տեղի ունեցավ, ինչպե՛ս վերամիավորվեց Հայր Աստծո հետ և այդ կատարյալ վերամիավորության պատկերը մեզ համար ի՛նչ է, եթե ոչ կատարյալ հույս մեր իսկ` Աստծո հետ միավորության»: |
s-9
| Պատարագիչը խոսեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առաքելագործության կարևորության մասին: |
s-10
| «…Առաքելագործության տեսիլքով է, որ Քրիստոսի երկու առաքյալները՝ Ս. Թադեոսն ու Ս. Բարդուղիմեոսը, եկան Հայաստան և Քրիստոսի` «գնացե՛ք , աշակերտեցե՛ք , մկրտեցե՛ք » ավետիսն ու պատգամը բերեցին նաև Հայոց աշխարհ: |
s-11
| Այդ նույն տեսիլքով է, որ այստեղ 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորիչը հիմնեց այս Աթոռը՝ առաջին գահակալը դառնալով Սուրբ Էջմիածնի Արարատյան նախամեծար Աթոռի: |
s-12
| Դարեր շարունակ այս Աթոռը դեգերեց, դարեր շարունակ շրջեց, գնաց ուր որ թագավորն էր, ուր որ ժողովուրդն էր, և վերջիվերջո՝ 15-րդ դարում՝ սրանից 577 տարիներ առաջ, Աթոռը վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում: |
s-13
| Ինչպես Թովմա Մեծոփեցի պատմիչն է ասում՝ այն պահին, երբ Արևելյան վարդապետներն ու հավատացյալները հավաքվել էին այստեղ՝ այս Սուրբ Տաճարում, սավառնաթև մի արծիվ գալիս և բազմում է Տաճարի սուրբ խաչի վրա, և դա նշան էր, որ վարդապետները գնան և առաքելագործեն, որովհետև, ինչպես այդ պահին Թովմա Մեծոփեցին է նորից վկայում՝ բացում են Ավետարանը և ընթերցում այն հատվածը, որտեղ Քրիստոս ասում է՝ «այս աշխարհում նեղություններ կտեսնեք, բայց քաջալերվեցե՛ք . Ես հաղթեցի աշխարհին»: |
s-14
| Այս պատգամով է, որ Առաքելական այս Աթոռը 1441 թվականին՝ հենց այս օրը՝ Համբարձման տոնին, վերահաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: |
s-15
| Եվ այդ դարից ի վեր, այդ պահից ի վեր հայոց վարդապետները, եպիսկոպոսաց դասը, ամբողջ ժողովուրդը ձեռնամուխ եղան այս Տաճարի վերաշինությանը: |
s-16
| Եվ մինչև այսօր հայ ազգը հոգևորապես սնվում է հենց այս նախամեծար Արարատյան Ս. Էջմիածնի Աթոռից՝ ստանալով իր մխիթարությունը, իր հոգևոր զարթոնքի սնունդը: |
s-17
| Այս Աթոռը դարձավ ներման, արդարացման և հաշտության Աթոռ», - ասաց Հայր Գարեգինը` հավելելով, որ այսօր այն ևս իր գահակալով շարունակում է առաջնորդել Հայոց Եկեղեցին՝ մարդկանց կյանքի մեջ բերելով ներում, արդարացում և կատարյալ հաշտություն Աստծո հետ: |
s-18
| Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: |
s-19
| Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն առ Աստված աղոթք բարձրացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար: |