s-1
| Ոչ այնքան հեռավոր 1918 թվականին, երբ շնից շատ ինքնակոչ աղաներ դեռ չկային, այս գյուղում մեն մի աղա կար՝ Լևոն աղեն։ |
s-2
| Հարուստ մարդիկ, ճիշտ է, էլի կային, Լևոն աղից հարուստներն էլ կային, բայց որպես աղա հարգվում էր միայն Լևոնը։ |
s-3
| Աղա էր Լևոնը՝ հոգով, սրտով, իր թասիբ-նամուսով, տո՛ , իր նիստ ու կացով, իր բոյ-բուսաթով, ձի նստելու, զենք բանեցնելու, բաժակ բարձրացնելու իր շնորհքով... |
s-4
| Գիշեր-ցերեկ Լևոն աղի դուռը բաց էր ամեն գնացող-եկողի առաջ, օրը տասը աղքատ էր կշտանում Լևոն աղի հացով. հաց տվող մարդ էր Լևոն աղեն։ |
s-5
| Սով լիներ, դժբախտություն լիներ, թե թշնամի վրա տար, Լևոն աղեն սարի նման էս գյուղի թիկունքին կանգնած էր։ |
s-6
| Իսկ Հրա՜յրը ... |
s-7
| Լևոն աղի չորս որդիներից ավագն էր Հրայրը։ |
s-8
| Առյուծի սիրտ էր կերել Հրայրը։ |
s-9
| Նրա ահից թշնամին էս գյուղից փախ-փախ էր անում՝ ոնց որ լեղաճաք գայլը ազնվացեղ չոբանաշնից։ |
s-10
| Աչք-աչքի տասը տղամարդ չէր կարող չափվել Հրայրի հետ... |
s-11
| Բայց մահը... |
s-12
| Անտեր մնա մահը, գալիս իմա՞ց է տալիս, հարցնո՞ւմ է ով լինել-չլինելդ, հարցնո՞ւմ է տարիքդ ու ցանկությունդ։ |
s-13
| Տասնութ տարեկանից Հրայրը զինվոր էր, Հայաստանում էլ քաղաք ու գյուղ կա՞ր , էլ լեռ ու կիրճ կա՞ր , որտեղ Հրայրը թշնամու դեմ կռված չլիներ։ |
s-14
| Մի հարյուր անգամ մահը ժպտացել ու աչքով անելով անցել էր կողքից։ |
s-15
| Ժպտացել ու անցել էր, որ արյունից ու կռվից հեռու, իր գյուղի աղբյուրի շրթին բռնացներ։ |
s-16
| Մահն էլ Հրայրի հետ դեմ առ դեմ դուրս գալու ռիսկը չէր ունեցել, թիկունքից էր վրա տվել ու շրջվելու անգամ, զարմանալու անգամ ժամանակ չէր տվել իգիթին։ |
s-17
| Լևոն աղի տան բակում ասեղ գցեիր, գետնին չէր ընկնի, էնքան ժողովուրդ էր հավաքվել։ |
s-18
| Դանակը զարկեիր սրտներին, էդքանի միջից մեկի սրտից մի պուտ արյուն չէր կաթի։ |
s-19
| Տղերքը, ճիշտ է, հետապնդել ու շանսատակ էին արել Հրայրի վրա թիկունքից կրակողին (ճանաչել էին, քոռ Ահմադի շներից էր եղել), բայց դրանից ի՞նչ օգուտ, Հրայրի կորստի դեմ դա ի՜նչ սփոփանք էր։ |
s-20
| Լևոն աղե՜ն ... |
s-21
| Խեղճ Լևոն աղա, էլ Լևոն աղա՞ էր մնացել, աշխարհը փուլ էր եկել Լևոն աղի գլխին։ |
s-22
| Ուր էր, էդ սև գնդակն իր թիկունքին առած լիներ ու Հրայրն իրեն գերեզման դներ։ |
s-23
| Անխիղճ աստված... |
s-24
| Գոնե հիմա գութ ունենար, ու իր հոգին էլ առներ։ |
s-25
| Ո՜ւր էր... |
s-26
| Էս աշխարհի չարին ու բարուն անտեղյակ, էս վշտին անհաղորդ, Հրայրի Գևորգ որդին հարմար պահ էր գտել, բարձրացել էր կտուրն ու երկար ներքև նայելուց ձանձրացած՝ խաղ էր մտածել իր համար. թքում էր փոքրիկ մի մրջյունի վրա ու ծնկած սպասում էր՝ արդյոք դուրս կգա՞ ճստիկն էդ մեծ օվկիանի միջից։ |
