s-204
| Պիկասոն մեծ թվով կենցաղային իրերի՝ ափսեների, կժերի, ծաղկամանների նկարազարդումներ ունի: |
s-205
| Երեքն էլ շարունակում էին լռել: |
s-206
| Եվ ապա Կատյա հորաքույրն ասաց. |
s-207
| - Միայն քսան այսինչ թվին լուցկու տուփի պիտակ է նկարել: |
s-208
| Դարձյալ լռություն, և հետո հորաքույր Կատյան շարունակեց. |
s-209
| - Եվ, առհասարակ, այն հրդեհից հետո Մարտիրոսը շա՜տ ծուլացավ: |
s-210
| Ես ցնցված էի. անսպասելիորեն մի ահռելի իրականություն բացվեց՝ իր ողջ մերկությամբ: |
s-211
| Մտածում էի. |
s-212
| «Ահա թե ինչպես էին այս տանը իրենց լռության մեջ տանում մեծագույն կորուստը՝ Վարպետի լավագույն նկարների մեծ շարքի այրվելը Փարիզից Երևան ուղարկելու ճանապարհին»: |
s-213
| Իսկ Սարյանի ծուլության մասին արտահայտությունը պետք էր ընդունել ոչ բացարձակ իմաստով: |
s-214
| Ուրեմն, հրդեհը ոչ միայն սարյանական հրաշք նկարներն էր տարել (Փարիզում վրձնած), այլ նաև մի նկատելի բաժին մեծ գեղանկարչի անասելի եռանդից ու բեղմնավորությունից: |
s-215
| Այդ օրը Սարյանների տանն անհանգիստ մթնոլորտ էր. ընտանիքի անդամները սենյակից սենյակ էին անցնում, նկարներ տեղափոխում… |
s-216
| Վարպետն ասաց. |
s-217
| «Ամենակարևորները տարեք»: |
s-218
| Քիչ հետո պարզ դարձավ, որ հյուրեր են գալու, Լոնդոնից են: |
s-219
| Ինչ-որ նշանավոր պատկերասրահի ներկայացուցիչներ: |
s-220
| Ընկալումս այնպիսին էր, թե տան ավագները հասկանում էին՝ ինչ է տեղի ունենում, որին ես անտեղյակ եմ: |
s-221
| Լավագույն նկարները պետք էր փրկե՞լ ... |
s-222
| Ինչո՞ւ ... |
s-223
| Ումի՞ց ... |
s-224
| Արդյոք սա կապ ունե՞ր իր քառասունից ավելի կտավները ոչնչացրած հրդեհից մնացած դառը զգացողության հետ: |
s-225
| Տանից պիտի դուրս գային Վարպետը, տիկին Գալյան (Ղազարոս Սարյանի առաջին կինը): |
s-226
| Եվ այնպես էր որոշված, որ ես նրանց հետ պիտի լինեի: |
s-227
| Չգիտեի՝ ուր ենք գնում, և ինչու ես իրենց հետ պետք է լինեմ: |
s-228
| Ճանապարհին մի կարճ զրույց եղավ, որ տպավորվել է իմ մեջ: |
s-229
| Արդեն փողոցում էինք, երբ հրշեջ մեքենաների չարագուշակ սուլոց լսվեց: |
s-230
| Ի պատասխան ինչի՝ ես սրամտեցի. |
s-231
| - Երևի ինչ-որ տեղ հրդեհ է հանգել: |
s-232
| Վարպետը կանգնեց: |
s-233
| Մենք էլ կանգնեցինք: |
s-234
| Նայեց ձայնի ուղղությամբ ու ասաց. |
s-235
| - Չգիտեն՝ հրդեհը երբ պիտի լինի... |
s-236
| Սպասում են, հետո էլի են սպասում, որ սպասում են՝ հոգնում են, այդ ժամանակ գնում են տուն հանգստանալու: |
s-237
| Հակառակի պես հենց այդ ժամանակ էլ հրդեհն է լինում: |
s-238
| Իմ սրամտությունը մանրամասնելու և դրա հիմքի վրա մի փառավոր սրամտություն ստեղծելու անմիջականությունը հիացնող էր: |
s-239
| Մենք, կարծեմ, իրար լավ հասկացանք ու շարունակեցինք քայլել: |
s-240
| Տիկին Գալյան լուռ էր: |
s-241
| Կարճ մի ճանապարհ անցնելուց հետո հայտնվեցինք Արվեստի աշխատողների տանը: |
s-242
| Ներսում մեծ բազմություն կար, և մեզ դիմավորողն ինձ անծանոթ մեկն էր: |
s-243
| Քիչ հետո պարզվեց, որ այդ անծանոթը Սերգեյ Փարաջանովն էր: |
s-244
| Ուրեմն, եկել էինք մասնակցելու Փարաջանովի հետ Երևանում առաջին հանդիպմանը: |
