s-1
| Ղարաբաղյան շարժումը սկսվել է բնապահպանական առաջին ցույցից: |
s-2
| Առիթ էր, թե պատճառ այդ ցույցը՝ վստահ չեմ, որ գիտեմ: |
s-3
| Բայց մի բան գիտեմ հաստատ. մեր մեջ խտանյութի պես փոքրիկ, բայց ամուր բյուրեղներով իրար էին միացած անարդարությունների ամբողջ տեսականու դեմ ընդվզումը՝ 1915-ի Ցեղասպանությունից մինչև Ադրբեջանի կազմում հայաթափվող հայկական Նախիջևանի ինքնավար հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, մինչև Հայաստանի Հանրապետության էկոլոգիան աղտոտող արդյունաբերական հսկաներ, որոնցից և ոչ մեկը չէր կարող աշխատել ինքնուրույն՝ առանց խորհրդային երկրի անծայր տարածքներում գործող մյուս գործարանների: |
s-4
| Մեր մեջ ազատության առաջին իսկ հնարավորությամբ արթնացել էր հին ու նոր անարդարությունների դեմ բողոքը, ու մենք իրոք չգիտեինք՝ առաջին էկոլոգիական ցույցը առիթն էր, թե պատճառը մեր մեծ շարժման, բայց որ մեծ մի բան էինք սկսել, անկասկած է: |
s-5
| Առաջին բնապահպանական ցույցին ուսանողների մասնակցությունը խոչընդոտելու համար Երևանի պետական համալսարանի ղեկավարությունն իր կարծիքով հնարամիտ քայլի էր դիմել. կենտրոնական մասնաշենքի դահլիճում այդ օրը որոշեցին ցուցադրել Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմը: |
s-6
| Խորհրդային երկրի կինոդահլիճներում դրսի նոր ֆիլմեր քիչ էին ցուցադրվում, իսկ մեզ համալսարանում հնարավորություն էին տալիս դիտելու 1984-ին նկարահանված ամերիկյան ֆիլմ: |
s-7
| Ուսանողների մի մասն իհարկե գնաց ֆիլմը նայելու, մեծ մասն իջավ հրապարակ: |
s-8
| Ես տասնյոթ տարեկան էի ու հաստատ գիտեի, որ հրապարակ եմ իջնելու, իսկ Ֆորմանի ֆիլմը ես հետո նայեցի, երբ Ղարաբաղի հարցը բանակցային սեղանի չավարտվող զրույց դարձավ։ |
s-9
| 88-ի փետրվարի 20-ին մենք Օպերայի հրապարակ մտանք մի՛ երկրում, իսկ փետրվարի 22-ին ա՛յլ երկրում էինք արդեն, որովհետև երկար ու խոնարհ լռած խորհրդային հայ ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ զգալով, որ խորհրդային գիշատիչը ծնկել էր: |
s-10
| Մենք պահանջում էինք Ադրբեջանի կազմում հայաթափվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացումը Հայաստանին՝ մտքում իմանալով, որ մենք այսուհետ այլևս պահանջելու ենք: |
s-11
| Մենք տներից դուրս եկանք փետրվարի քսանին ու տուն դարձանք իննսուն թվականին, որովհետև հետո... պատերազմ էր: |
s-12
| Պատերազմի մենք պատրաստ չէինք: |
s-13
| Պատերազմը միակ բանն էր, որ մեր մտքով չէր անցել: |
s-14
| Մեր պատկերացմամբ հողային արդարացի պահանջը ժողովրդի ինքնորոշման պահանջ էր: |
s-15
| Մենք նոր տերմիններ էինք սովորել ու շատ բարեհունչ արտասանում էինք դրանք: |
s-16
| «Ինքնորոշում» բառը մենք՝ 17-23 տարեկան ուսանողներս ու մյուս մեր հայրենակիցները սկսել էինք օգտագործել հաճույքով, ու ինչպես նոր սովորած ամեն բառ՝ արտասանում էինք մի աննկատ դադարից հետո, կարծելով, որ «ինքնորոշում» բառի ամեն կիրառումից հետո մենք մոտեցնում ենք դրա իրականություն դառնալու հնարավորությունը։ |
