s-1
| Քո կյանքն էլ կյանք չի. ուզում ես դուրս գալ ու չես կարող, լռվել, սպասում ես ջրմուղագործին, իսկ նա չկա ու չկա։ |
s-2
| Կոյուղին խցանվել է, կպայթի, ու ջրերը կլցվեն տնով մեկ։ |
s-3
| Եթե իրականում չկա միակ ու վերջին հերոսը՝ ջրմուղի վարպետը, եթե դու ես իրեն հորինել, ուրեմն չես փրկվի. խեղդվելու ես՝ տանդ մեջ փակված, սեփական կեղտաջրերում, ու հենց դա էլ կլինի աշխարհի վերջը, որի մասին ուրիշների պատմելով գիտես, որովհետև դու փոքր էիր ու չես հիշում, որ ամեն ինչ վերջացել է վաղուց, ու հիմա կարող ես դուրս գալ, բայց չես ուզում, դրա համար էլ լռվել, սպասում ես ջրմուղագործին, իսկ նա չկա ու չկա։ |
s-4
| Օ՜ , Մարիո՜ , Մարիո՜ , ես չեմ քեզ հնարել, դու իրականում կաս։ |
s-5
| Չնայած դա վաղուց էր, երբ ես փոքր էի, ու մենք մեկ էինք, իրար գումարված մեկեր, բայց արի ու տես, որ ամեն ինչ հստակ հիշում եմ։ |
s-6
| Դու հայ չէիր, իտալական ծագումով ամերիկացի ջրմուղագործ էիր։ |
s-7
| Միասին պայքարում էինք օրուգիշեր և վստահ էինք, որ հաղթելու ենք։ |
s-8
| Ինձ պես մի կյանք չունեիր, քոնոնք շատ էին, իմ միակը գումարվել էր քո համարակալված կյանքերին, ու թռվռալով առաջ էինք գնում։ |
s-9
| Սկզբում հեշտ աշխարհներ էին, ասես մի ցատկով հասնում էինք երրորդ աշխարհ ու թե հմուտ լինեինք՝ մեր կյանքերը կարող էինք ավելացնել ու չպակասեցնել։ |
s-10
| Լավ հիշում եմ անտեսանելի աղյուսների տեղերն ու ստորգետնյա պահոցները, ուր ոսկեդրամներ կային, հարյուրը՝ մի կյանք։ |
s-11
| Հիմա աչքիս առաջ գալիս են Գումբա սնկերը, արի թռչենք դրանց գլխին, թող պայթեն։ |
s-12
| Շատ հիմարն էին, գնում ընկնում էին անդունդը, բայց թե քեզ դիպչեին՝ մի կյանք կկորցնեինք։ |
s-13
| Հետո հայտնվում էին Կուպա կրիաները, ցատկում իջնում էինք ուղիղ նրանցից մեկի մեջքին։ |
s-14
| Խուճապահար Կուպան թաքնվում էր պատյանում, որը հենց տշեինք, սլանում էր առաջ, ճամփին սրբում վերացնում մի քանի Գումբա սնկերի ու իր նմանների, զարնվում գետնից ցցված կանաչ խողովակներից մեկին ու արագորեն հետ գալիս մեզ վրա։ |
s-15
| Մենք հիմնականում հակառակորդներին չեզոքացնում էինք՝ նրանց գլխին ցատկելով։ |
s-16
| Էդպես վերացնում էինք Գումբա սնկերին, իսկ Կուպա կրիաները միառժամանակ սառչում էին իրենց պատյաններում, բայց կային և էնպիսիք, որոնց գլխին թռչել չէր կարելի, ասենք, Սփինի վայրենակերպերը կամ ջրաշխարհում հանդիպող Ծիպ-ծիպ ձկները, ու հատկապես անդուր էին Համեր ախպերները, որ մուրճեր էին նետում մեզ վրա։ |
s-17
| Գրոհի մի ուրիշ սիրված ձև էլ ունեինք. ներքևից գլխով խփում էինք հարթակին։ |
s-18
| Մարիո, ո՞նց չհիշեմ քեզ պես ընկերոջը. դու անմոռանալի ես, որովհետև քեզ հետ հեշտ էր կորցնել կյանքը, որը վերջինը չէր, ու ցանկալի էր աշխարհի վերջը։ |
s-19