s-27
| Մրջյունը մաքառում, կենաց մահու կռիվ էր տալիս, ուժասպառ լինելով դուրս էր պրծնում մահվան ճիրաններից ու երևի չհավատալով, որ, այնուամենայնիվ, փրկվել է, այս անգամ էլ է փրկվել, մի պահ շվարած կանգ էր առնում՝ չիմանալով հետո ի՞նչ անել։ |
s-28
| Հաջորդ պահին, երբ փոքրիկ տոտիկները հազիվ շարժելով՝ մրջյունը մի կերպ պոկվում էր տեղից, երեխան նորից էր թքում և ամեն ինչ սկսվում էր նորից։ |
s-29
| Մահու և կենաց կռվի երեք ռազմադաշտ էր թողել մրջյունը թիկունքում, երբ երեխան զգաց, որ խեղճը բոլորովին ուժասպառ է եղել և ուր որ է արդեն հանձնվելու է։ |
s-30
| Չէ, մրջյունի մահը չէր ուզում, ձեռքի ծղոտիկով դուրս քաշեց նրան մահվան երախից ու սպասեց։ |
s-31
| Այս անգամ երկար սպասեց, արդեն ձանձրանում էր սպասելուց, բայց մրջյունը հանկարծ կենդանության նշաններ ցույց տվեց։ |
s-32
| Չէ, էս մրջյունը շատ ամուր էր կառչած կյանքից, և ապրելու նրա համառությունը զվարճացնում էր երեխային։ |
s-33
| Հետաքրքիր էր տեսնել, թե էլ ի՞նչ փորձությունների կդիմանա, ինչքա՞ն կդիմանա։ |
s-34
| Իսկ մրջյունն, ախր, շատ միամիտն էր. մեկ ուրիշը նրա փոխարեն խորամանկության կդիմեր, սուտմեռուկի կդներ, կխաբեր ու կփրկվեր։ |
s-35
| Իսկ սա՝ չէ։ |
s-36
| Իրեն տանջամահ անողի մեծահոգությա՞նն էր հավատում, թե ինչ, խելքը գլուխը եկավ թե չէ՝ շարժվեց տեղից։ |
s-37
| Թե ո՞ւր էր փախչելու, որտե՞ղ էր պատսպարվելու՝ աստված գիտեր։ |
s-38
| Իսկ երեխան այլ փորձություն էր մտածել, մրջյունի չորսբոլորը բարձր հողապատնեշ կապեց ու նրան թողնելով կենտրոնում շվարած-կանգնած, ինքը խնդմնդալով սպասեց՝ հիմա՞ ինչպես է վարվելու... |
s-39
| Այդ պահին, սակայն, ձիու ոչ սովորական, պղնձյա վրնջոց լսվեց, և քրտնաթոր, փրփրակալած բերանով կապտավուն մի նժույգ ծառս եղավ ու ներսից ասես եփ գալով, չհանդարտվելով կանգ առավ Լևոն աղի տան բաց դարպասի առաջ։ |
s-40
| Այստեղ երեխայի խաղն ընդհատվեց։ |
s-41
| Թողնելով մրջյունին՝ երեխան շտապեց ներքև, դեպի կապույտ ձին։ |
s-42
| Ձիավորը, որ լավ լուր էր բերել, որ ձիու հոգին բերանը բերելով շտապել էր րոպե առաջ աչքալուսանք տալ Լևոն աղին, տեսնելով դագաղի սև կափարիչը նրա տան դիմաց, իր ձիու նման ծառս եղավ, ու չգիտես ինչու՝ Հրայրը... վկայեց սիրտը։ |
s-43
| Հետո շվարել մնացել էր դեռևս ոստոստացող ձիու վրա՝ մոռացած ասելիքն ու անելիքը։ |
s-44
| Ժողովուրդը, որ ճանաչել էր բաջազլեցի հայտնի հարյուրապետ Դավթի Վրեժ որդուն, սուսուփուս ճանապարհ էր բաց անում նրա առաջ՝ դեպի Լևոն աղեն։ |
s-45
| Լևոն աղեն... |
s-46
| Ի՜նչ Լևոն աղա՝ քա՛ր , քա՛ր , որձաքար։ |
s-47
| Հազար տարի, միլիոն տարի շանթ ու կայծակ կերած, հազար տեղից, միլիոն տեղից վիրավոր, ներսից հրդեհ, ներսից կրակ, բայց դրսից հպարտ, սառը որձաքար։ |