s-245
| Ավելորդ չի լինի ասել, որ աշխարհահռչակ կինոռեժիսորը երկար ժամանակ կարծում էր, թե ես Սարյանների ընտանիքից եմ, քանի որ այդպիսին էր եղել իր առաջին տպավորությունը: |
s-246
| Շուտով պարզվեցին երեկոյի հետ կապված որոշ մանրամասեր: |
s-247
| Աշխարհով մեկ աղմուկ հանած իր «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը ցուցադրվել էր Երևանի կինոթատրոններում և մեր հանրության ուշադրությանը բոլորովին չէր արժանացել: |
s-248
| Հիմա ինքն է եկել, որ այդ սխալն ուղղի: |
s-249
| Դահլիճում են մեր մշակույթի մեծամեծները, առաջին կարգում Վարպետն ու տիկին Գալյան էին նստած: |
s-250
| Այդ օրը Փարաջանովը պատմեց, որ պատրաստվում է նկարահանել «Նռան գույնը» ֆիլմը: |
s-251
| Իր պահվածքը, ըստ էության, «մեկ դերասանի թատրոն» էր, որտեղ խոսքն ուղեկցվում էր բազմանշանակ դադարներով, մարմնի, ձեռքերի պլաստիկ շարժումները պատմվող նյութն էին, կարծես, փորձում ներկայացնել: |
s-252
| Նոր ծնվելիք ֆիլմի այս տեսակ մի հայտ: |
s-253
| Սրահը, կարելի է ասել, հիպնոսացած էր (հետագայում տեսա, որ հենց այս շարժումներն են ընդօրինակել «Նռան գույնում» նկարահանված դերասանները): |
s-254
| Նայում էի Վարպետին ու տեսնում, որ այս ամբողջն իրեն շատ է գրավել: |
s-255
| Սարյան-Փարաջանով այս առաջին հանդիպումն, անշուշտ, շարունակություն ունեցավ, եղան նոր հանդիպումներ տարբեր առիթներով… |
s-256
| Բայց այս ամբողջի մեջ ինձ համար ամենաակնառուն եղավ այն եզակի գնահատականը, որ Մարտիրոս Սարյանը հետագայում տվեց «Նռան գույնին»: |
s-257
| Եվ դա այն դեպքում, երբ քննադատական ձայներ էին լսվում ֆիլմի հասցեին թե՛ կառավարական վերևներից, թե՛ կինոարվեստից գլուխ չհանող ներքևներից: |
s-258
| Այդ օրերին մամուլում հայտնվեց Վարպետի բարձր կարծիքը «Նռան գույնի» մասին, և նրա այդ խոսքը շատ կարևոր դեր խաղաց Փարաջանովին հարձակվողներից պաշտպանելու առումով: |
s-259
| Առհասարակ, Վարպետը գիտեր լռել: |
s-260
| Տևական լռության միջից իր բերանից հնչած մի քանի բառն այնքա՜ն խորք ու իմաստ ունեին: |
s-261
| Ամենապարզ միտքն անգամ իմաստունի խոսք էր դառնում: |
s-262
| Չգիտեմ որ երկրից Երևան եկած մի նկարիչ շատ էր ուզում, որ Սարյանն իր նկարները նայեր: |
s-263
| Վերջապես Վարպետը գնացել էր, նայել նրա նկարներն ու տուն վերադարձել: |
s-264
| Չգիտեմ տնեցիներից ով էր, հարցրեց՝ ինչպիսի՞ նկարներ էին, ի՞նչ տեսակ նկարիչ էր: |
s-265
| Կարճ ու կտրուկ պատասխանեց. |
s-266
| - Շա՛տ վատ... |
s-267
| Ու մի բանկետ էլ չարեցին, այդ բոլորը մոռանայինք. թաքուն հեգնանքով ակնարկում էր խորհրդային ամեն տեսակի համաժողովներն ու այլևայլ պլենում-համագումարները, որոնցում մեծ-մեծ ճառեր էին հնչում, և դրանց հաջորդող կերուխումները, որոնց ժամանակ մարդկային պարզ խոսք ու զրույց էր ծավալվում, և իսպառ մոռացվում էր քիչ առաջվա խոսքային ճարճատյունը դահլիճում: |
s-268
| Հրաշալի գիտեր մեր ժողովրդի պատմության խորքերից եկած հոգսերը, կորուստները, նաև ձեռքբերումները, կուտակած հոգևոր մեծ արժեքները: |
s-269
| Գիտեր նաև մեր խորհրդային իրականության խոցելի կողմերը: |
s-270
