Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Խոստացել էր երեխային սպանել հենց ծնվի։
s-2 Ծննդկանին ազատելու համար պիտի ստանար երեսուն ձու՝ կեսը հնդուշկի, թեև նրա տատմերությունը միշտ արժեցել է հավի տասը ձու, և այն հայհոյանքները, որ ստանում է երեխան հետագայում, եթե անկարգ է։
s-3 («Ես քու տատմերը...», հայհոյում են համոզված՝ ում ձեռքն առաջինը դիպավ նորածնին, նրա հատկանիշներն էլ ժառանգելու է)։
s-4 Պտուղը վերացնելն ավելի թանկ էր՝ կանաչ շալ կտորը, որ ստացավ այն օրը, երբ աղբյուրի գլխին հավաքված կանանց մեջ Նախշունը երկտակվեց, ծունկը խփեց գետնին ու ցավից մզզաց։
s-5 Կանանցից երկուսը նրա թևերն ընկած քռքաշ տարան տուն, իսկ պատշարի կնիկ Բավականը մի քանիսին, այդ թվում և Սաթոյին, աչքունքով հասկացրեց, որ իր հետևից գնան։
s-6 Երբ ծննդկանի ցավերը թողնում էին, Սաթոն արանքում իրեն գցում էր դուրս։
s-7 «Հը՞ », ձնով սառած ձեռքերը շփելով սպասողական նայում ու հայացքով լռությունը թրատում էին դռան մոտ խմբված կանայք։
s-8 «Չէ», նետում ու կրնկի վրա հետ դառնալով ներս էր մտնում, մի կում խնձորի օղի գցում, ոտքով ցան լցնում թոնիրը ու աչքերը կսկծացնող ծխից կկոցելով՝ գոռում դռան մոտ կանգնածներին. «Երդիկը բացեք»։
s-9 «Լուսինը կխփի ծննդկանին», արձագանքում էին դրսից։
s-10 Սաթոն ծխից քխկալով ու ջրակալած աչքերը սրբելով մոտենում էր ծննդկանին։
s-11 «Ձիավոր» ա, բացատրում էր տանջանքից նվաղած կնոջը, մի քիչ էլ սպասենք, թե չեկավ, ձեռքս կմտցնեմ կուղղեմ»։
s-12 Վերմակը տպտպացնում էր կնոջ ոտներին, ճակատը շոյում ու աչքերի մեջ նայելով հոգոց հանում. «Մեր ցավն ա՝ պիտի տանենք. ո՞ւմ վրա մուննաթ գանք»։
s-13 Թունդ օղին, որ տվել էին նրան ձեռքերը լվանալու համար, գնալ-գալու արանքում արդեն կես էր արել ու հիշելով վերցրած կանաչ շալ կտորը՝ մտածում էր, որ եթե խոսքի տերը չլինի, կանայք իրեն կսպանեն։
s-14 Շալ կտորը մի քանի ամիս առաջ Հարութն էր բերել կոշկակարի կնոջ խնդրանքով, որ սինու մեջ դրած տանի որդու նշանածին, բայց ծննդկանին խղճալով՝ կոշկակարի կինը համաձայնել էր տալ հենց զրույցի պահին, երբ գյուղի կանայք նոր էին սկսել համոզել, իսկ դերձակը կես օրում բուռդիկ էր կարել, որ Սաթոն հանկարծ չփոշմանի։
s-15 Հետագայում իննսունն անց Սաթոն հարազատներին ու հիշողությունը կորցրած, իր տարրալուծված գիտակցության մեջ ապրածից կպահի միայն այդ կանաչ բուռդիկը և գյուղը տակնուվրա անելով կփնտրի այն. «Բուռդիկս... ո՞վ տարավ, ո՞ւմ տվիք...»։
s-16 Մարդիկ կասեն. «Սնդուկիդ մեջ նայի... անկողնու ծալքերում...»։
s-17 «Է՜ , միամիտ հայ ժողովուրդ, կբացականչի Սաթոն՝ տունն ու գյուղը տակնուվրա անելով, գնա՜ց ... թռա՜վ բուռդիկը, Էրիվանի ճամփին ա... Հարութի սելի մեջ... Գողացան-տարան, էլ ի՞նչ »։
