s-1
| Արդեն երրորդ օրն էր, որ Սիմեոնի հինգհազարանոց զորքը Գայլ գետի հովտով շարժվում էր հարավ-արևելք: |
s-2
| Եվ արդեն երրորդ օրն էր, որ անձրևը չէր դադարում: |
s-3
| Ձիերը երբեմն մինչև ծնկները թաղվում էին լպրծուն ցեխի մեջ, և հեծյալները ստիպված ցած էին գալիս՝ օգնելու և ոգևորելու: |
s-4
| Երբ ճանապարհին որևէ բնակավայր կամ հովվակայան էր երևում, առջևից ընթացող զինվորները շրջվում էին Սիմեոնի կողմը: |
s-5
| Այդ պահերին Սիմեոնը ձգում էր հոգնածությունից կորացած իրանը, գլուխը բարձրացնում, ընդունում այն վստահ ու անտարբերության հասնող հանգիստ կեցվածքը, որը սովորաբար ունենում էր Կոստանդնուպոլսում՝ կայսերական շքախմբի առջևից ընթանալիս: |
s-6
| Նրա հայացքը սահում էր թաց զինվորների վրայով, կորչում Հռոմեական կայսրության անծայրածիր տիրույթներում: |
s-7
| Սիմեոնն առաջին անգամ էր Փոքր Ասիայում: |
s-8
| Ամիսոսը, որտեղ նրանք ափ իջան տասնօրյա բարեհաջող նավարկությունից հետո, նրա վրա լավ տպավորություն թողեց, սակայն այժմ, երբ խորանում էին թերակղզու խորքերը, ավելի ու ավելի էր համակվում կասկածով, որ ոտք է դրել անակնկալներով լի երկրամաս: |
s-9
| Փրփրած գետը, մոխրագույն խավարում կորած հորիզոնն ու լպրծուն գետինը խարխլել էին վստահությունը, սակայն հաջողության և սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատը, որը ծնվել և զորացել էր Ապենինյան թերակղզում՝ լանգոբարդների և Բալկաններում՝ բուլղարների դեմ տարած հաղթանակներով, շատ ամուր էր նստած նրա մեջ: |
s-10
| Նա ռազմի դաշտում պարտություն չէր կրել: |
s-11
| Անցած զինվորական ուղին վերելք էր, զերծ սայթաքումներից և դադարից: |
s-12
| Լինելով պարսիկների դեմ Հերակլիոս կայսեր վարած հաղթական պատերազմների հերոսի թոռ և սենատորի որդի՝ նա զինվորական փայլուն կրթություն էր ստացել: |
s-13
| Տասնութամյա Սիմեոնն արդեն վաշտապետ էր, երեք տարի անց՝ գնդի հրամանատար: |
s-14
| Հատկապես աչքի ընկավ բուլղարների դեմ մղված մարտերում: |
s-15
| Բուլղարները Սիմեոնի փոքրիկ գունդը քշեցին Դանուբի ճահճուտները: |
s-16
| Թշնամին սեղմում էր օղակը, սովն ու ջերմախտը հնձում էին զինվորներին, բայց Սիմեոնն անձնատուր չեղավ: |
s-17
| Մի գիշեր հունական կրակով հրդեհեց շրջակայքը և անցավ հարձակման: |
s-18
| Բարբարոսները խուճապի մատնվեցին, կախարդական կրակն ապշեցրել էր նրանց: |
s-19
| Շփոթի մեջ Սիմեոնին հաջողվեց գերել նրանց առաջնորդին: |
s-20
| Բուլղարները ստիպված եղան հաշտություն խնդրել և, ստանալով իրենց առաջնորդին, հեռացան Հռոմեական կայսրության տիրույթներից: |
s-21
| Սիմեոնի փառքը թնդաց Կոստանդնուպոլսում: |
s-22
| Սուրբ Սոֆիայի տաճարում նրա պատվին պատարագ մատուցվեց: |
s-23
| Խաչված Հիսուսի մարմարյա արձանի առջև ծունր դրած Սիմեոնը զգում էր կայսեր հայրական, ժողովրդի հիացմունքով լի հայացքները: |
s-24
| Սև, պարզ ու համեստ պարեգոտն ու թավ մորուքը նրան հոգևորականի տեսք էին տվել, և եթե չլիներ կողքից կախված սուրը, ապա կարելի էր կարծել, թե եկեղեցու ատյանի առջև վարդապետ ձեռնադրվող երիտասարդ աբեղա էր կանգնած: |
