s-1
| Կոպենհագենի ֆրանսիական գրախանութ-սրճարանը ժամանակին իմ սիրած վայրերից էր։ |
s-2
| Երբ դեռ ասպիրանտ էի, հաճախ գործից շուտ էի դուրս գալիս, որ հասցնեմ մինչև փակվելը մի բաժակ սուրճ խմել։ |
s-3
| Նստում էի պատուհանի մոտ ու գրում ժամերով։ |
s-4
| Էնտեղ են գրվել շուտով լույս տեսնելիք գրքիս պատմվածքներից շատերը։ |
s-5
| Գրվել են նաև լիքը խզբզոցներ՝ որպես իմ կյանքից վռնդված մի տղայից ապաքինվելու միջոց։ |
s-6
| Այդ գրախանութից գնել եմ Պատրիկ Մոդիանոյի գրքերից ու Փոքրիկ Նիկոլայի բացիկներից։ |
s-7
| Փորփրել եմ գրադարակները՝ փնտրելով Ֆուադ Լարուիի՝ Գոնկուր մրցանակ ստացած գիրքը։ |
s-8
| Ու էդպես էլ չեմ գտել։ |
s-9
| Մի անգամ նաև մոռացել եմ քրուասանի համար վճարել, հիշել, վճարել եմ հաջորդ այցելությանս ժամանակ։ |
s-10
| Մի ժամանակ ֆրանսիական գրախանութ-սրճարանն իմ առօրյայի մի մասն էր, բայց միայն մի ժամանակ ու շատ վաղուց։ |
s-11
| Այնուամենայնիվ, շարունակում էի ստանալ նրանց նորությունները ու ամեն անգամ բացում էի մեյլերը, ուշադիր կարդում։ |
s-12
| Ստուգում էի, թե ով է հերթական հյուրը լինելու. մի օր գուցե Ֆուադ Լարուին գա։ |
s-13
| Իսկ մինչ այդ ամեն գրախանութ մտնելիս ֆրանսիական բաժինն էի փնտրում։ |
s-14
| Ֆուադ Լարուիի գրքերը հայտնաբերելը հոբբիի նման բան էր դարձել։ |
s-15
| Արդեն չեմ էլ հիշում՝ գրքերը գտնու՞մ էի ու չէի՞ առնում, թե՞ չէի էլ գտնում։ |
s-16
| Տարօրինակ զգացողություն էր գրողի հետ մի էդպիսի անձնական կապ ունենալը, որից ինքը բնավ տեղյակ չէր։ |
s-17
| Բայց մի օր զանազան մեյլերիս մեջ տեսա գրախանութ-սրճարանի հերթական նամակը. Ֆուադ Լարուին իրենց հաջորդ հյուրն է։ |
s-18
| Ուզում էի Կոպենհագենում լինել այդ օրը, ուզում էի ներկա գտնվել միջոցառմանը, բայց ծրագրել էինք, որ Օրհուսում ենք լինելու։ |
s-19
| Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ Կոպենհագենում հայտնվեցի ու գնացի միջոցառմանը։ |
s-20
| Երևի ներկաներից ամենաերիտասարդը ես էի. մյուսները դանիացի թոշակառուներ էին։ |
s-21
| Անկյունում թաքնված լսում էի, թե ինչպես է Լարուին պատմում իր՝ սև, թե սպիտակ լինելու մասին։ |
s-22
| Խոսում էր ինտեգրացիայից, թե ինչպես արևմտյան մշակույթները լրիվ արհամարհում են արաբական մշակույթը, ու Եվրոպայում ծնված արաբ երեխաները մեծանում են անլիարժեքության բարդույթով, որովհետև իրենց ծնողների մշակույթով հնարավոր չէ հպարտանալ։ |
s-23
| Պատմեց նաև իմիգրանտ լինելու դժվարություններից, թե ինչ ահավոր է, երբ հանկարծ շուրջդ ամեն ինչ անծանոթ է։ |
s-24
| Պատմեց, թե ինչպես երկրաշարժի ժամանակ, երբ հայրը եկել է, որ բոլորին արթնացնի, դուրս տանի, ինքը վեր է կացել, գիրքը վերցրել ու սկսել կարդալ. երկրաշարժն իրեն մեկ էր։ |
s-25
| Ու վերջապես պատմեց, թե ինչպես 2010-ին մի հեռախոսազանգով իրեն հայտնեցին, որ իր՝ «Մի տարի ֆրանսիացիների մոտ» գիրքը ներկայացվել է Գոնկուրի, բայց մրցանակը Միշել Ուելբեքին են տալու։ |
s-26
| Այն ժամանակ Ուելբեքը դեռ հայտնի չէր, բայց լսել էի նրա մասին, որովհետև գնացել էի Ֆրանսիայի դեսպանատան՝ գրական մրցանակների մասին կազմակերպած միջոցառմանը։ |
s-27
| Այն ժամանակ ֆրանսերեն դեռ լավ չէի հասկանում ու միակ բանը, որ հասկացա միջոցառումից, այն էր, որ Ուելբեքի «Քարտեզը և տարածքը» Գոնկուր մրցանակ էր ստացել։ |
s-28
| Այն ժամանակ չէի լսել Ֆուադ Լարուիի մասին։ |
s-29
| Չէի լսել, որովհետև չէի ճանաչում նրա եղբորը։ |
s-30
| Հարցազրույցից հետո տեսա, որ գրքերը վաճառքի են դրված։ |
s-31
| Չկար այն մեկը, որ փնտրում էի։ |
s-32
| Բայց կային գրքեր, որոնք հայտնվել էին վերջին երեք-չորս տարիների ընթացքում, երբ Լարուիի գրական գործունեությանն այլևս չէի հետևում։ |
s-33
| Գնեցի գրքերից մեկը ու մոտեցա, որ ստորագրի։ |
s-34
| Ինչպես միշտ, անունս գրելու դժվարություններ։ |
s-35
| Հարցրեց, թե արդյոք կուզենայի, որ կոնկրետ բան գրի գրքի մեջ։ |
s-36
| Ասացի՝ չէ, բայց ես ձեր եղբորը ճանաչում եմ։ |
s-37
| Ֆոտո արեց, ասաց՝ կուղարկի նրան։ |
s-38
| Ֆոտոյում ես եմ ու Ֆուադ Լարուին, ժպիտները դեմքներիս, գրքերը բռնած։ |
s-39
| Եղբայրը կստանա այդ նկարը որպես պատասխան այն էլեկտրոնային նամակի, որին հինգ տարի առաջ այդպես էլ չպատասխանեցի։ |
s-40
| Գտա այդ անպատասխան նամակը, գտա պատասխանիս սևագիրը. «Ուրախ եմ, որ ստացա նամակդ»։ |
s-41
| Եվ այնքա՜ն շատ էի ուզում մի օր գրել. «Ֆրանսերենը մոռանում եմ, ինչպես քեզ եմ մոռանում»։ |
s-42
| Ու չեմ հիշում՝ գրեցի՞ , թե՞ ոչ. ֆրանսերենը հաստատ ավելի քիչ եմ մոռացել։ |