s-1
| Հայրիկը խմում է, որովհետև չի կարողանում չխմել: |
s-2
| Մայրս գդալով ապուրի մեջ ճզմում է դեղահաբը: |
s-3
| Դաստակի շարժումը սահուն է, արագ: |
s-4
| Հիմա հայրիկը շվշվացնելով զուգարանից դուրս կգա ու սովածությունից դողդողացող ձեռքերով կհամտեսի հավով ապուրը, որի մեջ լուծվել է իմ ու մայրիկի գաղտնիքը: |
s-5
| Հացը բկիս է կանգնել: |
s-6
| Նա արագ վերջացնում է ապուրը, սառույցով ջուր է խմում, գնում սենյակ: |
s-7
| Ես մտածում եմ, միգուցե նա մահանա, դեղահաբը ազդի արյան շրջանառության վրա, սիրտը պայթի: |
s-8
| Մեղքս գալիս է: |
s-9
| Անցնում են րոպեներ: |
s-10
| Հայրս անհանգիստ է: |
s-11
| Անկողնուց ելնում է, վազում բաց պատուհանի մոտ, շունչը չի հերիքում: |
s-12
| Հևում է: |
s-13
| Չի հասկանում, ինչու է վատ զգում: |
s-14
| Աչքերի մեջ վախ կա, այդ վախը ես տեսել եմ ոսկոր կրծող շան աչքերում: |
s-15
| Ես ու մայրս նստած ենք խոհանոցում` մարդասպանների լուռ համբերությամբ: |
s-16
| Հայրիկը սկսում է ոռնալ: |
s-17
| Մենք վազում ենք օգնության, պառկեցնում մահճակալին. սավանից սպիրտի հոտ է փչում, սիրտը դուրս է թռչում կրծքավանդակից: |
s-18
| Հաբը ազդում է: |
s-19
| Զգուշացրել են, որ հիվանդի մոտ կառաջանա գլխապտույտ, վախ, սրտխփոց, դատարկության զգացողություն, նողկանք խմիչքի հանդեպ: |
s-20
| Մայրս ինձ հանցակից է դարձրել, որ ապահով զգա իրեն, հեշտ կլինի, երբ հիշի, որ հաբը ապուրի մեջ ճզմելու պահին ես իր կողքն եմ եղել: |
s-21
| Հաջորդ օրը չեմ դիմանում, խնդրում եմ մորս վերջ տալ այս ամենին. լսվում է միայն գդալի համաչափ չկչկոցը: |
s-22
| Վերցնում եմ անխիղճ ափսեն ու խփում պատին: |
s-23
| Հերիք է: |
s-24
| Հերիք է: |
s-25
| Ամանորին մի քանի օր է մնացել: |
s-26
| Խոզի բուդը պատրաստ է: |
s-27
| Բնակարանի դուռը բանալիովս բաց եմ անում: |
s-28
| Ձայն եմ տալիս, չեն պատասխանում: |
s-29
| Տանը մարդ չկա: |
s-30
| Մտնում եմ ծնողներիս սենյակ: |
s-31
| Հայրիկը մեջքով կանգնած է: |
s-32
| Չի զգում, որ ներսում եմ: |
s-33
| Քսան լիտրանոց օղու շիշը դրել է բերանին ու խմում է: |
s-34
| Կանգնած եմ: |
s-35
| Երբ վերջապես շրջվում ու տեսնում է ինձ, միանգամից հարբում է: |
s-36
| Արտասվում է: |
s-37
| Մամայիդ չասես, խնդրում եմ: |
s-38
| Ինչ ուզես` քեզ կառնեմ: |
s-39
| Ես հինգերորդ դասարան եմ տեղափոխվում, պապիս գրադարանից գրքեր եմ գողանում ու սպասում եմ հորս խոստումին: |
s-40
| Հունվարի մեկին նա հսկայական երաժշտական կենտրոնը ձեռքին ներս է մտնում: |
s-41
| Կաշառք` լռության դիմաց: |
s-42
| Ինձ թվում է երաժշտական կենտրոնից օղու, սխտորի ու ներսս վառող կեղծիքի հոտ է փչում: |
s-43
| Ես հայրիկին ամեն օր, թաքուն, օղի եմ տալիս, դրա համար էլ տանը ամենից շատ նա ինձ է սիրում: |
s-44
| Երախտապարտ է: |
s-45
| Մենք ամառանոց ունենք: |
s-46
| Հայրիկն է կառուցել: |
s-47
| Միակ վայրն է որտեղ ես ինձ մարդ եմ զգում, ասում է նա: |
s-48
| Ճանապարհին կանգնում ենք փայտե խանութի դիմաց, վաճառողուհին առանց հարցնելու մեկնում է մեկ շիշ կոլան և օղին: |
s-49
| Ես խաղում եմ այգում, վայելում եմ հյութը և գիտեմ, որ հայրիկը խոհանոցում տասը րոպեն մեկ թրջում է ստամոքսը: |
s-50