s-25
| Բուրումնավետ խնկի կապտավուն ծխով պարուրված Սիմեոնը կարծես խորհրդանշում էր՝ խարխլվող հզորությունը խաչի և սրի միասնությամբ պահպանել ձգտող Հռոմեական կայսրությունը: |
s-26
| Այժմ, երբ երեք տարի պալատականի խաղաղ կյանք վարելուց հետո կրկին մարտի էր գնում, համակված էր երկակի զգացումով, որը նախկինում երբեք չէր ունեցել: |
s-27
| Անհայտությունն առաջին անգամ նրան վախ էր ներշնչում: |
s-28
| Այժմ նա կյանքից բացի վտանգում էր կորցնել ավելին՝ փառքն ու դիրքը: |
s-29
| Բայց մյուս կողմից էլ պալատական կյանքը՝ կայսեր ու կայսրուհու, նրանց շրջապատող քահանաների, սարկավագների ու սաղմոսերգուների ընկերակցությունը, հոգնեցրել էր նրան: |
s-30
| Լինելով լավ զինվորական, նա վատ պալատական էր: |
s-31
| Չէր խառնվում պալատական բանսարկություններին, կրկեսային կուսակցությունների պայքարին, սենատական դավադրություններին, ինչը նրան թեև ազնիվ մարդու համբավ էր պարգևել, բայց ըստ էության ավելորդ դարձրել պալատում: |
s-32
| Եվ այժմ, երբ կրկին տեսնում էր զինվորների մռայլ, բայց հնազանդ կերպարանքները, զենքերի փայլը, լսում ձիերի վրնջյունն ու զրահների զնգոցը, իրեն վերակենդանացած էր զգում: |
s-33
| Անցած-գնացած օրերի արթնացած կարոտը սեղմում էր կոկորդը, շտապում էր ժամ առաջ հասնել Կիբոսսա ամրոցը, և միայն բնատուր զգուշությունն էր զսպում անհամբերությունը: |
s-34
| Նա հրաժարվել էր կարավանային բանուկ ճանապարհից, ընտրել բնակավայրերից հեռու ընկած այդ ուղին, որպեսզի աննկատ մնար բանակի առաջխաղացումը, անսպասելիորեն հայտնվեր Կիբոսսայի մատույցներում և հանկարծահաս գրոհով մեկ-երկու օրում վերցներ ամրոցը, հիմնահատակ ոչնչացներ պավլիկյան որջը: |
s-35
| Երկարատև պաշարումը նրան վտանգավոր էր թվում, կայսրության փոքրասիական տիրույթները պարբերաբար ասպատակող արաբական հեծելազորն ամեն րոպե կարող էր հայտնվել այդ կողմերում, որոնց դեմ նրա հինգհազարանոց բանակը ոչինչ անել չէր կարող: |
s-36
| Չորրորդ օրը վաղ առավոտյան վրանից դուրս գալով՝ Սիմեոնը զարմանքից քար կտրեց. անձրևը փոխվել էր ձյան: |
s-37
| Զինվորներն այս ու այնտեղ խարույկներ էին վառել, տաքացնում էին գիշերը սառած մարմինները: |
s-38
| Տեսնելով մոտեցող զորավարին՝ նրանք ոտքի ելան, սակայն Սիմեոնին թվաց, թե զինվորներն այդ արեցին պակաս պատրաստակամությամբ: |
s-39
| Նա հրաժարվել էր բարբարոսների վարձկան ջոկատներից, զորքը համալրել հռոմեացի զինվորներով՝ նկատի ունենալով նրանց քրիստոնեական մոլեռանդությունը, և չէր կասկածում իր կազմած բանակի հուսալիությանը: |
s-40
| Սակայն լավ գիտեր, որ վատ եղանակը, հոգնածությունն ու զորավարի անտարբերությունը կարող են ավելի մեծ դժգոհություն առաջ բերել, քան սպասվող դժվարին առաջադրանքը: |
s-41
| Վերադառնալով վրան՝ նա կանչել տվեց վաշտապետներին և նրանց կարգադրեց նախաճաշից հետո իր վրանի առջև շարել բանակը: |
s-42
