s-4
| Որովհետև գտնում եմ, որ, մեղմ ասած, քաղքենություն է իմաստունի նման ձեռք թափ տալը. որպես թե՝ ոչինչ անել հնարավոր չէ։ |
s-5
| Եվ ուզում եմ սկսել կոնկրետ մի փաստից։ |
s-6
| Կոնկրետ, բայց ոչ բացառիկ։ |
s-7
| Անցած աշնանը ժուռնալիստ ընկերոջս հետ մտանք սրճարան։ |
s-8
| Եվ՝ հետաքրքիր մի տեսարան. մի խումբ ջահելներ, ոտքի վրա, շրջապատել էին մի հարբածի, սովորական մի հարբեցողի և զվարճանում էին. միմյանց հերթ չտալով, որպես թե սրամտում էին, հայհոյում, իր տեղն ու գոյությունը կորցրած այդ խեղճին անպատկառ հարցեր էին տալիս և՝ փոխարենը իրենք պատասխանում, սանրում էին նրա մազն ու մորուքը, փորձում թղթադրամ կպցնել ճակատին... |
s-9
| Վերջը, տխուր մի ներկայացում։ |
s-10
| Մեզ մի կերպ հաջողվեց հարբածին դուրս բերել սրճարանից, մի կերպ հաջողվեց խուսափել ծեծկռտուքից, ջահելների մի մասը գնաց հարբածի հետքով՝ խաղը շարունակելու, իսկ մի քանիսի հետ մենք նստեցինք զրույցի։ |
s-11
| Նրանք մեզ հետ սեղան նստեցին ոչ թե իրենց հայրերի տարեկիցների և ինչ-որ գրողների խոսքը լսելու, այլ ապացուցելու, թե որքան անհարկի էր մեր միջամտությունը։ |
s-12
| Եվ ինչո՞վ էին հիմնավորում դա։ |
s-13
| Նրանով, որ այդ խեղճ մարդը իրենց պահած... որբն է. ամեն օր, ամեն օր դրամ են տալիս նրան, մի բաժակ օղուց մինչև մի շիշ օղու դրամ։ |
s-14
| Եվ, ինչ կա որ, մի անգամ էլ կարելի է մորուքը սանրել։ |
s-15
| Հետաքրքրության համար։ |
s-16
| Մեր զրուցակից ջահելները երկու-երեք տարի առաջ ավարտել էին միջնակարգը, բարձրագույն ընդունվելու երկու-երեք անհաջող փորձ էին կատարել և սպասում էին, որ նոր ամառ գա և՝ նորից փորձեն (և նորից, անշուշտ, ծնողների օգնությամբ) և համոզված էին՝ փորձերից մեկը չէ, մեկը կպսակվի հաջողությամբ։ |
s-17
| Ուրեմն, նրանցից ոչ մեկը ոչ մի տեղ չէր սովորում, ոչ մեկը ոչ մի տեղ չէր աշխատում, բայց... որբ պահելու պատեհություն, շնորհք և կարողություն ունեին։ |
s-18
| — Եթե դուք չեք աշխատում, ապա որտեղի՞ց ձեզ դրամ, որ և ինքներդ եք ծախսում, և օգնում խեղճերին։ |
s-19
| Այս հարցիս ջահելներից մեկը պատասխանեց՝ — Սաղ մնա ատեցս։ |
s-20
| Ահա, խոսքս այդ ջահելների և նրանց «ատեցների» մասին է։ |
s-21
| Ոչ մի տեղ չսովորող, ոչ մի տեղ չաշխատող, ժամանակը անիմաստ սպանող, օր օրի աճող իրենց էներգիան վտանգավոր ձևերով դրսևորող, կասկածելի առօրյայով ապրող այս ջահելների՝ տղաների ու աղջիկների և նրանց թիկունքներին սարի պես կանգնած ծնողների, հայրերի մասին է։ |
s-22
| Երևան քաղաքում որքա՞ն է հաշվվում այս խմբին պատկանող երիտասարդների թիվը։ |
s-23
| Քանի՞ հազար։ |
s-24
| Կարծում եմ, որ այդ հարցին ոչ մեկը ճիշտ պատասխան տալ չի կարող։ |
s-25
| Նույնիսկ՝ մեր վիճակագիրները։ |
s-26
