Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 ՇՐՋԿԵՆՏՐՈՆՑԻ չորս քեռիս ռազմաճակատում էին, հիմա զորակոչվել էին հայրս և իր հորեղբորորդի Շաքրոն, որ նաև մորս հորաքրոջ որդին էր։
s-2 Երկու քեռիս՝ Հայկազն ու Վարդանը, չվերադարձան, Շաքրոն չվերադարձավ, Ոսկան մեծ քեռիս վերադարձավ չփակվող վերքից արյուն տալով, խմել սկսեց և մինչև հիմա խմում է։
s-3 Մյուս՝ Արտաշ քեռիս ռազմաճակատ չհասավ, ռազմաճակատը, կարծում եմ, չտեսավ. «դժվար տղա էր», երևի թե հոր՝ Իշխան պապիս համաձայնությամբ, զինկոմիսարիատն ուզում էր քաղաքը նրա անհանգստությունից ազատել, բայց նա կարողանում էր ամեն անգամ ետ փախչել։
s-4 Արտաշը քաղցկեղից վերջերս մահացավ, Շաքրոն հինգ ժառանգ է թողել, զոհված երկու քեռիս ժառանգ չեն թողել և դա ամենացավալին չէ, քանի որ կենտրոններից ու ժամանակի քաղաքակրթությունից հեռու մեր Ահնիձոր գյուղում շատ տղերք անգամ լուսանկար չեն թողել, նրանց պատկերը իրենց տոհմի ուրիշ տղաների մեջ պատահաբար եթե կրկնվել է՝ ուրեմն որևէ պառավ երբեմն հիշում է, որ այդպիսի մեկը կար հեռավոր նախապատերազմյան ժամանակներում։
s-5 Հայրս կա, իմ սիրած բացատն անցյալ ամռանը հնձում էր, թուխ մոշահավը տանու թռչունի պես ետևից քուջուջ էր անում, իմ հայտնվելու վրա շատ անհանգստացավ, բնիկի իր կարծիքով՝ ես իրենց՝ իր ու ծերունի հնձվորի բացատում օտարական էի։
s-6 Բայց խոսքը հիմա այն պահի մասին է, երբ երեսուներեք տարեկան Իգնատ հիանալի ատաղձագործն ու հողի մունջ մշակը և իր հորեղբորորդի երեսներկամյա Շաքրոն՝ բրիգադավարը, ակտիվիստը և առհասարակ գյուղական զորեղների միջից միշտ որևէ պաշտոն պոկողը, կանգնած են շրջզինկոմի առջև, և նրանց ու զինկոմի միջև կանգնած է Իշխան պապս, որ ձեռնհաս մարդ է կամ հեռավոր Ահնիձոր գյուղի իր հարազատների խեղճությունը այդ օտար քաղաքում իրեն ձեռնհասություն է պարտադրում և ինքը պարտավորված է օգնել իր քրոջ զավակին և աղջկա ամուսնուն՝ հորս։
s-7 Զինկոմին ուրեմն լավ բացատրելով՝ թե այդ երկուսը իրենց ետևից ութ որբ են թողնում, պապը կարողացել է մեկի կամ մյուսի զորակոչն առայժմ հետաձգել. այդ մեկը պետք է մնա գյուղում և երկու ընտանիքի գլխին տղամարդ լինի։
s-8 Մարդկանց ճակատագրի այդ տնօրենները ապրելու-մեռնելու ընտրությունը մի րոպե իրենց՝ Շաքրոյին ու Իգնատին են թողել. իրենց մեջ թող վճռեն, թե ով է ճակատ գնում և ով է ետ գյուղ դառնում, բայց պապը հանկարծ գլխի է ընկել, որ ռազմա-բանակային կյանքի շուքը գուցե հրապուրի լավ ձիու, երգի, լավ հագուստի, քրոմե սապոգների ու կարգադրությունների Շաքրոյին և նույն այդ շուքը վանի ամաչկոտ ու մարդախույս Իգնատին, և պապը ինքն է ընտրել. «Իգնատին տալիս եմ... Իգնատին եմ տալիս, այտա, Իգնատն անլեզու անճար է, գյուղին Իգնատը չի պետք»։