| Սիմեոնը զորքի առաջ ելավ գլխաբաց: |
s-43
| Քամին ծածանում էր ուսերին նետված թիկնոցի փեշերը, խառնում մազերը, ձյան թաց փաթիլները ձաղկում էին երեսը, լցվում աչքերը, սակայն նա աչքն անգամ չէր թարթում: |
s-44
| — Զավակներս,— սկսեց Սիմեոնը,— ի սեր մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, կայսեր ու հռոմեացի ժողովրդի, մենք պատրաստ ենք անել ավելին, քան անում ենք, պատրաստ ենք կրել ավելի մեծ զրկանքներ, քան կրում ենք: |
s-45
| Դա է մեր՝ զինվորներիս պարտքը: |
s-46
| Կայսրը և ժողովուրդը իրենց բախտը վստահում են մեզ, իսկ մենք հույսը միայն մեզ վրա կարող ենք դնել: |
s-47
| Բոլորդ էլ փորձված զինվորներ եք, գիտեք, որ միշտ էլ կծագեն չնախատեսված դժվարություններ: |
s-48
| Ո՞վ կսպասեր, որ ապրիլին ձյուն կգար և այսպես ցուրտ կլիներ: |
s-49
| Բայց մի՞թե ես ավելի տաք եմ հագնված, մի՞թե իմ ոսկորները չեն զգում այս անտանելի խոնավությունը: |
s-50
| Կասեք՝ ինչո՞ւ չենք գիշերում գյուղում, ինչո՞ւ ենք սնվում չոր հացով, թողած կարավանային ճանապարհը, հարմարավետ իջևանատները, թարմ կերակուրը: |
s-51
| Բայց հեշտացնելով մեր ճանապարհը՝ կդժվարացնեինք մեր առաջադրանքի կատարումը: |
s-52
| Ձեզնից մեկն ու մեկը կհաջողացներ մտնել մի այրի ասորուհու կամ հրեուհու անկողին, իսկ ում հայտնի չէ, թե անկողնում որքան հարցասեր են կանայք և որքան անկեղծ տղամարդիկ: |
s-53
| Կնոջ ականջն ընկած խոսքն ավելի արագ կթռչեր, քան մեր ձիերը: |
s-54
| Զինվորները քրքջացին: |
s-55
| Սիմեոնը հասկացավ, որ խորտակել է երեք օրերի ընթացքում իր և զինվորի միջև գոյացած պատնեշը: |
s-56
| Նա շարունակեց. |
s-57
| — Մեզ ոչ սովորական, սրբազան պատերազմ է սպասվում մեր սուրբ հավատի մաքրության պահպանման համար: |
s-58
| Այդ պավլիկյան կոչվածները այրում են եկեղեցիները, խեղդամահ անում քահանաներին, շնանում տիրոջ պատկերի առաջ: |
s-59
| Սակայն դրանք չեն ամենասարսափելին: |
s-60
| Նրանք գողանում են ուղղափառ քրիստոնյաների օրորոցի երեխաներին և իրենց գիշերային խրախճանքների ժամանակ շրջան կազմելով, այնքան ձեռքից ձեռք նետում, մինչև թշվառ մանուկը շունչը փչում է: |
s-61
| Բանակը զայրույթից պայթեց: |
s-62
| Զինվորները ճոճում էին նիզակները, մոռացած ցուրտն ու դժվարին ճանապարհը՝ պահանջում անմիջապես ճամփա ընկնել: |
s-63
| Սիմեոնը չկարողացավ զսպել գոհունակության ժպիտը: |
s-64
| Թռավ ձիուն, որը ծառան մոտեցրել էր նրան: |
s-65
| Եվ կրկին բանակը, երկար շղթա կազմած, գետի ափով ձգվեց արևելք: |
s-66
| Շրջապատված ծառաներով ու թիկնապահներով՝ Սիմեոնն ընթանում էր բանակի կենտրոնով: |
s-67
| Զորքի առաջ ունեցած ելույթից հետո վրան խաղաղություն էր իջել և այլևս չէր մտածում պավլիկյանների հետ սպասվող կռվի մասին: |
s-68
| Նայում էր գետի պղտոր ջրերին, որոնք ափերին նստած ձյան սպիտակի կողքին ավելի մոխրագույն էին թվում: |
s-69
| Այդ ջրերը հոսում էին Հայաստանից, որն այժմ Արաբական խալիֆայության տիրապետության տակ էր: |
s-70