| Սա արդեն որոշակի վերաբերմունք է պրոբլեմի նկատմամբ, իսկ այդ վերաբերմունքը ձեռքը թափ տալն է։ |
s-27
| Եվ հիմա ուզում եմ մի կողմ թողնել այս ջահելներին. նրանց հետ խոսելը դժվար է։ |
s-28
| Մի կողմ թողնել դպրոցները, մանկավարժական կոլեկտիվները, որոնք էն գլխեն և մինչև հիմա իրենց աշխատանքի արդյունքը չափում են բարձրագույն, առաջին հերթին բարձրագույն հաստատությունները ընդունված շրջանավարտների թվով, առանց մտածելու, որ այսօր մեր երկիրը, հասարակությունը, ժողովուրդը ավելի շատ բանվորի ու հողագործի կարիք ունի, քան մասնագետի, իսկ ամենից առաջ, ամենից առաջ՝ ակտիվ քաղաքացու և առողջ հոգով մարդու։ |
s-29
| Մի կողմ թողնենք քաղաքի կոմերիտական ու երիտասարդական կազմակերպությունների հսկա բանակը, որը գաղափարական-դաստիարակչական իր հնացած (հետևաբար՝ նաև անուժ) մեթոդներով այս խմբի ջահելների հոգու հետ խոսել չի կարող։ |
s-30
| Ուզում եմ մի կողմ թողնենք վարչական այն միջոցները, որոնցով պետք է սեղմել օր օրի իր սահմանները սպառնալիորեն ընդարձակող մութ ու վտանգավոր այս օղակը։ |
s-31
| Մի կողմ թողնենք նաև եղած հնարավորությունների ճիշտ օգտագործումը, ասենք թեկուզ, թե ինչու Երևանի բազմաթիվ արհեստագործական ուսումնարանները, չգիտես ինչու, իրենց սաներին որոնում են Երևան քաղաքից դուրս, թողած փողոցներում և սրճարաններում թափառող, տաղտուկ ու մութ կյանքով ապրող երևանցի պատանիներին ու աղջիկներին, արհեստագործական ուսումնարանները հայտարարություններով, մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ վրա-վրա կրկնվող հայտարարություններով և ինչ-ինչ խոստումներ տալով արհեստներ սովորելու են հրավիրում հանրապետության այլ քաղաքների և գյուղերի հազարավոր պատանիների ու աղջիկների։ |
s-32
| Եկեք, մի պահ, այս պրոբլեմը սնող նշված ու չնշված պատճառները մոռանանք և հիշենք, որ ոչ մի տեղ չսովորող, ոչ մի տեղ չաշխատող երևանցի բազմահազար ջահելները ծնողներ ունեն։ |
s-33
| Հայրեր։ |
s-34
| Եվ հիշենք ոչ միայն կամ ուղղակի ոչ թե նրա համար, որ ընտանիքն է երեխաների դաստիարակության առաջին և հիմնական օջախը, մայրը, հայրը, այլ հիշենք, որ այդ հայրը նաև քաղաքացի է։ |
s-35
| Իսկ այդ հասուն, որոշակի սկզբունքների և այսօրվա իրականության տեր քաղաքացին ինչպես և ինչի համար է նախապատրաստում իր հովանու տակ մեծացող վաղվա հասարակության գործուն անդամին, վաղվա իրականության տեր քաղաքացուն, որը տվյալ դեպքում իր որդին է կամ իր աղջիկը։ |
s-36
| Ահա այսպիսի հարցապնդումը ինձ թվում է ճիշտ։ |
s-37
| Կոնկրետ և ճիշտ։ |
s-38
| Հայրը իր աղջկան թող նվիրի ադամանդե մատանի, դա հոր գործն է։ |
s-39
| Դրա համար նրանից հաշիվ չենք պահանջում։ |
s-40