| Դե արի նորից անցնենք անցած-գնացած աշխարհներով։ |
s-20
| Էս կողմերում «մեկ վեր» (անգլ.՝ one-up) կանաչ սունկ կար, կուլ կտանք ու մի կյանք կշահենք։ |
s-21
| Նա աճում էր աղյուսից, բայց հետո շարժվում էր, ու բռնել միշտ չէր հաջողվում, պետք էր ճարպկություն բանեցնել։ |
s-22
| Հենց հիմա վեր թռի, բռունցքի հարվածով ակտիվացրու անտեսանելի աղյուսն ու մեջից դուրս կգա ցանկալի «մեկ վեր»-ը։ |
s-23
| Դե, հուպ տուր, կուլ տուր. |
s-24
| Ինձ առևանգել են օրը ցերեկով, մանկապարտեզի բակից, բոլորի, այսինքն՝ դայակի ու մյուս երեխաների աչքի առաջ։ |
s-25
| Երեսունն անց, միջահասակ, ակնոցավոր մի մարդ մտել է դարպասից ներս, ես վազել ընկել եմ նրա վզով, ականջին բան եմ ասել, հետո համբուրվել ենք, ապա գրկից իջել, հետ եմ դարձել, նստարանից վերցրել եմ անբաժան ընկերոջս՝ խաղալիք թզուկիս, մնացողներին ասել՝ ցտեսություն, ցատկոտելով գնացել բռնել եմ նրա ձեռքն ու, փաստորեն, առևանգվել եմ օրը ցերեկով, մանկապարտեզի բակից, բոլորի, այսինքն՝ դայակի ու մյուս երեխաների աչքի առաջ։ |
s-26
| Ինձ փնտրել են օրուգիշեր ու չեն գտել, բոլորը՝ ծնողներս, ոստիկանները, բարեկամ, հարևան, ծանոթ ու անծանոթ մարդիկ, որ տեսել են նկարս թերթերում, հեռուստաէկրանից, մտածել են՝ հավատալու չի, բայց իրական պատմություն է, որ ինձ հետ է կատարվել, չնայած հիմա իմ հավատն էլ չի գալիս, երբ բոլորն ինձ պատմում են, թե ոնց են ինձ փնտրել օրուգիշեր ու չեն գտել։ |
s-27
| Ինձ բաց են թողել առանց փրկագին ուզելու, մի շաբաթից, մեր բակում։ |
s-28
| Իջեցրել են մեքենայից ու քշել գնացել։ |
s-29
| Ես փոքր էի ու շատ բան չեմ հիշում, բայց հիշում եմ, որ լալիս էի, որովհետև բոլորը լալիս էին՝ ծնողներս, ոստիկանները, բարեկամ, հարևան, ծանոթ ու անծանոթ մարդիկ, որ տեսել էին նկարս թերթերում, հեռուստաէկրանից, մտածել՝ շշմելու պատմություն է։ |
s-30
| Իմ նկատմամբ բռնություն չեն կիրառել, ինձ հետ խաղացել են, փաստորեն ուղղակի խաղացել են ու բաց թողել՝ առանց փրկագին ուզելու, մի շաբաթից, բոլորի աչքի առաջ։ |
s-31
| Քո կյանքը էլ կյանք չէ՝ պայքար է, ազատագրական պայքար, որ ընթանում է օդում, ջրում, ցամաքում ու գետնի տակ, ավելի ստույգ՝ ութ աշխարհում, որոնցից ամեն մեկը, իր հերթին, չորս մակարդակ ունի։ |
s-32
| Բացի երրորդ և վեցերորդ աշխարհներից, ամենուրեք դու պայքարում ես ցերեկը։ |
s-33
| Բոլոր աշխարհների առաջին մակարդակները երկրային են, երկրորդները՝ հիմնականում ստորգետնյա, ուր պայքարը շարունակվում է կոյուղում կամ ջրաշխարհում։ |
s-34
| Երրորդ մակարդակները երկնային են, ուր առաջ ես շարժվում ամպերի մեջ, հսկա սնկերի վրա ու երկնքից կախված հարթակներին թռչելով։ |
s-35
| Բոլոր մակարդակների վերջում հասնում ես ամրոցի, որի դրոշը խոնարհվում է քո առաջ, բացի չորրորդ մակարդակներից։ |
