s-102
| Մի օղակ, ընդամենը մի օղակ է բաժանում թոռներին իրենց պապերից, բայց թվում է թե՝ ազգակցական կապ չունեն։ |
s-103
| Իսկ գուցե իզո՞ւր եմ այսքան նշանակություն տալիս ավանդներին։ |
s-104
| Ժամանակները փոխվել են, արբանյակներ են պտտվում Տիեզերքում, գիտատեխնիկական հեղափոխությունը նույնիսկ քարանձավներն է մտել, գութանը չկա, հողե տանիքներն ու հատակները չկան, միայն սև ու սպիտակով հեռուստացույցը արդեն չի գոհացնում, առանց ավտոյի յոլա գնալ չի լինի և այլն, և այլն... |
s-105
| Այո՛ , այդ բոլորը այդպես է, և եթե կենցաղի ավանդների մասին լիներ խոսքս, իհարկե, սխալված կլինեի։ |
s-106
| Բայց խոսքը ոգու մասին է։ |
s-107
| Նորօրյա կենցաղին ո՞վ է առարկում։ |
s-108
| Բայց բարձր կենցաղը ոգու հաշվի՞ն պետք է լինի, կենցաղն ու ոգին հակադարձ համեմատականնե՞ր են, ուրեմն, որքան կենցաղը բարձրանա, ոգին այնքան պետք է փոքրանա՞ ։ |
s-109
| Իսկ եթե այդպես է, այդ դեպքում դարձյալ պետք է ապավինել հայրական ավանդներին։ |
s-110
| Ավելի լավ է ունենալ ցածր կենցաղ, բայց մեծ ոգի։ |
s-111
| Ինչպիսին նրանցն էր։ |
s-112
| Իսկ կարո՞ղ ենք մեր նոր սերնդին վերադարձնել պապերի ոգին։ |
s-113
| Ի սեր նրանց անձնական երջանկության, ի սեր վաղվա առողջ հասարակության, ի սեր ժողովրդի հավերժության, կարո՞ղ ենք վերադարձնել՝ աշխատասիրությունը, սերը տառի, արվեստի ու արհեստի, հարգանքը աշխատանքի ու արդյունքի նկատմամբ, քչի շատությունը, փոքրի մեծությունը, պատվախնդրությունը, արժանապատվությունը... |
s-114
| Կարո՞ղ ենք վերադարձնել։ |
s-115
| Դժվար խնդիր է։ |
s-116
| Իրոք, դժվար։ |
s-117
| Բայց դա մենք հենց այնպես հայտարարում ենք, առանց փորձելու։ |
s-118
| Ինձ թվում է, թե մենք չափից ավելի ենք տարվում առօրյա հարցերով։ |
s-119
| Պլանը՝ պլան, պարտավորությունը՝ պարտավորություն, բայց, ընթացիկ հարցերի մեջ թաղված, մենք մոռանում ենք երբեմն-երբեմն գլուխ բարձրացնել և նայել հեռու ապագային։ |
s-120
| Գուցե սխալվում եմ, բայց տարօրինակ մի շտապողականություն, տագնապի պես մի բան եմ նկատում մեր առօրյայում։ |
s-121
| Կարծես բոլորս լսել ենք այն կանխատեսումը (և բոլորը հավատացել), թե Տիեզերքի չգիտեմ որ մասից, չգիտեմ որ (կարծեմ՝ Իկար) երկնաքարը գալիս է և ուղղություն է վերցրել ուղիղ դեպի Երկիր։ |
s-122
| Ահա-ահա, տեղ է հասնելու՝ զարկելու է Երկրին, և մեր մոլորակը ուղեծրից դուրս է գալու և մեզ հետն առած՝ գնալու է կորչելու։ |
s-123
| Միլիոնավոր տարիներ այս Երկիր մոլորակը գոյություն ունի, միլիոնավոր տարիներ Իկարը և իկարները գալիս են, գալիս են ու տեղ չեն հասնում։ |
s-124
| Կամ, ավելի ճիշտ, ամեն օր են տեղ հասնում, զարկում Երկրին և Երկրից տանում այն ժողովուրդներն ու ցեղերը, որոնք ոգեղեն չեն, հեռանկար չունեն, այս աշխարհի մեջ չունեն իրենց աշխարհը։ |
s-125
| Իսկ Երկիր մոլորակը, ոչինչ չկորցրած, շարունակում է պտույտներ գործել Արեգակի շուրջ։ |
s-126
| Այն խնդիրը, որ ես շոշափեցի, իրոք դժվար լուծելի է։ |
s-127
| Դա ոչ մի տարվա գործ է, ոչ մի հնգամյակի, դա պահանջում է երկար ու անընդմեջ ժամանակ։ |
s-128
| Այն, ինչ ոգու հետ կապ ունի, նա չունի սկիզբ ու վերջ, ունի միայն ընթացք։ |
s-129
| Եվ մեր պետության, մեր կուսակցության, մեր երկրի և մեր ժողովրդի շահը պահանջում է, որ նոր սերնդի դաստիարակությունը, քաղաքացու և մարդու դաստիարակությունը լինի ընթացիկ կյանքի առանցքը։ |