s-17
| Մինչ մենք սովորում էինք քաղաքագիտական ու իրավական նոր տերմիններ ու վանկարկում դրանք, Մոսկվան մեզ «ծայրահեղականներ»՝ էքստրեմիստներ անվանեց: |
s-18
| Էքստրեմիզմի մասին խորհրդային ուսանողի պատկերացումները սուղ էին, ու մենք իրոք ժպտացինք մեզ ուղղված մեղադրանքի վրա: |
s-19
| Մեր շարժումն առաջնորդում էին մաթեմատիկոսներ, պատմաբաններ, գրողներ, բանասերներ, ֆիզիկոսներ, որոնք կոչ էին անում ցուցարարներին մաքուր պահել Օպերայի տարածքը, հնարավորություն տալ շտապօգնության մեքենաներին անխոչընդոտ մոտենալ դրա կարիքն ունեցողներին, իսկ երթերի ժամանակ հրահանգվում էր դադարեցնել վանկարկումներն ու անձայն քայլել այն փողոցներով, որտեղ հիվանդանոցներ կան, որ հանկարծ չխանգարենք հիվանդների հանգիստը: |
s-20
| Այս տեսակ շարժումը Մոսկվան կոչեց «մի խումբ ծայրահեղականների» շարժում: |
s-21
| Իսկ «խումբը» ամբողջ Հայաստանն էր, բոլոր քաղաքներն ու գյուղերը՝ հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք: |
s-22
| Մինչ մենք արտասանում էինք նոր սովորած «ինքնորոշումը», Սումգայիթում ադրբեջանական բանտերից հենց այդ գործի համար ազատ արձակված հանցագործների ամբոխը դանակներով ու կացիններով խոշտանգեց ու սպանեց Սումգայիթի հայ բնակչությանը՝ նախապես անջատելով նրանց բնակարանների հեռախոսները: |
s-23
| Մեր նաիվ, բայց ուժեղ շարժումը կարկամեց ու ապշեց, որ քսաներորդ դարում վայրենության այս ձևը գոյության իրավունք ունի: |
s-24
| Շարժումը շարունակվում էր: |
s-25
| Դպրոցական դասագրքերից մեզ բարի ժպտացող, միշտ ազատագրող ռուս զինվորը շրջապատել էր Օպերայի հրապարակը տանկերով ու «Կալաշնիկով» ավտոմատներով ու չէր ժպտում: |
s-26
| Իսկ մենք՝ Խորհրդային երկրի նախկին աշակերտներս ու հիմա՝ ուսանողներս, կանգնում էինք նրանց դիմաց ու պահանջում հեռանալ մեր քաղաքից: |
s-27
| Քաղաքագիտական որևէ միտք կդժվարանար նկարագրել այս կանխատեսումը: |
s-28
| Մենք մասնակից ենք եղել խորհրդային կայսրության անկմանը, առանց գիտակցելու պատմական պահին մեր մասնակցությունը, բայց հաճախ վտանգելով մեզ, առանց նշանակություն տալու վտանգի իրական լինելուն, որովհետև մենք տասնյոթից քսաներեք տարեկան ուսանողներ էինք ու ազատությամբ ոգևորված: |
s-29
| Խորհրդային պատմության ընթացքում մենք իրականացրել ենք առաջին նստացույցը Օպերայի աստիճանների վրա: |
s-30
| Մենք չգիտեինք հատկապես ում գլխում և ինչպես ծնվեց այս միտքը, բայց ութսունութի մայիսյան մի օր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 220 լսարանում, ժողովից հետո որոշվեց իջնել Ազատության հրապարակ և նստացույց սկսել: |
s-31
| Բողոքի այս ձևը նորություն էր ոչ միայն ցուցարարների, այլև ոստիկանների համար: |
s-32
| Մենք համատեղ էինք ծանոթանում բողոքի բոլոր ձևերին՝ բարիկադների տարբեր կողմերում: |