s-9 Այնպես պատահեց, որ Իգնատի ետևից նաև Շաքրոյին տարան. զինվորական շինելի մեջ եմ հիշում նաև Իշխան պապիս, մեր ութ անտեր երեխայի վրա Դսեղ գյուղից դարձյալ երեք որբ ավելացավ, հեռավոր Սանահին գյուղից Ահնիձոր բերվեց նաև Իշխանի հարյուրամյա մայրը, ձմռան երկար գիշերներին երեխաներից ավագներս կաթնակերների ու պառավների այդ դասարանի համար հազիվ գիրկապով ուզում էինք կարդալ այդ տան միակ գեղարվեստական գիրքը՝ նկարների շրշուն պահպանիչներով «Սասունցի Դավթի» 1939-ի հոբելյանական շքեղ հրատարակությունը, և մեր բոլորիս տատը՝ Իշխանի քույրը, գիրքը ձեռքներիցս առավ ծալեց, խաբեց, թե հենց այդ պատմությունն է պատմում և պատմեց իր կյանքի մղձավանջը։
s-10 Ես երբևէ գուցե կարողանամ արթնացնել հեռավոր այդ գիշերների մանկական մեր շունչը, ըմբռնելը, չհասկանալը, վախը, բացեիբաց ամեն ինչ կորցնելուց հետո պառավի դարձյալ գաղտնապահությունը և ակնարկները այն դեպքում, երբ այդ կյանքի անգամ հեքիաթացված հստակությունը երեք-տասը տարեկան երեխաներիս քիչ բան կմատներ, գուցե կարողանամ, բայց վստահ եմ, որ անպայման պատմելու եմ այն մասին, թե ինչպես տոհմիկ աշխատավորին կանգնեցրել են իրենց առջև, զննում ու վճռում են, որ պիտանի չէ մարդկանց միջից իր երեխաների հացը կորզելու, և ինքը համաձայն է։
s-11 Մեր բախտը բերեց. հավաքը Մախաչկալա տեսակավորել, խոտանը ետ էին ուղարկել զինկոմիսարիատներին. հայրս իր նման չորսի հետ եկավ, այն չորսը դարձան մեր կոլտնտեսության ուրախությունը, շրջզինկոմիսարիատը հորս ուղարկեց աշխատանքային գումարտակ անտառահատման Դսեղից Ահնիձոր մեր անտառներում ծառ հատելու, ջարդելու, ձնհալի ու հեղեղների ջրերով առաքելու, ամբարտակ կապելու, փայտը որսալու, բարձելու, սղոցելու։
s-12 Պատերազմը վերջանալու հետ անտառը դարձյալ անտառտնտեսությանն անցավ, և անտառտնտեսությունը հանվեց զինկոմիսարիատի ենթակայությունից, բայց բանակային ժամանակների բովանդակությունը դժվար լքեց տնտեսական այդ հիմնարկի հարմարին ձևը. սովորել՝ բանվորությանն օրապահիկ հաց էին տալիս, շրջակա կոլխոզների հետ անտառային բացատների իրավունքներ էին վիճարկում, խոտհարքների ու վարելահողերի տեր էին, քաշող ուժի՝ եզան ու կաթնամսային տնտեսություն ունեին, մի տեսակ՝ և՛ բանվոր էին, և՛ գյուղացի, և հայրս միտք չուներ այնտեղից մեր աղքատ կոլտնտեսություն անցնելու, ուրեմն Իշխանի կարծածի չափ անպիտան չէր։
s-13 Իշխանի աղջիկը կոլխոզային 120 աշխօր նորմայի տակից դուրս չէր գալիս, և տնամերձ հողից զրկվելու վտանգը ամեն անգամ կախվում էր մեր տան գլխին։
