s-103
| Շռայլ լույսերի և արևոտ կենսասիրությամբ հորդող մեր երկու հսկաների ստեղծագործական կեսօրին հաջորդող մայրամուտն արտահայտվել է ահա այսպես՝ սուղ գծերով, իրենց մեջ իմաստության մի ուրիշ վկայություն բերող գործերով։ |
s-104
| Երեկոյան Մոսկվայի ռադիոյով լսել էի հարցազրույց Շոստակովիչի հետ: |
s-105
| Նույն օրը «Ազատություն» ռադիոկայանը հաղորդեց, որ Ֆրանսիայում մահացել է մեծն Ժորժ Բրակը: |
s-106
| Գնացի Վարպետի մոտ: |
s-107
| Նստած էր ամբողջովին սպիտակ բազկաթոռի մեջ: |
s-108
| Բազկաթոռը մեծ էր, և Սարյանը նրա մեջ փոքր էր թվում: |
s-109
| Մտածեցի, որ նրան կհետաքրքրի ֆրանսիացի մեծ նկարչի մահվան լուրը: |
s-110
| «Բրակն է մահացել, Վարպետ»,- ասացի: |
s-111
| Կարծում էի ափսոսանք արտահայտող խոսք պիտի լսեի նրանից, իսկ ինքն ասաց. |
s-112
| «Ի՞նչ կա զարմանալու»: |
s-113
| «Ա՜յ քեզ արձագանք»,- իր պատասխանի վրա զարմացա ես ու որոշեցի պատմել Շոստակովիչի հարցազրույցի մասին: |
s-114
| Նայում եմ պատին կախված, դեռ ներկը չչորացած Շոստակովիչի դիմանկարին ու դիմում Վարպետին. |
s-115
| «Երեկ Շոստակովիչը ռադիոյով պատմում էր, որ եղել է Ձեր տանը, Դուք իր դիմանկարն եք արել, և որ դա իր լավագույն դիմանկարն է: |
s-116
| Ասում էր, որ Դուք իրեն նկարել եք շատ արագ, ընդամենը մեկ ժամում»: |
s-117
| «Կես ժամում»,- երեխայի անմիջականությամբ հպարտանալու պես ուղղեց Սարյանը: |
s-118
| Նորից եմ նայում Շոստակովիչի դիմանկարին... |
s-119
| Պատմում են, որ Շոստակովիչն իր մանկահասակ դստեր հետ Երևանում էր եղել: |
s-120
| Այցելությունը կապված էր Երևանում մահացած իր տիկնոջ աճյունը Մոսկվա տեղափոխելու հետ: |
s-121
| Օդանավից իջնելուց անմիջապես հետո նրա առաջին հարցն եղել էր. |
s-122
| «Մարտիրոս Սարյանը Երևանո՞ւմ է, դստրիկս անպայման պետք է տեսնի Սարյանին ու նրա նկարները»: |
s-123
| Սարյանը մի նոր նկար էր ստեղծել: |
s-124
| Տանը սպասում էին Վիլհելմ Մաթևոսյանին: |
s-125
| Քիչ հետո հայտնվեց Վարպետի չորուկ ու խստահայաց երիտասարդ բարեկամը: |
s-126
| Երկրորդ հարկում գտնվող արվեստանոցից մինչև առաջին հարկ՝ մուտքի դուռը, ձայներ էին հասնում. |
s-127
| «Վիլի՛կը եկավ, Վիլի՛կը եկավ…»: |
s-128
| Վարպետը սիրում էր իր ավարտած նկարներն առաջինը ցույց տալ իր բարեկամ արվեստաբանին: |
s-129
| Տարիներ հետո, երբ այլևս չկային ո՛չ Սարյանը, ո՛չ Մաթևոսյանը, լույս տեսավ վերջինիս «Զրույցներ Սարյանի հետ» խորագրով նիհարիկ գրքույկը: |
s-130
| Այս գրքում տեսա նրանց բարեկամության ողջ խորքը: |
s-131
| Այդ օրը, սակայն, առաջին անգամ էի դառնում Վիլհելմի անվան առաջացրած աշխուժության վկան: |
s-132
| Վարպետն ու երիտասարդ արվեստաբանը բարձրացան արվեստանոց: |
s-133