| Իսկ եթե աղջիկը տնից դուրս եկավ, ո՞ւր գնաց և ինչո՞վ է զբաղվում, հասարակական կյանքին մասնակցո՞ւմ է և ինչո՞վ ու ինչպե՞ս ... |
s-41
| Դրա համար արդեն նրանից՝ նորելուկ, բայց ադամանդակիր քաղաքացու հովանավոր հասուն քաղաքացուց հաշիվ եմ պահանջում։ |
s-42
| Հայրը իր որդուն թող հագցնի մոդայիկ կոշիկ և նրա «ոտքի տակ դնի» ավտոմեքենա, դա հոր գործն է։ |
s-43
| Իսկ եթե այդ ջահելը մեքենան դեպի ո՞ւր է քշում, ո՞ր կողմի վրա... դրա համար՝ արդեն հաշիվ եմ պահանջում։ |
s-44
| Հայրը ամեն առավոտ իր որդու գրպանը թող թղթադրամ դնի՝ «օրվա ծախսի փող», դա հոր գործն է։ |
s-45
| Իսկ թե պարգև ստացած դրամը ջահելը որտեղ և ինչպես է ծախսո՞ւմ ... դրա համար ես հաշիվ եմ պահանջում։ |
s-46
| Այսպես ուրեմն, մենք իրավունք չունենք խառնվելու հայրերի գործերին, բայց հայր-քաղաքացիները թե ինչպիսի նորելուկ քաղաքացիներ են դաստիարակում, դրա համար պետք է պատասխան տան։ |
s-47
| Բայց պատասխան պահանջող կա՞ ։ |
s-48
| Եվ պատասխանող կա՞ ։ |
s-49
| Իսկ եթե հանկարծ պատասխան են տալիս, արդեն շատ ուշացումով, այն ժամանակ միայն, երբ զավակներն արդեն հանցագործներ են։ |
s-50
| Ահա։ |
s-51
| Այս երևույթը ճիշտ հասկանալու համար, այս պրոբլեմին մոտենալու համար, մեր վիճակագիրներն ու սոցիոլոգները, հապա, թող բարի լինեն պարզել նախ ոչ մի տեղ չսովորող, ոչ մի տեղ չաշխատող մեր քաղաքի տղաների ու աղջիկների ճիշտ թիվը և ապա, նրանց ծնողների, հայրերի սոցիալական պատասխանատվությունը։ |
s-52
| Մեկ առ մեկ։ |
s-53
| Եվ շատ հետաքրքիր մի պատկեր կբացվի։ |
s-54
| Կպարզվի, որ այդ ջահելների հայրերը, համարյա բոլորը, արդեն իրենց կարիերաների բարձրակետերում են և, ուրեմն, իրականությանը, մեր կյանքի ընթացքին տոն տվողներ։ |
s-55
| Եվ այստեղ արդեն ջահելներին կարելի է թողնել հանգիստ և հավաքել ծնողներին՝ բռնել հայրերի փողպատը։ |
s-56
| Կպարզվի հանկարծ, որ այդ մարդկանց փողպատը միշտ էլ թափ ենք տվել։ |
s-57
| Բայց ինչի՞ համար... |
s-58
| Պլանները չկատարելու համար։ |
s-59
| Աշխատանքում թերանալու համար։ |
s-60
| Նրանք բոլորը, բոլորը անշուշտ, աշխատանքային անհատական պլան ու պարտականություն ունեն՝ միամսյա, եռամսյա, տարեկան և դրա համար միշտ էլ պատասխան են տվել և պատասխան են տալիս։ |
s-61
| Կպարզվի հանկարծ, որ նրանցից շատերը իրենք են հաշիվ պահանջող և իրենք են հաշվետու կոլեկտիվների պլանների ու պարտավորությունների համար։ |
s-62
| Եվ կպարզվի, որ բոլորը, անխտիր բոլորը, երբևէ նկատողություն ու պատիժ են ստացել պլանները թերակատարելու համար։ |
s-63
| Եվ կպարզվի նաև, որ նրանցից ոչ մեկը երբեք և ոչ մեկի հաշվետու չի եղել, թե ինչու է իր տանը պորտաբույծ աճում, ինչու՞ է իր որդին կամ աղջիկը հանրային կյանքից դուրս, ինչու՞ է իր զավակը պղտորում հասարակական կյանքի մթնոլորտը։ |