| Նրան թվում է, թե ես գլխի չեմ ընկնում, բայց համոզված եմ` հոգու անկյունում ինքը գիտի, որ ես գիտեմ և օգտագործում է ինձ, բայց ոչինչ, թող այդպես լինի: |
s-51
| Ես իմ տասը րոպեն պահպանում եմ, առանց վայրկյան խախտելու, մինչև հայրիկը խմի, վերջացնի ողջ շիշը: |
s-52
| Տուն ենք վերադառնում սիրահարների պես գրկախառնված` ցեխոտ ու քերծվածքներով: |
s-53
| Մայրիկը ծեծում է հորս, ինձ անվանում է ագահ ու պիղծ` մեկ շիշ կոլայով ծախված կենդանի: |
s-54
| Հայրս ընկնում է անկողին: |
s-55
| Ոչ ոք սենյակ չի մտնում: |
s-56
| Նա մենակ է: |
s-57
| Մայրիկը քրոջս հետ է քնում: |
s-58
| Գիշերվա կեսին ես մտնում եմ սենյակ, թթվածին չկա, պատերը օղի են շնչում: |
s-59
| Նա այդպես էլ մնացել է նույն դիրքով, շորերը հագին, պտղի պես կծկված: |
s-60
| Ուզում եմ լսել խռմփոցը` համոզվելու համար, որ չի մահացել: |
s-61
| Ձայն չկա: |
s-62
| Դողալով մատներս կպցնում եմ ճակատին` երակները պայթում են: |
s-63
| Ողջ է` չի մահացել: |
s-64
| Մի փոքր տխրում եմ, գուցե մահանար, թեթևանար: |
s-65
| Ականջներիս մեջ խլանում են փշրվող օղու շշերի ձայները և հորս մշուշոտ, թախանձող աչքերը: |
s-66
| Ես ջարդում եմ նրա օղիները, մեկը մյուսի հետևից: |
s-67
| Հետո նստում եմ, ջրով լվանում աչքերս, դուրս գալիս: |
s-68
| Ծեծում եմ հարևանի դուռը: |
s-69
| Նրան ասում եմ, թե ծառի չորացած ճյուղը քերծել է ոտքս, մի բաժակ օղի տուր, մշակեմ: |
s-70
| Հարևանս բժշկական սպիրտ է տալիս, բամբակ. բարեհամբույր` հաջողություններ է մաղթում ինձ: |
s-71
| Սպիրտը, առանց ջրով բացելու, տալիս եմ հայրիկին, օգնում խմել: |
s-72
| Համարյա անգիտակից վիճակում փորձում է շնորհակալություն հայտնել, չի ստացվում: |
s-73
| Ես զգում եմ: |
s-74
| Նարկոլոգիական հիվանդանոցի բաժանմունքի վարիչը անընդհատ ցնցում է գլուխը: |
s-75
| Նա վառում է բերանի կարմիր ծխամորճը, որը հանգչում է: |
s-76
| Փորձում է լսել ինձ: |
s-77
| Ասում եմ, որ հայրս հայտնի վիրաբույժ է, ուզում եմ փրկել նրան` բուժել, ինչ-որ կերպ օգնել, բայց չեմ ուզում, որ մարդիկ իմանան: |
s-78
| Հասկանում է, կիսում մտահոգությունս, կրկին վառում է ծխամորճը, որը համառորեն չի կպչում: |
s-79
| Նա ինձ պարզաբանում է, որ պալատները վճարովի են, ռեժիմը` խիստ: |
s-80
| Բուժքույրերը անհանդուրժող են, ամեն օր հիվանդներին մեկ բաժակ օղի են տալիս, իսկ հետո լրիվ արգելք է դրվում, եթե չեն ենթարկվում, զսպաշապիկներով կապում են մահճակալին: |
s-81
| Իսկ եթե մահանա, ասում եմ ես: |
s-82
| Մեզ մոտ շատ են մահանում, թաքցնելու բան չունեմ, դուք էլ եք հասկանում, որ վերջիվերջո դրանից բուժում չկա, ասում է նա: |
s-83
| Չեմ ուզում, որ հայրիկը մահանա: |
s-84
| Կկարոտեմ: |
s-85
| Պատերը կարմիր են: |
s-86
| Հայրս ընկած է հատակին: |
s-87
| Պատռված քունքից արյուն է ցայտում: |
s-88
| Գեղեցիկ է: |
s-89
| Հրապարակի շատրվանին է նման: |
s-90
| Մայրս և քույրս տանն են, իրենց սենյակներում: |
s-91
| Մատս մտցնում եմ վերքի մեջ: |
s-92
| Արյունը տեղական հյութերի պես ջրիկ է: |
s-93
| Մշակում եմ յոդով: |
s-94
| Վիրակապ եմ դնում` ինքն է սովորեցրել: |
s-95
| Հայրիկ, հայրիկ, ատում եմ քեզ: |
s-96
| Խաբում ես: |
s-97
| Ծիծաղում է: |
s-98
| Որտե՞ղ ընկար: |
s-99
| Գնացքի գծերի մոտ: |
s-100
| Հո մարդ չտեսա՞վ , հարցնում եմ ես: |