s-1
| Օգոստոսի երեսունի առավոտը (իսկ ավելի ճիշտ՝ սեպտեմբերի մեկի, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները) մեր հերոսը փաստորեն դիմավորեց միաժամանակ երկու տարբեր տեղում՝ սեփական տանը և անհայտ մի ծովափում։ |
s-2
| Երեսնիվայր, ծնոտը բազուկին, նա պառկած էր սառը ավազի վրա։ |
s-3
| Վաղ առավոտ էր, արթնացած ճայերը սուր ճիչերով ակոսում էին վաղորդյան օդը։ |
s-4
| Ափի երկարությամբ, ինչքան աչքը կտրում էր, սփռված էին առափնյա մունջ ժայռերի խառը կույտեր, ծովը հանգիստ էր, իսկ ճայերը, կանխագուշակելով հաջող որս, թռչում էին ջրին քսվելով։ |
s-5
| Միևնույն ժամանակ, անհանգիստ շուռումուռ գալով անկողնում, նա բացեց աչքերը և, մի քանի վայրկյան ոչինչ չհասկանալով, նայում էր առաստաղին, մինչև գիտակցությանը հասավ, որ լսում է հեռախոսային զանգեր։ |
s-6
| Լարն այնքան երկար էր, որ ցանկության դեպքում հեռախոսը թևի տակ դրած կարելի էր զբոսնել բնակարանով մեկ, բայց նա երբեք նման ցանկություն չէր ունենում։ |
s-7
| Այդ թուլությամբ տառապում էր կինը, հատկապես սիրում էր գիշերը հեռախոսը մահճակալի կողքին դնել։ |
s-8
| Ինչ խոսք, դա պատճառաբանված թուլություն էր, որովհետև, եթե հեռախոսի խելքին փչում էր զրնգալ ուշ գիշերին կամ վաղ առավոտյան, ապա խոսափողը վերցնելու համար նախասենյակ էր ուղևորվում ոչ թե ամուսինը, այլ ամենահաս կինը։ |
s-9
| Այնպես որ, գիշերային զբոսանքներն ի վերջո ձանձրացրին կնոջը և նրան հազիվ թե կարելի էր մեղադրել մեկ տասնյակ մետր հեռախոսալար շռայլելու համար։ |
s-10
| Բայց այդ առավոտ երկտեղանոց մահճակալի լավագույն կեսը դատարկ էր (կինը երեխաների հետ գնացել էր ամառանոց), իսկ հեռախոսը զրնգում էր ուղիղ ականջի տակ։ |
s-11
| Փոքր-ինչ զարմացած նա մտածեց, որ քնահարամ անողը, ասես նախապես իմանալով, որ նա կծուլանա քարշ գալ նախասենյակ, զանգահարելուց առաջ եկել, հեռախոսը դրել է մահճակալի կողքին. փաստը մնում էր փաստ, որ հեռախոսը, կնոջ մեկնելու օրից ի վեր, գտնվում էր նախասենյակում։ |
s-12
| Ինչևէ, այս ամենը նա մտածում էր ոչ թե որևէ բացատրություն գտնելու նպատակով, այլ պարզապես ժամանակ էր շահում, հուսալով, որ զանգերը կդադարեն։ |
s-13
| Բայց զանգահարողն ավելի համառ էր, և նա ճարահատյալ բարձրացավ արմունկի վրա, փորսող տվեց դեպի մահճակալի լավագույն կեսը, որը հասկանալի պատճառով սովորականի պես տաք չէր (հետևաբար, ժամանակավորապես պայմանականորեն լավագույնը), մի կերպ ձեռքը հասցրեց լսափողին, ականջին դրեց ու դժգոհ մրթմրթաց. — Լսում եմ։ |
s-14
| Բայց զանգահարողը չխոսեց։ |
s-15
| Մի քանի վայրկյան հապաղեց, ասես զանգահարել էր միայն համոզվելու համար, որ հեռախոսին նա է մոտենալու, և համոզվելով, զգուշորեն (նրան չգիտես ինչու այդպես թվաց) կախեց խոսափողը։ |
s-16
| Որպեսզի քունը վերջնականապես չփախչի, նա որոշեց մոռանալ այդ զանգն ու մեջքի վրա ընկնելով, երանությամբ փակեց աչքերը։ |
s-17
| Իսկապես էլ զանգը մոռացավ, որովհետև իսկույն ևեթ հայտնվեց վերոհիշյալ ծովափում։ |
s-18
| Սկզբում նա հանկարծակիի եկավ, հաջորդ պահին հիշեց մի րոպե առաջ տեսածն ու մտածեց, որ դա երազի շարունակությունն է, իսկ ևս մի քանի վայրկյան անց մտածեց ավելի խելացի՝ երազի մասին խոսք չի կարող լինել, որովհետև ինքը քնած չէ։ |
s-19
| Բայց, քնած թե արթուն, նա նստած էր ծովափին և անհանգիստ ու տագնապած շուրջն էր նայում։ |
s-20
| Սա անհերքելի էր։ |
s-21
| Նա բացեց աչքերը, հանգամանորեն ուսումնասիրեց ննջարանը, հետո իրեն՝ վերմակը բարձրացնելով նայեց թավամազ կրծքին (ընդ որում, հիշեց Նեկտարին, որը բոլորովին վերջերս, այդ տեսարանով հիացած, սարսափած ձևանալով բացականչել էր. «Աստվա՜ծ իմ, որտե՞ղ դնեմ գլուխս»), գոհունակությամբ համոզվեց, որ ինքն այստեղ է՝ վերմակի տակ և նորից աչքերը փակեց։ |
s-22
| Ուզում էր այդ թե ոչ, երազ էր դա թե ոչ, վերջին հաշվով կարևոր էր իրողությունը, իսկ իրողությունն այն էր, որ իրեն նորից գտավ ծովափում։ |
s-23
| Այստեղ ոչինչ չէր փոխվել. ծովն առաջվա նման խաղաղ ծփում էր, ճայերը ետ ու առաջ էին թևածում, բարձրացող արևը տաքացնում էր գիշերվա ընթացքում սառած ավազը, բայց այնուհանդերձ ծովափն արդեն ոչ միայն չէր հրապուրում նրան, այլև վանում ու խրտնեցնում էր։ |
s-24
| Մեղավոր էր մենակության զգացումը և չգիտես ինչպես ծագած ենթադրությունը, որ տեղնուտեղը վերածվել էր համոզմունքի՝ այստեղ մարդկային ոտք չի դիպել ու չի դիպչելու։ |
s-25
| Ցավալի իրողությունը շռայլ գույներով լրացվում ու ամփոփվում էր այն գիտակցությամբ, որ այստեղ սեփական կամքով չի եկել, նաև անհայտ է, թե ինչպես է եկել։ |