s-14 Մեկից ավելի անգամ կամ մի անգամ ու շատ տպավորիչ եմ լսել. «Քոնը էս կածանը ու էն չորս պատն է, էս գյուղում դու ուրիշ ունեցվածք չունես»։
s-15 Հարևան-բարեկամներից խնդրված աշխօրերով, մորս հիվանդության վկայականներով, կոլխոզի համար հորս ու իր բանվոր-ընկերների գիշերային հունձերով, երեխաներիս աշխատանքով նորմայի այդ մեծ պարապը ամեն անգամ լցվում էր, և տունը հիմա կանգնած է իր այգում ու բանջարանոցում։
s-16 Մեր գյուղի ղեկավարությունը փոխեցին։
s-17 Պատերազմից առաջ Աբգարն ապավինել էր պղնձահանքերի կարգուկանոնավոր գյուղմասին, իր մեծ ընտանիքի գույնը տեղն էր բերել, տան մեջ էր դրել, անասուն ուներ, կարծեցին կառավարել կկարողանա Ահնիձոր ամբողջ գյուղը։
s-18 Այն, ինչ պատերազմն ու նախկին ղեկավարները չէին հասցրել, մի տարվա մեջ ինքը քանդեց, թողեց այդ ավերակ տնտեսությունը և մի կերպ փրկեց սեփական մեծ ընտանիքը՝ հիմա էլ ապավինելով քիմգործարանի գյուղմասին, բայց այդ՝ մի տարի հետո, հիմա կուսկազմակերպիչի հետ մեր տուն են բարձրանում, գիտեն, որ Իգնատը տանն է, և գիտեն, որ գյուղի հետ նրան պիտի պինդ կապեն։
s-19 Բացակա տարիների համբավը, այդքան տղայի իզուր կորուստը Իգնատի մեջ այդ Աբգարի նկատմամբ հարգանքի նման մի բան եթե անգամ առաջացրել են՝ դա հիմա քամահրանք ու ատելություն է դառնում այն պատճառով, որ Աբգարի ընկերակիցը իր՝ Իգնատի արհեստին է, մեխ ու ուրագ բռնելը Իգնատից է սովորել, բայց քիչ ու թաքուն է բանեցնում, չի բանեցնում, որպեսզի գյուղական անվարձ մշակությունը վրան չհաստատեն, չի մոռացել կուսակցություն ընդունվել, կուսակցության շնորհիվ ահա պաշտոնի պես մի բանի է հասել և ավագ ընկերոջ ու արյունակից եղբոր վրա վերահսկիչ իրավունքով է գալիս կուսկազմակերպիչ Սարգիս Մաթևոսյան։
s-20 Սուտ կլինի, եթե ասեմ. «Հիշում եմ, որ եկան կանգնեցին ու ասացին. մեռնեմ կոլխոզային օրինակելի կանոնադրությանը. կամ արի կոլխոզ, կամ տնամերձդ հանձնիր»։
s-21 Մեր կողմերում վաղուց այդպիսի կոպիտ հարվածներ չեն լինում։
s-22 Ճիշտ չի լինի, եթե ասեմ. մինչև վերջին թիզը ցանված ու գուրգուրանքով խնամված հողը նրանք այնպես զննեցին, որ զուտ կարտոլի այդ ցանքը մեր աչքում իրենից մեծ ու հարուստ նշանակություն առավ. մեր կողմերում շատ լավ ու շատ վատ բաները չտեսնել տալու ազնվական սովորություն կա։
s-23 Իգնատի սև թշնամանքը, ոչ, նրանց թույլ չէր տա ձեռքները ունքներին դնել ու մորս հետ տնավարի կատակել. «Տանտիկին, հեռու քաղաքներից էս ինչ անծանոթ հյուր ես ընդունել ու մեզանից թաքուն ես պահում»։

Text viewDownload CoNNL-U