Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttest
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Կոպենհագենի ֆրանսիական գրախանութ-սրճարանը ժամանակին իմ սիրած վայրերից էր։
s-2 Երբ դեռ ասպիրանտ էի, հաճախ գործից շուտ էի դուրս գալիս, որ հասցնեմ մինչև փակվելը մի բաժակ սուրճ խմել։
s-3 Նստում էի պատուհանի մոտ ու գրում ժամերով։
s-4 Էնտեղ են գրվել շուտով լույս տեսնելիք գրքիս պատմվածքներից շատերը։
s-5 Գրվել են նաև լիքը խզբզոցներ՝ որպես իմ կյանքից վռնդված մի տղայից ապաքինվելու միջոց։
s-6 Այդ գրախանութից գնել եմ Պատրիկ Մոդիանոյի գրքերից ու Փոքրիկ Նիկոլայի բացիկներից։
s-7 Փորփրել եմ գրադարակները՝ փնտրելով Ֆուադ Լարուիի՝ Գոնկուր մրցանակ ստացած գիրքը։
s-8 Ու էդպես էլ չեմ գտել։
s-9 Մի անգամ նաև մոռացել եմ քրուասանի համար վճարել, հիշել, վճարել եմ հաջորդ այցելությանս ժամանակ։
s-10 Մի ժամանակ ֆրանսիական գրախանութ-սրճարանն իմ առօրյայի մի մասն էր, բայց միայն մի ժամանակ ու շատ վաղուց։
s-11 Այնուամենայնիվ, շարունակում էի ստանալ նրանց նորությունները ու ամեն անգամ բացում էի մեյլերը, ուշադիր կարդում։
s-12 Ստուգում էի, թե ով է հերթական հյուրը լինելու. մի օր գուցե Ֆուադ Լարուին գա։
s-13 Իսկ մինչ այդ ամեն գրախանութ մտնելիս ֆրանսիական բաժինն էի փնտրում։
s-14 Ֆուադ Լարուիի գրքերը հայտնաբերելը հոբբիի նման բան էր դարձել։
s-15 Արդեն չեմ էլ հիշում՝ գրքերը գտնու՞մ էի ու չէի՞ առնում, թե՞ չէի էլ գտնում։
s-16 Տարօրինակ զգացողություն էր գրողի հետ մի էդպիսի անձնական կապ ունենալը, որից ինքը բնավ տեղյակ չէր։
s-17 Բայց մի օր զանազան մեյլերիս մեջ տեսա գրախանութ-սրճարանի հերթական նամակը. Ֆուադ Լարուին իրենց հաջորդ հյուրն է։
s-18 Ուզում էի Կոպենհագենում լինել այդ օրը, ուզում էի ներկա գտնվել միջոցառմանը, բայց ծրագրել էինք, որ Օրհուսում ենք լինելու։
s-19 Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ Կոպենհագենում հայտնվեցի ու գնացի միջոցառմանը։
s-20 Երևի ներկաներից ամենաերիտասարդը ես էի. մյուսները դանիացի թոշակառուներ էին։
s-21 Անկյունում թաքնված լսում էի, թե ինչպես է Լարուին պատմում իր՝ սև, թե սպիտակ լինելու մասին։
s-22 Խոսում էր ինտեգրացիայից, թե ինչպես արևմտյան մշակույթները լրիվ արհամարհում են արաբական մշակույթը, ու Եվրոպայում ծնված արաբ երեխաները մեծանում են անլիարժեքության բարդույթով, որովհետև իրենց ծնողների մշակույթով հնարավոր չէ հպարտանալ։
s-23 Պատմեց նաև իմիգրանտ լինելու դժվարություններից, թե ինչ ահավոր է, երբ հանկարծ շուրջդ ամեն ինչ անծանոթ է։
s-24 Պատմեց, թե ինչպես երկրաշարժի ժամանակ, երբ հայրը եկել է, որ բոլորին արթնացնի, դուրս տանի, ինքը վեր է կացել, գիրքը վերցրել ու սկսել կարդալ. երկրաշարժն իրեն մեկ էր։
s-25 Ու վերջապես պատմեց, թե ինչպես 2010-ին մի հեռախոսազանգով իրեն հայտնեցին, որ իր՝ «Մի տարի ֆրանսիացիների մոտ» գիրքը ներկայացվել է Գոնկուրի, բայց մրցանակը Միշել Ուելբեքին են տալու։
s-26 Այն ժամանակ Ուելբեքը դեռ հայտնի չէր, բայց լսել էի նրա մասին, որովհետև գնացել էի Ֆրանսիայի դեսպանատան՝ գրական մրցանակների մասին կազմակերպած միջոցառմանը։
s-27 Այն ժամանակ ֆրանսերեն դեռ լավ չէի հասկանում ու միակ բանը, որ հասկացա միջոցառումից, այն էր, որ Ուելբեքի «Քարտեզը և տարածքը» Գոնկուր մրցանակ էր ստացել։
s-28 Այն ժամանակ չէի լսել Ֆուադ Լարուիի մասին։
s-29 Չէի լսել, որովհետև չէի ճանաչում նրա եղբորը։
s-30 Հարցազրույցից հետո տեսա, որ գրքերը վաճառքի են դրված։
s-31 Չկար այն մեկը, որ փնտրում էի։
s-32 Բայց կային գրքեր, որոնք հայտնվել էին վերջին երեք-չորս տարիների ընթացքում, երբ Լարուիի գրական գործունեությանն այլևս չէի հետևում։
s-33 Գնեցի գրքերից մեկը ու մոտեցա, որ ստորագրի։
s-34 Ինչպես միշտ, անունս գրելու դժվարություններ։
s-35 Հարցրեց, թե արդյոք կուզենայի, որ կոնկրետ բան գրի գրքի մեջ։
s-36 Ասացի՝ չէ, բայց ես ձեր եղբորը ճանաչում եմ։
s-37 Ֆոտո արեց, ասաց՝ կուղարկի նրան։
s-38 Ֆոտոյում ես եմ ու Ֆուադ Լարուին, ժպիտները դեմքներիս, գրքերը բռնած։
s-39 Եղբայրը կստանա այդ նկարը որպես պատասխան այն էլեկտրոնային նամակի, որին հինգ տարի առաջ այդպես էլ չպատասխանեցի։
s-40 Գտա այդ անպատասխան նամակը, գտա պատասխանիս սևագիրը. «Ուրախ եմ, որ ստացա նամակդ»։
s-41 Եվ այնքա՜ն շատ էի ուզում մի օր գրել. «Ֆրանսերենը մոռանում եմ, ինչպես քեզ եմ մոռանում»։
s-42 Ու չեմ հիշում՝ գրեցի՞ , թե՞ ոչ. ֆրանսերենը հաստատ ավելի քիչ եմ մոռացել։

Text viewDownload CoNNL-U