| Մտահոգ էր Արցախի անարդար ճակատագրով (ու պատմում էին, որ երբ իրեն այցելած Վիկտոր Համբարձումյանի հետ առանձնանում էին, իրենց արծարծած թեմաների մեջ մշտապես տեղ էր ունենում նաև Արցախի հարցը): |
s-271
| Գիտեր մեզանում գոյություն ունեցող ռուսական դպրոցների տված կռիվը հայոց լեզվի դեմ (փողոցում տեսել է իր շան հետ ռուսերեն խոսող մի հայուհու և հարցրել. |
s-272
| «Ձեր շունը հայերեն չի՞ հասկանում»): |
s-273
| Այո, այս ամբողջը լավ գիտեր: |
s-274
| Սակայն հրապարակային ելույթներում իր խոսքն առավելաբար նահապետին վայել քաջալերանքի, հուսադրանքի, ժողովրդի ունեցածը պահելու, զարգացնելու բովանդակություն ու շեշտադրություն ուներ: |
s-275
| Նշանակալի կամ տոնական օրերին թերթերում տպագրված նրա ամենափոքր խոսքն անգամ տվյալ իրադարձության խորհուրդին առանձին հանդիսավորության ու արժևորման նոր շերտ էր բերում: |
s-276
| Այդ խոսքը լինում էր միշտ ժամանակին ու սպասված: |
s-277
| Սակայն քաջալերանքի, հուսադրության խոսքը միայն գրավոր չէր լինում: |
s-278
| Երբեմն այցելում էր Նկարիչների միության ցուցասրահում բացված կոլեկտիվ ցուցահանդեսները, բայց եթե երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես էր, կարևորություն էր տալիս իր այցելությանը և անպայման ներկա էր լինում: |
s-279
| Հենց մուտքից, առաջին իսկ նկարը դիտելիս իր շուրջն էին հավաքվում բազմաթիվ երիտասարդներ: |
s-280
| Եվ Վարպետն ու իրեն շրջապատած սկսնակ նկարիչները մեղվի պարսի պես մի նկարից մյուսն էին շարժվում: |
s-281
| Ուշադիր նայում էր ամեն մի նկար: |
s-282
| Գրեթե չէր խոսում, միայն նայում էր: |
s-283
| Մի այդպիսի ցուցահանդեսի բացմանը ներկա եղա 3-4 տարեկան տղայիս՝ Եղիայի հետ: |
s-284
| Տղաս շատ շարժուն էր: |
s-285
| Մի նկարից մյուս նկարի մոտ անցնելիս միշտ Վարպետի առաջ էր կանգնում և ուղիղ նրա դեմքին նայում: |
s-286
| Հերթական նկարին մոտենալիս Վարպետը նկատեց անծանոթ փոքրիկին ու հարցրեց նրան. |
s-287
| - Հայրիկի նկարը ո՞ւր է։ |
s-288
| Մտածել էր, թե նկարիչներից մեկի երեխան է: |
s-289
| Տղաս անակնկալի եկավ ու շտապ պատասխանեց. |
s-290
| - Չկա: |
s-291
| Վարպետը շարունակեց. |
s-292
| - Հայրիկին կասես, թող շատ չմտածի, մի նկար վերցնի բերի, լավ կլինի: |
s-293
| Տղաս գլխով համաձայնության նշան արեց: |
s-294
| Վարպետը մի մեծ խումբ ետևից տանելով՝ անցավ հաջորդ նկարը դիտելուն: |
s-295
| Վարպետի մահից հետո իր տան դռան կողքն աճող թզենին սկսեց չորանալ: |
s-296
| Ղազարոս Սարյանը, իր խոսքին միստիկ երանգ տալով, ցածրաձայն ասում էր. |
s-297
| «Թզենու չորանալը հայրիկի մահանալու հետ է կապված, մեծ ջանքեր գործադրեցինք, որ ծառը կենդանի մնա»: |
s-298
| Ընտանիքի ավագների մյուս աշխարհ գնալուց հետո այդ տանն ապրում էին Ղազարոս Սարյանը, նրա երկրորդ կինը, զավակները: |
s-299
| Թեև ընտանիքի մեծերը չկային, բայց տունը դեռ լեցուն էր: |
s-300
| Հետո ծնողների ետևից գնաց Ղազարոս Սարյանը: |
s-301
| Եղավ մի շրջան, որ ես այցելում էի իմ ուսուցչի այրուն՝ իմ լավ բարեկամ երաժշտագետ Արաքսի Սարյանին: |
s-302
| Նա ևս գնաց… |
s-303
| Երբեմն ինձ համակում է այն օրերի հիշողություններին վերադառնալու կարոտը: |