s-1
| Հակառակ բոլոր տոհմերի, մեր ազգությունն այս անգամ սկսվում է նախատատով։ |
s-2
| Այդպես է սովորեցրել պապս։ |
s-3
| Մեր նախատատ Շուշանը հրեղեն սպիտակ ձիով է մտել գյուղ։ |
s-4
| Գլուխը տղամարդավարի փաթաթած է եղել չալմայով։ |
s-5
| Մինչև ծնկները հասնող սապոգների մեջ նախշուն կոթերով զույգ փշտովներ են խրած եղել, կողքերից՝ զույգ դաշույններ։ |
s-6
| Նա սև այծենակաճը ետ է տարել, ու կրծքին երևացել է բարուրած Խեչոն։ |
s-7
| Երբ նա գյուղ է մտել, այնտեղ եղել են մի քանի ցաքուցրիվ խրճիթներ։ |
s-8
| Նախքան մյուս տոհմերի բնակություն հաստատելը, նա գյուղի ամենալավ հողատարածությունները վերցրել է իրեն։ |
s-9
| Այնքան է վերցրել, որ Խեչոն տարիներ հետո ձմռան սկզբից յոթանասուն կովերի գոմաղբը, որպես պարարտանյութ քթոցով շալակել, հանդի մյուս ծայրից լցնելով եկել է մինչև գոմերը, ու գարունը նոր է բացվել։ |
s-10
| Որքան որ Շուշան նախատատի հայտնվելն է եղել խորհրդավոր, այնքան էլ՝ հեռանալը։ |
s-11
| Երբ Խեչոն աշխատող է դարձել, Շուշան նախատատը մի գիշեր նստել է իր սպիտակ ձին ու գնացել անվերադարձ։ |
s-12
| Խեչոն՝ իր հողատարածություններից շատ հեռու հոսող գետից ժայռ ու դաշտեր փորելով, վտակ է բերել, անցկացրել իր հանդերի միջով, տների ներքև փորփրել, հետազոտումներ է կատարել, մինչև որ ջրաղացի համար ամուր, քարե սալիկներով ծածկված տեղ է ընտրել։ |
s-13
| Հետո մի օր ուսանող Սերո հորեղբայրս ջրաղացի շուրջբոլորը ոսկու հանք է որոնած եղել, ու պապս քթի տակ խնդմնդացել է։ |
s-14
| Խեչոն անտառից տասնհինգ ոտնաչափ երկարություն ունեցող հսկա կաղնի է կտրել, շալակն առած բերել, ջրաղացի համար «հոլուղ է շինել»։ |
s-15
| Գետերի երկայնքով տներ է կառուցել՝ քարից ու կաղնուց, իրար կպած, թև թևի։ |
s-16
| Ու պատերի մեջ քառակուսի, պատուհանների նման անցքեր է թողել, որ հարսներն իրար հետ խոսեն, եղբայրները՝ իրարու հասնեն։ |
s-17
| Մեծ օդայի դռան դիմացի պատի ճակատին ձվի դեղնուցով շաղախված կրով գրել. ԱՅՆ, ՈՐ ՍՈՒՏ ԱՍԵ ԿԱՄ ՄԱՐԴՈՒ ԳԵՇ ԱՍԵ ԿԱՄ ՀՅՈՒՐԸ ԽԱՐԴԱԽԵ, ԱՅՆ ԻՄ ՈՐԴԻՆ ՉԼԻՆԻ։ |
s-18
| Մի օր ծերացած Խեչոն տղաներին ու հարսներին հանդ է հանել, ու պարագլուխ անցնելով, քոչարի է պարել։ |
s-19
| Պարելուց հետո գնացել է ջրաղաց, քնել է ու էլ չի արթնացել։ |
s-20
| Հետո պապս քոչարիի մասին պատմելիս, Խեչոյի ասածին, թե. «Քոչարին ռազմական պար է»,— ավելացնելու է. «Քոչարին չմոռանաք, մերոնք այնտեղ այդ պարը որպես առյուծի կաթ էին ըմպում և հիշեք՝ Շուշան նախամոր գալստյան ժամանակ նրա սպիտակ ձիու պոչը արյունոտ էր, ու նա գնաց այդ արյունը մզկիթների պատերին մաքրելու»։ |