s-64
| Իսկ եթե այնպես պատահի, որ մի օր այդ բոլոր հայրերի աշխատանքային պլաններն ու պարտավորությունները ծալենք-դնենք մի կողմ և նրանց (ամեն մեկին առանձին-առանձին) հարց տանք,— ինչու՞ ձեր որդին չի աշխատում,— այդպես մենք միջամտած՞ կլինենք այդ հոր և նրա ընտանիքի այսպես կոչված «ներքին գործերին»։ |
s-65
| Նա կարող է այդպես հաշվել. իսկ մենք պարտավոր ենք հասկացնել նրան,— եթե ձեր որդու, ձեր զավակի աշխատանքը ձեզ պետք չէ, պետք է բոլորին, բացի ձեզանից՝ բոլորին, այս երկրում որքան մարդ կա... — այդ դեպքում մենք ստիպված կլինենք բացատրել,— պարտադիր չէ, որ պատերազմ լինի և նոր հասկանանք, որ ամեն մեկի որդին իր որդին լինելուց բացի՝ երկրի զինվորն է։ |
s-66
| Իսկ ոչ մի զինվոր զենք չի վերցնում միայն իր հորը պաշտպանելու։ |
s-67
| Նա բոլորի զինվորն է։ |
s-68
| Իսկ եթե, այնուամենայնիվ, չհասկանանք իրար, կա մի վերջին միջոց. այդ դեպքում այդ հայրերի աշխատանքային պլաններն ու պարտավորությունները կարելի է ընդհանրապես չընդունել։ |
s-69
| Ոչ, միամիտ ու ծայրահեղ բան չեմ ասում. անաշխատ երիտասարդների բազմահազարանոց երևանյան բանակի էներգիան (որը դրսևորվում է բազում մութ ու խոտոր ձևերով), այդ էներգիան ճիշտ հունի մեջ դնելու ամենակարճ ճանապարհը նրանց ծնողների, հայրերի հետ գործնական և, եթե պետք է, պաշտոնական հարաբերություններն են։ |
s-70
| Գործնական հարաբերություն այսօրվա միջին տարիքի այն մարդկանց հետ, որոնց մանկությունը զուգադիպեց պատերազմին, և նրանք ստիպված եղան երեխա-երեխա աշխատել հայրերի փոխարեն։ |
s-71
| Սովորել, աշխատել, կռվել սովի դեմ։ |
s-72
| Որոնց պատանեկությունը զուգադիպեց հետպատերազմյան տարիների տնտեսական դժվարություններին և դարձյալ՝ սովորել, աշխատել և էլի՝ հացի խնդիր։ |
s-73
| Իսկ հիմա ի՞նչ պատահեց. նրանք, որ մանկուց տեսել են աշխատանքի ծանրությունն ու հաճույքը, դժվարությամբ ձեռք գցած մի կտոր հացը ընդունել որպես արարիչ, այսօր, ահա, իրենց որդիների ու աղջիկների, իրենց զավակների հետ միացած, նրանց հետ համաձայն, արհամարհում են աշխատանքը, մի կտոր հացի համար սևագործ աշխատանքով զբաղվելը, այսպես կոչված սևագործությունը, ընդունում են պատվի դեմ։ |
s-74
| Ինչպե՞ս հասկանալ։ |
s-75
| Հոգեբանության այս ի՞նչ տակնուվրայություն է։ |
s-76
| Հայրը նա էր, ով որպես նվեր շոյում էր աղվամազոտ դեմքդ, և այտերդ սղալող նրա կոշտուկներից պատկառում էիր և հուզմունքից քրտնում։ |
s-77
| Հայրը նա էր, որի համար անհասկանալի ու տարօրինակ էր որդու պարապությունը։ |
s-78
| Մարդու պարապությունը։ |
s-79
| — Եթե մարդ է, պետք է աշխատի։ |
s-80
| Բա ինչի՞ համար է աշխարհ եկել։ |
s-81
| Եթե չաշխատի, ուրեմն ի՞նչ անի։ |
s-82
