s-1
| «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Նուբարաշենում քարոզչական հանրահավաքի ժամանակ հայտարարել է. |
s-2
| «Ես չեմ ուզում, որ Նուբարաշեն ասելով հիշենք աղբանոցը, գժանոցը, բոլոր «ոց»-երը»: |
s-3
| Հայկը, թող թույլ տրվի ասել, համը հանել է ուղղակի: |
s-4
| Ինքը արդեն գիտի, մատնացույց է անում մի հիմնարկ, որը «սիրո և համերաշխության» միջավայրից դուրս է: |
s-5
| Հայկը չի խոսում մի հիմնարկից, որի հանդեպ պետությունն ունի պարտավորություններ, նա խարանից է խոսում: |
s-6
| Իսկ ի՞նչ է «գժանոցը»: |
s-7
| Այն հոգեբուժարանի այլընտրանքը չէ, այլ՝ մտածողություն: |
s-8
| Էդ բառն ասողն արդեն իր «ձեռքի» տակ ունի մարդկանց մի խումբ, որոնք իր ողորմածության դաշտից դուրս են: |
s-9
| Ինքը նրանց համար ոչինչ չունի անելու: |
s-10
| Ինքը կանգնած է էդ մարդկանց գոյության իրավունքը վիճարկելու շեմին, որովհետև ասելով, որ «Նուբարաշենը միայն գժանոցը չէ», ցույց է տալիս, որ, համենայնդեպս, այդ հիմնարկը խելքը գլխին մարդկանց անունն արատավորող, բնակավայրի վրա ստվեր գցող հիմնարկ է: |
s-11
| Էս տղան դեռ պետք է սովորի ի գիտություն ընդունել մարդկանց ողբերգությունները, որոնք կարող են հանգեցնել հոգեկան խնդիրների: |
s-12
| Կարծեմ այդպիսի խնդիրներ ունեցողների դերեր է խաղացել, «կոկորդիլոս է քշել» լոգարանից: |
s-13
| Ի՞նչ է նշանակում՝ Նուբարաշենը միայն գժանոցը չէ: |
s-14
| Գժանոցը դատավճիռ է, հոգեբուժարանը՝ ոչ: |
s-15
| Մի կարգին բժիշկ կամ հոգեբան խորհրդատու չկա՞ Հայկի կողքը, որ նրան ինչ-որ հասկացությունների նշանակությունը բացատրի: |
s-16
| Այդպես վաղը վատ տեսնողները կդառնան քոռեր, դժվար քայլողները՝ թոփալներ, խոսելու հետ խնդիրներ ունեցողները՝ լալեր, լսելու խնդիրներ ունեցողները՝ քյառեր: |
s-17
| Ես հասկանում եմ, որ հեղափոխությունը նաև քաոս է, բայց էդ քաոսն իր մեջ է առնում մարդկանց, որոնք Հայկի նման պաշտպանված չեն: |
s-18
| Նրանց գուցե ծեծում են այդ հիվանդանոցում, գուցե, ինչն ավելի հավանական է, մարդու տեղ էլ չեն դնում: |
s-19
| Մհեր Մկրտչյանի կինը Սևանի հոգեբուժարանում մի անգամ ինձ ասաց՝ Մհեր, գիտե՞ս , ես հասկանում եմ, որ հոգեբուժարանում եմ և այստեղից պրծում չունեմ, բայց ես գիժ չեմ, որովհետև դեռ հայելու մեջ նայում եմ ինձ, հիշում եմ իմ հմայքը, խաղում եմ իմ դերերը: |
s-20
| «Ես չեմ գժվել,- ասաց Դոնարան,- ես դեռ գիտեմ, որ այստեղից դուրս էլ մարդիկ կան»: |
s-21
| Հայկը չգիտի, որ հոգեբուժարանում մարդիկ են: |
s-22
| Չգիտի, որ ինչ-որ մեկի սիրած աղջիկն է այնտեղ պառկած, որի հետ կապված հրաշալի պատմությունները դեռ փոթորկում են հիվանդանոցի պարսպից այս կողմ ապրող ինչ-որ 40-ամյա մեկի ներաշխարհը: |
s-23
| Այնտեղ պառկած է մեկի հայրը, որի հոգեկան աշխարհը խախտվել էր սեփական խղճի ծանրությունից: |
s-24
| Այդ մարդը մեկ տասնամյակ առաջ Նոր տարվա առաջին օրերից մեկում անընդհատ լացում էր, երբ իրեն նարինջ էին հյուրասիրում, հայրիկ էին ասում, փորձում էին հասկանալ իր պատմությունը: |
s-25
| «Տղաս,- ասում էր նա,- մի արա նման բան, շատերը այստեղ պատմություն չունեն»: |
s-26
| Հիվանդանոցում ինձ ասեցին, որ այդ մարդը հիվանդ է «երախտագիտության զգացումով»: |
s-27
| Շնորհակալ է հենց միայն իրեն ուղղված որևէ հայացքի համար: |
s-28
| Սրված երախտագիտություն ուներ այդ մարդը: |
s-29
| Ինքը բախումն էր աշխարհին երախտապարտ լինելու և դրան ոչնչով հակադրել չկարողանալու: |
s-30
| Հենց դա էլ հիվանդացրել էր նրան: |
s-31
| Այսպիսի մարդիկ կան «գժանոցում»: |
s-32
| Հայկը մտել է մարդկանց մեջ: |
s-33
| Նա արդեն չի խաղում: |
s-34
| Եվ ինչպես հիմա է պարզ դառնում, կյանքի ու խաղի բառերը տարբեր են: |
s-35
| Թեպետ երկուսում էլ լավագույնը լինելու համար պետք է երևաս լավագույն զգացումներով: |
s-36
| Կյանքում մարդուն գիժ հռչակելը զվարճալի չէ: |
s-37
| Որովհետև այդ պահից հարց է, թե ով է գիժը: |