s-18 Իսկ այն ժամանակ՝ Զավենի հացատան տաք ալրահոտի ու քչփչոցի մեջ կանայք առաջարկել էին՝ փորից ազատվել է պետք։
s-19 Ինքն էլ համաձայն էր. «Էրեխու զորությունն ի՞նչ ա, ձեռդ սեղմեցիր քիթբերնին՝ խեղդված ա»։
s-20 Բայց երբ տեսավ, որ ծնվողը մենակ չէ՝ պտուղը զույգ է, հասկացավ, որ իր ուժերից վեր է։
s-21 Եթե մեկը լիներ, էլի ոչինչ, մորը կասեր՝ մեռած ծնվեց, էդպիսի՞ կյանքեր են անցել ձեռի տակով. կյանքումահ դասդասելով գնում է։
s-22 Քանի՜ անգամ... վերջերս էլ էն եթիմ-անտերին օգնեց՝ դարբնի թերհաս աղջկան։
s-23 Մի շաբաթ իր տանը պահեց. թրիքը լցնում էր դույլերը, ասում էր՝ տա՛ր , թափի պասմի վրա, որ վիժեր։
s-24 «Ո՞ւմ ա պետք ժառանգը, որ անընդհատ պիտի հիշեցնի քո ստորացման մասին», համոզում էր աղջկան։
s-25 Բայց երևի դույլերն էնքան էլ ծանր չէին։
s-26 Ինչ խմեցրեց, ինչ կերցրեց՝ ճար չեղավ... երկու գիշեր էլ երկանք դրին փորին. ողնաշարը ճթճթում, մեջքի ոսկորները փխլվում էին, բայց պտուղը չէր պոկվում։
s-27 Հետո պղտոր արնաջրերը հոսեցին. վիժեց, էլի սրա նման յոթ ամսական... առողջ պտուղ էր, տղա՛ ... դարմանի վրա ընկած ղժում էր, ինքը չէր մոտենում, պորտը չէր կտրում։
s-28 Երկու ժամ ղժաց, ձենն աշխարհը բռնել էր, բայց չէր մեռնում։
s-29 Ինքը փախել, մտել էր գոմը՝ մորն ու իր վիժածը երես-երեսի թողած...
s-30 Գոնե կարգին եղանակ լիներ, Հարութը կօգներ՝ Էրիվան, Բայազետ, Արան, մի տեղ մի անզավակ ընտանիք կգտներ՝ կտային, բայց հիմիկվա նման, դեռ ավելի ցուրտ, ձմեռ էր, պտուղն էլ առողջ. պորտն անկտրել, էնքան ճչա՜ց ...
s-31 Ճչոցների մեջ խեղդվեց։
s-32 Էն ժամանակ հեշտ էր, ոչ մի կասկած ու վախ չկար. բոլորը գիտեին, բոլորն էլ տեսնում էին, որ էդ թերհասը երեխա պահող չի, հերն էլ ծերացող, մենակ տղամարդ...
s-33 Ելք չկար. դարբինը նույնիսկ մի պարկ ալյուր էլ ավել էր խոստացել։
s-34 Իսկ էս ծննդկանը բանից անտեղյակ, բերածն էլ՝ զույգ, ու դեռ չծնված էնպես էին ճղվելով ղժում-վնգում, որ նույնիսկ դռնից դուրս լսվում-հասկացվում էր՝ առողջ լաց է։
s-35 Չհաշված Հարութը՝ որ իմացավ, տեղում վզքաշ կանի, գլուխը կշպրտի մի կողմ...
s-36 Կամ էլ կգա գերագույն պատիժը՝ ձին, որին Հարութը թիմարում ու պահում է հատուկ դեպքերի համար։
s-37 Մի անգամ տեսել էր, առավոտ ծեգին, չիմացավ էլ, թե էդ խեղճ-հեսիրն ի՞նչ էր արել... մեկ էլ էն տեսավ, որ Հարութը քացով տվեց ձիու պլորներին, ձին խրտնած պոկվեց՝ հետևից քռքաշ ու քարերին լղզելով տարավ...
s-38 Քարերից լավ դատավո՞ր ։
s-39 Հարցնողներին թե՝ «Ի՞նչ էղավ էն մարդը, որ անցյալ շաբաթ քարաղի տակ թաքցրած բերիր», Հարութը կեսբերան պատասխանեց. «Մերոնցից չէր... գնաց»։
s-40 Էլ ո՞վ կհամարձակվեր Հարութին երկրորդ հարցը տար կամ հաշիվ պահանջեր։

Text viewDownload CoNNL-U