| — Ահա աշխարհի ու մարդու նկատմամբ մեր հայրերի ունեցած շիփ-շիտակ հայացքը։ |
s-83
| Հայը և հայրը նա էր, ով մի կտոր հաց ու պանրով կշտանում էր և շնորհակալ, և գոհ, և լիաչք, նայում երկինք,— աշխարհը խաղաղ է, գերդաստանը կա, հոգով ու մարմնով առողջ զավակները ամեն մեկը իր գործին, և սեղանին արդար մի կտոր հաց կա։ |
s-84
| Ուրիշ ի՞նչ է պետք... |
s-85
| Մի պայծառ երազ։ |
s-86
| Այսպես՝ շռայլությունը մերժած, ընչաքաղցությունը մերժած, քիչը շատ ընդունելու, փոքրը մեծ տեսնելու մեր հայրերի ավանդը ճիշտ ապրելու սկզբունք լինելուց բացի, ճշմարիտ փիլիսոփայություն է։ |
s-87
| — Միտք չունի,— ասում է նրանց փիլիսոփայությունը,— ընկնել շռայլության ետևից. շռայլությունը երջանկություն չի կարող բերել։ |
s-88
| Ուրեմն քիչը շատ ընդունիր և նայիր հոգուդ խորքը և այնտեղ որոնիր քո երջանկությունը։ |
s-89
| — Եվ ապա,— պետք չէ մտնել ընչաքաղցության կռվի մեջ, այդ կռվում հաղթանակ չկա, բոլորը պարտվում են։ |
s-90
| Ուրեմն լիաչք նայիր աշխարհին և իզուր մի զոհիր քո արժանապատվությունը։ |
s-91
| Ոչ ոք թող չմտածի, որ այդ փիլիսոփայությունը ծնվել է հարկադիր պայմաններից՝ ջարդ, պատերազմ, տնտեսական դժվարություններ և այլն։ |
s-92
| Պարզապես իրադրությունների մեջ այդ խորին խորհուրդը ավելի սուր դրսևորվեց, և նրանք ավելի պինդ ապավինեցին այդ խորհրդին։ |
s-93
| Իսկ ակունքը մեր բնությունն է. քիչը շատ ընդունելու, փոքրը մեծ տեսնելու խորհուրդը մեր բնաշխարհի հարազատ ծնունդն է, հետևապես նաև այդ երկրի ու բնության տեր մարդկանց ապրելու և գործելու կերպը, որը սերնդեսերունդ փոխանցվելով գալիս էր։ |
s-94
| Իսկ մեր հայրերի իմաստուն ավանդներից մենք որքա՞ն ժառանգեցինք և ժառանգածից որքա՞ն փոխանցեցինք մեր զավակներին։ |
s-95
| Այստեղ արդեն խոսքս ընդհանրապես թոռներին իրենց պապերից բաժանող առաջին օղակի՝ միջին տարիքի բոլոր հայրերի և բոլոր թոռների մասին է. նրանց, որ սովորում են, նրանց, որ աշխատում են, նրանց, որ վտանգավոր օղակում են։ |
s-96
| Թաքցնելու բան չէ. սովորողների, ուսանողների մեծ մասը սեր և հարգանք չունի տառի նկատմամբ, և տառերը ալարելով է գրում։ |
s-97
| Աշխատողների մեծ մասը սեր և հարգանք չունի աշխատանքի նկատմամբ, և հոգնած ու ի միջի այլոց է շարժում ձեռքերը։ |
s-98
| Իսկ մի քանի տարի հետո այսօրվա թոռները հայրեր ու մայրեր են։ |
s-99
| Եվ հասարակության առաջամարտիկներ։ |
s-100
| Նրանք ի՞նչ ոգի պետք է տան իրենց զավակներին։ |
s-101
| Եվ դեպի ո՞ւր պետք է առաջնորդեն հասարակությունը։ |
s-102
| Մի օղակ, ընդամենը մի օղակ է բաժանում թոռներին իրենց պապերից, բայց թվում է թե՝ ազգակցական կապ չունեն։ |
s-103
| Իսկ գուցե իզո՞ւր եմ այսքան նշանակություն տալիս ավանդներին։ |