| Տեղյակ չեմ, թե ինչ խոսք ու զրույց եղավ նրանց մեջ այդ օրն ստեղծված նկարի շուրջ, բայց երբ Վարպետն ու Վիլհելմ Մաթևոսյանը դուրս եկան արվեստանոցից, վերջինիս դեմքին գոհունակության արտահայտություն կար, խստությունն իսպառ անհետացել էր: |
s-134
| Իսկ երբ տեսա այդ գործը, զարմացած մնացի: |
s-135
| Վարպետի բոլոր նկարներում մշտապես փայլել է արևը՝ հարուստ գուներանգով: |
s-136
| Նրա վրձնի տակ կյանք առած բոլոր մարդիկ, իրերը լույսերի մեջ ապրածներ են եղել… |
s-137
| Բայց ահա մի նկար, որում պատկերված են հողի տակ, մթան մեջ ձևավորված գլուխ սոխեր: |
s-138
| Ուրեմն այսպես՝ տարիքի հետ ալեհեր նկարչի հայացքը ուղղվում է դեպի հողի խորքը… |
s-139
| Զարմանալի է։ |
s-140
| Վիլհելմ Մաթևոսյանի այդ այցելությունը տարիներ հետո մի օր տխրությամբ հիշեցի, երբ այդ նկարը տեսա գեղանկարների մեծ հավաքածու ունեցող մի հայ մարդու լոսանջելեսյան բնակարանում: |
s-141
| Սարյանների տանն աշխատանքը շատ էր հարգված: |
s-142
| Ավանդական այս ընտանիքում ամենակարևոր անձը նա էր, ով այդ պահին աշխատում էր: |
s-143
| Եվ նա բոլորի ուշադրության կենտրոնում էր. |
s-144
| «Ցածր խոսիր, Ռուբենը (Ղ. Սարյանի որդին, ով այն տարիներին կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի ուսանող էր) նվագում է», «Մարտիրոսը մտավ արվեստանոց» (Վարպետը նկարում էր երկրորդ հարկում, և առաջին հարկում գտնվողները պետք է անաղմուկ շարժվեին): |
s-145
| Նկարիչներից եմ լսել. |
s-146
| «Խմբով գնում էինք Հայաստանի այս կամ այն շրջան՝ նկարելու մարդկանց, բնություն: |
s-147
| Առավոտյան ինչքան էլ վաղ արթնանայինք, Սարյանին արդեն սենյակում չէինք գտնում։ |
s-148
| Նա արդեն մեկնած էր լինում նկարելու»: |
s-149
| Աշխատանքի հանդեպ տանը իշխող այս խոր հարգանքը, անշուշտ, գալիս էր նախ և առաջ Վարպետից։ |
s-150
| Գարնան այդ օրը տխուր էր: |
s-151
| Գիշերը ձյուն էր եկել: |
s-152
| Վարպետի այգու ծառերի ծաղիկները ձյան տակ էին մնացել: |
s-153
| Շվարած կանգնած էր սենյակի մեջտեղում: |
s-154
| Քիչ անց բարձրաձայն խոսելով՝ աշխույժ ներս մտավ տիկին Լուսիկը. |
s-155
| - Մարտիրո՛ս , ասում են, եթե ծառերի տակ ծխացող փայտեր դնենք, ծաղկած ծառերը կփրկենք: |
s-156
| Սարյանը ցածր ու հուսահատ ձայնով ասաց. |
s-157
| - Որտեղի՞ց փայտ: |
s-158
| Տիկին Լուսիկը պատասխանեց. |
s-159
| - Այգում լիքը ճյուղեր կան: |
s-160
| Վարպետը նույն հուսահատ տոնով ասաց. |
s-161
| - Ո՞վ պիտի վառի: |
s-162
| Տիկին Լուսիկը իրենց այգեպանի անունը տվեց: |
s-163
| Վարպետն այլևս ձայն չհանեց. լուռ կանգնած էր: |
s-164
| Այդ օրը Վարպետի տանը աշխուժություն էր. հյուրեր կային: |
s-165
| Սարյանը վերջերս էր վերադարձել Մոսկվայից, որտեղ իր ցուցահանդեսն էր բացվել: |
s-166
| Տնեցիներից մեկը քիչ հետո Վարպետին մեկնեց մի ծրար՝ մեջը լուսանկարներ: |
s-167