| Այդքանն էլ բավական էր իր մեջ փրփրած գետի նկատմամբ ատելություն ծնելու համար: |
s-71
| Նրա հիշողության մեջ թարմ էին այն օրերը, երբ արաբական նավատորմիղը լողում էր Կոստանդնուպոլսի մատույցներում: |
s-72
| Խառնակ ժամանակներ էին: |
s-73
| Ունևորները փախչում էին քաղաքից, ստրուկները՝ կողոպտում տերերին, բարբարոսների վարձկան ջոկատները սպառնում խռովություն բարձրացնել: |
s-74
| Առավոտից երեկո ղողանջում էին եկեղեցու զանգերը: |
s-75
| Սուրբ Սոֆիայի և Առաքյալների տաճարները լիքն էին փախստականներով. ժողովուրդն աղոթում էր, օգնության կանչում Աստծուն և բոլոր սրբերին: |
s-76
| Սիմեոնը զօր ու գիշեր պարիսպների վրա էր: |
s-77
| Նման մի օր էլ պահակության ժամանակ պարսպի մոտակայքում նկատեց իր ծառաներից մեկին՝ ձիապան Ներսեսին: |
s-78
| Կապոցն ուսին՝ Ներսեսը փորձում էր դուրս պրծնել քաղաքից: |
s-79
| Սիմեոնը հասավ, բռնեց օձիքից: |
s-80
| Ներսեսը ծնկի իջավ, Սիմեոնի արնակալած աչքերում կարդացել էր իր դատավճիռը: |
s-81
| «Մի սպանիր,— աղաչեց Ներսեսը,— ոչինչ չեմ գողացել»: |
s-82
| Եվ դողդոջուն մատներով քանդեց կապոցը, որտեղ ուտելիքից բացի ուրիշ ոչինչ չկար: |
s-83
| Սիմեոնը կատաղությունից կապտել էր, պաշարման օրերին ապրած տագնապը, կրած անհաջողություններից ծնված զայրույթը լեռնացել էր դավաճան ծառայի դեմ: |
s-84
| «Երկուսով փախչենք,— ասաց Ներսեսը,— մեզ ի՞նչ հռոմեացիներն ու արաբները»: |
s-85
| Սիմեոնը ոտքով խփեց նրա կրծքին: |
s-86
| Ծերունին փռվեց մեջքի վրա: |
s-87
| «Կեղտոտ անասուն,— գոչեց Սիմեոնը,— ինչպե՞ս ես համարձակվում ինձ փախչելու առաջարկ անել»: |
s-88
| Ներսեսը շրջվեց փորի վրա, սողաց նրա կողմը: |
s-89
| Շուրթերին կծու ժպիտ երևաց: |
s-90
| Վրեժ կար այդ ժպիտում: |
s-91
| «Չէ որ դու էլ հայ ես,— շշնջաց նա, և ժպիտը տարածվեց, ողողեց ողջ դեմքը,— մեզ միասին գերեցին Կոստաս կայսեր զինվորները: |
s-92
| Հայրդ ապստամբ Թեոդորոս Ռշտունու բանակում էր, մայրդ ճանապարհին զոհվեց... |
s-93
| Դու շատ փոքր էիր, քեզ որդեգրեց Դոմեստիանոս...»: |
s-94
| Սիմեոնը չզգաց՝ ինչպես իջեցրեց սուրը: |
s-95
| Վրա հասան պահակախմբի զինվորները, նիզակներով խոցոտեցին արդեն շունչը փչած Ներսեսին: |
s-96
| Քանի դեռ քաղաքը պաշարման մեջ էր, այդ ամենը Սիմեոնին թվում էր աննշան պատահար, սակայն, երբ ջախջախված արաբները ետ շպրտվեցին, և նա վերադարձավ պալատական խաղաղ կյանքին, սպանված Ներսեսը վերակենդանացավ հիշողության մեջ: |
s-97
| Եվ այժմ գետի պղտոր ջրերը նրան կրկին հիշեցրին Ներսեսին, կարծես ոչ թե գետը, այլ Ներսեսն էր սողում ընդառաջ, աղմկող ալիքները կրկնում էին նրա խոսքերը: |
s-98
| Եվ հանկարծ թվաց՝ արդեն անցել է այդ ճանապարհով, շատ փոքր էր, նստած էր Ներսեսի շալակին, նրա ուսի վրայից, ինչպես այսօր տեսնում էր հռոմեացի զինվորների թիկունքները: |
s-99
| Պաշարած մտքերից սթափվելու համար Սիմեոնը խթանեց ձին, դուրս եկավ շարքից և քառատրոփ քշեց մոտակա բարձունքը: |
s-100
| Թիկնապահները սլացան նրա ետևից: |