s-1
| Քեզ համար ես ընդամենը հորինովի մոր մտացածին զավակ եմ։ |
s-2
| Մենք հաստատ ծանոթ ենք. անունս Կիրակոս է, բայց բոլորն ինձ կարճ ասում են Կիկոս։ |
s-3
| Մեր տան աստված Հովհաննեսը մահվանս լուրը հասցրել է ամբողջ ժողովրդին։ |
s-4
| Բայց մեր բարի, իմաստուն արարիչն ինձ այդպես էլ ողորմի չտվեց. թե հոգեհացիս գար, հոգիս հանգիստ կլիներ ու չէր ձգտի վերածնվել։ |
s-5
| Թե ողորմաթաս բարձրացներ ու ասեր՝ ափսոս Կիկոս, մարդիկ հետևից կասեին՝ հազար ափսոս։ |
s-6
| Բայց էդպես չեղավ, ու գուցե բարին էլ դա էր։ |
s-7
| Իրենից հետո, երկար, շատ երկար ման էի գալիս մեկին, որ պատմեմ իրական կյանքիս պատմությունը, ու վերջը գտա։ |
s-8
| Անունն Արմեն է, էս տողերի հեղինակն է։ |
s-9
| Բարդ ենք հարաբերվում, լեզու չենք գտնում։ |
s-10
| Հեղինակս ուզում է հաղթահարել իմ մահվան պատմությունը, քանի որ համոզված է՝ իր ժողովրդի հետագա հաջողությունը Թումանյանի հեքիաթները վերապրելուց է կախված։ |
s-11
| Նրա հասկանալով՝ հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ։ |
s-12
| «Ձախորդ Փանոսը» հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, «Քաջ Նազարը»՝ ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ «Կիկոսի մահը»՝ վախն ապագայի նկատմամբ։ |
s-13
| Ու որոշեց սկսել վերջից։ |
s-14
| Ես նրա ասածները չէի հասկանում ու երբեք էլ չեմ հասկանա, բայց օգտվեցի գրառումներ անելու իր սովորույթից ու պատմեցի՝ ինչ հիշում էի ու ինչ որ կարևոր էր ինձ համար՝ սկզբից մինչև վերջ։ |
s-15
| Դեռատի մորս ուղարկեցին ջրի, ու նա կանաչ, վիթխարի ընկուզենու տակ (այսուհետ՝ Հաստաբուն) տեսիլք ունեցավ։ |
s-16
| Օրիորդ մայրս ուժեղ վախ ապրեց՝ տեսնելով մեկի մահը, որ դեռ չէր ծնվել. և այդ մեկը ես էի։ |
s-17
| Մորքուրներս ու տատս վրա-վրա վրա հասան, բաժանեցին մորս չեղած զավակին կորցնելու վախը ու քանի որ պարզ գյուղացի կինարմատ էին, լաց եղան, որ անցնի։ |
s-18
| Պապս անթաղում քելեխ տվեց, որ իր կույս աղջիկների մեջ մտած սարսափը դուրս գա ու չբերություն չբերի։ |
s-19
| Ու չբերեց... |