| Սարյանը հատ-հատ զննում էր լուսանկարները: |
s-168
| Ես կողքից նայում էի: |
s-169
| Ահա ցուցահանդեսի բացման արարողությունը. լուսանկարում մեծ թվով մարդիկ են: |
s-170
| Մի այլ նկարում Վարպետն է Անաստաս Միկոյանի հետ: |
s-171
| Մի երրորդում՝ ինքը և Հովհաննես Բաղրամյանը՝ մի մեծ խմբի մեջ: |
s-172
| Վարպետը երկար նայում էր լուսանկարները, հետո ասաց. |
s-173
| - Ի՜նչ վտանգավոր բան է լուսանկարը: |
s-174
| Բոլորը գիտեն, որ այդ պահին ես այդտեղ եմ եղել: |
s-175
| Տան աշխույժը շարունակվում էր: |
s-176
| Ի դեպ, Ղազարոս Սարյանը ոգևորությամբ մի պատմություն էր պատմում՝ կապված այս ցուցահանդեսի հետ: |
s-177
| Այցելուներից մեկը տպավորությունների մատյանում գրած է եղել. |
s-178
| «Իմ երեխան էլ կարող է այսպես նկարել»: |
s-179
| Մեկ ուրիշն այս գրության տակ ավելացրել էր. |
s-180
| «Ուրեմն, ձեր երեխան հանճար է»: |
s-181
| Ղազարոս Սարյանն իր ծննդյան 50-ամյակն է նշում: |
s-182
| Տանը մեծ թվով հյուրեր կան: |
s-183
| Սեղանները՝ առատ: |
s-184
| Ես ու կինս ևս հրավիրվածների մեջ ենք: |
s-185
| Կինս հղի էր, և դա նկատելի էր: |
s-186
| Մենք իրար կողք նստեցինք: |
s-187
| Տեսնելով կնոջս գեղեցիկ հղիությունը՝ Վարպետը եկավ ու լուռ նստեց նրա կողքը: |
s-188
| Քիչ հետո, երբ սենյակ մտավ Վարպետի կինը, Սարյանը բարձրաձայն ասաց. |
s-189
| - Լուսի՛կ , չե՞ս խանդում: |
s-190
| Կինս շիկնեց: |
s-191
| Այս ընտանիքում մշտական համերաշխության ոգին էր իշխում: |
s-192
| Այստեղ տիրող փոխըմբռնման մթնոլորտը խոր հարգանք էր ներշնչում տան յուրաքանչյուր անդամի նկատմամբ: |
s-193
| Սարյանների տունը, իրավամբ, կարելի էր կոչել սուրբ օջախ: |
s-194
| Եվ այս տունը քանի՜ -քանի տարի հոգևոր կենտրոն եղավ բոլոր նրանց համար, ովքեր այցելում էին Սարյաններին: |
s-195
| Պիտի ուզենայի այս այցելուների շարքում առանձնացնել իմ երկու լավ բարեկամներին, ովքեր այսօր, ավա՜ղ , այն աշխարհում են, բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանին ու գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանին: |
s-196
| Վարպետն այս երկուսին իր տուն էր ընդունում իբրև համերկրացիների (երեքն էլ Նոր Նախիջևանի հայերից էին): |
s-197
| Իմ երկու բարեկամները հպարտությամբ էին նշում այս փաստը: |
s-198
| Հայտնի բան է, որ նահապետական այս տուն այցելում էին նաև աշխարհի մեծամեծ իշխանավորներ, նշանավոր արվեստագետներ, գիտնականներ, ովքեր հյուրընկալվում էին մեր երկրում: |
s-199
| Տան երեք մեծերը՝ Սարյանը, տիկին Լուսիկը, Վարպետի քույրը՝ Կատյա հորաքույրը, և ես նստած ենք սենյակում: |
s-200
| Լուռ են բոլորը, լուռ եմ և ես: |
s-201
| Հետո մտածեցի մի երկու հարց տամ, այս հանդիպման հետ կապված հիշելու բան կունենամ: |
s-202
| Դիմելով Սարյանին՝ հարցրեցի. |