s-33
| Մենք չգիտեինք ինչ կլինի գիշերը, երբ քնած քաղաքում աստիճանների վրա նստած ուսանողներս մենակ մնայինք: |
s-34
| Բայց քաղաքը չքնեց: |
s-35
| Քաղաքը գալիս կանգնում էր Օպերայի հրապարակում, իր միասնությունն արտահայտելով մեզ՝ գիշեր-ցերեկ աստիճաններին նստած ուսանողներիս: |
s-36
| Վտանգն այնքան սովորական էր, որ չէր գիտակցվում: |
s-37
| Հայ ոստիկանները ոչ մի անգամ բռնություն չկիրառեցին: |
s-38
| Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Հայաստանի հասարակությունը փոխվեց. երբեք մենք այդքան հոգատար չենք եղել միմյանց հանդեպ ու երբեք այդքան միասնական չենք պայքարել անարդարության դեմ: |
s-39
| Նոր անարդարության նկատմամբ մենք ավելի հանդուրժող ենք հիմա, քան տասնյակ տարիներով կուտակվածի: |
s-40
| Հնարավորությունը, անսպասելի եկած հնարավորությունն ու առաջնորդները, որոնց մենք ամենասկզբում վստահում էինք այնպես, ինչպես ինքներս մեզ, մեր մեջ բացեցին հասարակություն լինելու, համարձակ լինելու, արժանապատիվ լինելու տաղանդը, այնպես, ինչպես մեկ օրում մարդն հայտնաբերում է իր վոկալ տվյալները, կամ նկարելու տաղանդը: |
s-41
| Մենք՝ խորհրդային կայսրության փլուզման վկաներս ու մասնակիցներս, խորտակվող կայսրությունից պահանջում էինք վերադարձնել մեր երկրի հանդեպ գործած անարդարությունները։ |
s-42
| Բայց կայսրությունն արդեն խորտակվում էր, ու մենք, փաստորեն, մեր պահանջները անհասցե էինք բարձրացրել: |
s-43
| Մենք չգիտեինք, որ գալու է նոր կայսրություն, նոր հարաբերություններ, ուժերի նոր դասավորություն, իսկ մենք սկսնակ ու ռոմանտիկ էինք լինելու էպոխայի դժվարությունների համար։ |
s-44
| Որքան էլ զարհուրելի ու անհասկանալի լինի՝ մեր չնախատեսված պատերազմն անգամ ռոմանտիկների պատերազմ էր: |
s-45
| Դա այն պատերազմն է, երբ մեծ մասը գնում է ճակատ իր կամքով ու համոզմունքով՝ որ սեփական հողը միայն սեփական կյանքով են վերադարձնում: |
s-46
| Նրանք չգիտեին ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ Մադրիդի, ո՛չ Կազանի փաստաթղթերի մասին, նրանք դեռ չէին լսել ԵԱՀԿ համանախագահներից ոչ մեկի անունը. նրանք մնացին անցյալ դարում՝ Ղարաբաղյան շարժման ռոմանտիզմով: |
s-47
| Մեր շարժումը մեր միջի անհավանականն էր, որ հավանաբար բացվում է հարյուր տարին մեկ: |
s-48
| Մենք եղանք համարձակ՝ անհամարձակ ապրած տարիների փոխարեն, եղանք սիրող ու հոգատար՝ մատնություններով ապրած խորհրդային բիրտ ու նենգ տարիների փոխարեն, եղանք գեղեցիկ ու սիրահարվող՝ բարիկադների վրա վերջին օրն ապրող տղաների ու աղջիկների նման ու երգեցինք խրոխտ երգեր Երևանի փողոցներում: |
s-49
| Ղարաբաղյան շարժման հետագա բոլոր օրերին հրապարակում էին և նրանք, ովքեր առաջին օրը գնացին Միլոշ Ֆորմանի ֆիլմը նայելու, նաև նրանք, ովքեր չնայեցին ֆիլմն այդ օրը՝ քայլելով դեպի Ազատության հրապարակ: |