s-1
| ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան |
s-2
| Մեկնաբանություն - 24 Փետրվարի 2018, 16:14 |
s-3
| Փետրվարի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Արցախ, որտեղ նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ: |
s-4
| Վիգեն Սարգսյանի արցախյան այցը ուշագրավ է նախօրեին Մոսկվա կատարած այցի ֆոնին: |
s-5
| Սարգսյանը մեկնել էր Կրեմլում հանդիսավոր միջոցառման մասնակցելու, որ կազմակերպել էր ՌԴ նախագահ Պուտինը փետրվարի 23-ի առիթով: |
s-6
| Այդ օրը Ռուսաստանում նշում են Հայրենիքի պաշտպանի օրը: |
s-7
| Կրեմլի ընդունելությանը ներկա են եղել մի քանի այլ պաշտպանության նախարար, այդ թվում Ադրբեջանի: |
s-8
| Միջոցառման հանդիսավոր մասից բացի, այլ տեղեկություն, թե ինչ հանդիպումներ կամ շփումներ է ունեցել Վիգեն Սարգսյանը Մոսկվայում կամ Կրեմլում, չկա, սակայն հատկանշական է Մոսկվայից վերադարձից անմիջապես հետո Արցախ մեկնելն ու Բակո Սահակյանի հետ հանդիպելը: |
s-9
| Արդյոք Վիգեն Սարգսյանը որևէ կարևոր բան է իմացել Մոսկվայում, Պուտինից կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայից, որն անհրաժեշտ է եղել շտապ փոխանցել Արցախի իշխանությանը: |
s-10
| Այդ ամենը տեղի է ունենում Երևանի հանդեպ հավակնության մասին Ալիևի հայտնի հայտարարության ֆոնին, որը պատերազմի հավանականության մասին խոսակցությունների աշխուժացման առիթ տվեց: |
s-11
| Դրանից առաջ եղել էր ԱՄՆ հետախուզության զեկույցը, որում հայտնվում էր Արցախում ռազմական լայնածավալ բախման ռիսկի մասին, միաժամանակ արձանագրելով, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Հայաստանին: |
s-12
| Այդ զեկույցից առաջ ամերիկացիների հետ քննարկումների համար Վաշինգտոն էր մեկնել ՌԴ արտաքին հետախուզության պետ Նարիշկինը: |
s-13
| Օրերս էլ Նարիշկինն աշխատանքային այցով եկել էր Հայաստան: |
s-14
| Միաժամանակ, գրեթե զուգահեռ Բաքու էր գնացել Իրանի պաշտպանության նախարարը, ակնարկելով, որ Թեհրանը չի ողջունի ռազմական լարման ավելացմանն ուղղված քայլերը: |
s-15
| Այդ մաքոքը ինքնին նոր չէ, աշխարհը արդեն մի քանի տարի գտնվում է թեժ բախումների փուլում, որի կենտրոնը Մերձավոր Արևելքը՝ Սիրիան է, որտեղ ռազմական փոխադարձ հարվածների նոր բռնկում է և արդեն գրեթե անհնար է հասկանալ, թե ով ում է հարվածում և ում հետ է դաշնակցում, ով ում հետ ինչ է պայմանավորվում և հետո ով է խախտում պայմանավորվածությունները: |
s-16
| Այդ ամենի ֆոնին, միակ կետը, որտեղ գործնականում առկա է քիչ թե շատ շոշափելի կոնսենսուս ուժային կենտրոնների միջև, դա Հարավային Կովկասն է՝ Մինսկի խմբի ձևաչափը, ներառյալ արցախյան խնդրում ոչ պաշտոնապես ներգրավված միջնորդ-շահառու կենտրոնները: |
s-17
| Միևնույն ժամանակ, սակայն, խորքային առումով իրապես բավական բարդ է ճշգրտորեն արձանագրել, թե փոթորկվող աշխարհում ինչի շուրջ է այդ ուժային կենտրոնների միջև շոշափելի կամ նկատելի կոնսենսուսը, որն է այդ կոնսենսուսային բացառիկ իրավիճակի հենման կետը: |
s-18
| Այստեղ թերևս հնարավոր է միայն ենթադրել, որ եթե կա քիչ թե շատ նկատելի կոնսենսուսը թեկուզ հարաբերական կայունության հարցում, ապա հենակետը գործնականում ներկայիս ստատուս-քվոն է, այլապես տրամաբանությունը հուշում է, որ կամ կոնսենսուս չկա, կամ հակառակ հենման կետով կոնսենսուսի դեպքում ստատուս-քվոն վաղուց ենթարկված կլիներ փոփոխության՝ խաղաղությամբ, թե պատերազմով: |
s-19
| Ըստ այդմ, հայկական կողմի խնդիրը բացառիկ այդ կոնսենսուսային իրողության հենակետը հնարովորինս ամրացնելն է, դրանից ուժային կենտրոնների վարքագծի էական շեղումների հավանականությունը նվազեցնելու համար: |
s-20
| Իսկ դա հնարավոր է անել պարզապես նրանց մոտիվացիոն հիմքերը ամրացնելուն ուղղված քայլերով: |
s-21
| Այդ մոտիվացիոն հիմքերը յուրաքանչյուր ուժային կենտրոնի դեպքում տարբեր են, և ըստ այդմ Երևանից պահանջվում է իսկապես բարդ աշխատանք՝ հնարավորինս ամրացնել մի քանի մոտիվացիոն հիմք միաժամանակ, որոնք երբեմն նույնիսկ իրարամերժ են: |
s-22
| Դա բարդ, սակայն գործնականում ոչ անհնարին խնդիր է, եթե կատարվում են քայլեր Հայաստանում իրավիճակի որակական փոփոխության և պետականության ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսա-քաղաքական ներուժի բարձրացման ուղղությամբ: |
s-23
| Ամենաթեժ դիմակայության մեջ գտնվող ուժային կենտրոններին անգամ անհրաժեշտ է շփման եզր, և մի շարք հանգամանքների բերումով՝ խոշոր հաշվով արցախյան շարժման ռազմա-քաղաքական էֆեկտով այդ կետը վաղուց հանդիսացել է Հայաստանը: |
s-24
| Խնդիրն այն է, որ Հայաստանը ոչ թե փորձի շահագործել շարժման այդ էֆեկտը և «ապրել տոկոսներով»՝ ինչը գործնականում այլևս դարձել է ոչ միայն անհնար, այլ խիստ վտանգավոր, այլ գեներացնել այն և վերածել պետական էֆեկտիվ քաղաքականության, քանի դեռ կա դրա պատմա-քաղաքական շոշափելի հնարավորությունը: |