s-36
| Չորրորդներում մշտապես հայտնվում ես գլխավոր հակառակորդի՝ հետնաթաթերի վրա կանգնած վիշապանման, եղջյուրավոր հրեշ-կրիայի ամրոցի ներսում։ |
s-37
| Հենց նա էլ առևանգել է ոսկեմազ արքայադուստր Փիչին, որին և պետք է փրկես։ |
s-38
| Հրեշավոր կրիան կրակ է շնչում ու սկսած վեցերորդ աշխարհից՝ նաև մանգաղներ շպրտում քեզ վրա։ |
s-39
| Բոլոր աշխարհների վերջում դու հանդիպում ես նրան կամրջին, որի տակով լավա է հոսում։ |
s-40
| Այրել կամուրջները չի հաջողվում, բայց կարելի է քանդել։ |
s-41
| Հրեշին հաղթելու երկու ձև կա. հասնել նրա հետևում դրված կացնին, որը կտրում է կամուրջը պահող երկաթե ձողը, ու նա ընկնում է լավան, կամ անվտանգ հեռավորությունից հրեգնդերով ռմբակոծել։ |
s-42
| Առաջին յոթ աշխարհներում, թե հաջողվում է նրան ոչնչացնել, պարզվում է, որ դա ընդամենը կեղծ Կուպա էր։ |
s-43
| Հետո հանդիպում ես Փիչի հավատարիմ ընկերոջը՝ սնկային թագավորության բնակիչ, թզուկ Թոադին։ |
s-44
| Նա շնորհակալություն է հայտնում ու ասում, որ արքայադուստրը մեկ ուրիշ ամրոցում է, և դու անմիջապես անցնում ես հաջորդ աշխարհ, որտեղ էլ շարունակվում է պայքարդ։ |
s-45
| Եթե հակառակորդը դիպչում է քեզ, կամ տվյալ աշխարհն անցնելու համար հատկացված ժամանակը սպառվում է, ապա դու կորցնում ես մի կյանք, և ամեն ինչ սկսվում է տվյալ մակարդակի սկզբից։ |
s-46
| Թե կյանքդ կորցնում ես ամրոցների չորրորդ մակարդակում՝ միշտ ստիպված ես անցնել նույն աշխարհը ամենասկզբից։ |
s-47
| Պարտադիր չի բոլոր աշխարհները հաջորդաբար անցնել, ճանապարհը կրճատելու տարբերակներ կան, պետք է պարզապես հայտնվես բեկման գոտիներից մեկում, որտեղից հնարավոր է թռիչքաձև անցնել աշխարհից աշխարհ։ |
s-48
| Դրանք երեքն են։ |
s-49
| Էկրանին անգլերեն գրվում է «Welcome to warp zone!» (հայ. թարգմ.՝ «Բարի գալուստ բեկման գոտի») և այն աշխարհների համարները, ուր կարելի է տեղափոխվել։ |
s-50
| Առաջին անցումը գտնվում է առաջին աշխարհի երկրորդ մակարդակում՝ ստորգետնյա աշխարհից դուրս եկող խողովակներից մեկի հետևում։ |
s-51
| Այնտեղ հասնելու համար պետք է թռչես խողովակի հետևի պատին, ու կարող ես անցնել երկրորդ, երրորդ և չորրորդ աշխարհներ։ |
s-52
| Երկրորդ անցումը գտնվում է չորրորդ աշխարհի երկրորդ մակարդակում։ |
s-53
| Առաջին կամրջից հետո պատի տակ անտեսանելի աղյուսներ կան։ |
s-54
| Բարձրանալով դրանց վրա՝ պետք է գլխով ջարդել ծայրի ձախ աղյուսը, և կաճի ծիլը, որով կարելի է բարձրանալ։ |
s-55
| Վերևում անցումներ են դեպի վեցերորդ, յոթերորդ ու ութերորդ աշխարհներ։ |
s-56
| Երրորդ անցումը չորրորդ աշխարհի երկրորդ մակարդակում է. պետք է գնալ վերևով, ինչպես առաջին աշխարհի երկրորդ մակարդակում, ու կհասնես հինգերորդ աշխարհի մուտքին։ |