Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Սեղանին մնացած հացի մի փշուրը մատների արանքում, խոսակցության ընթացքում սկսում է տրորվել, տրորվել, տրորվել այնքան, մինչև նա այլևս ոչ հաց է, ոչ խմոր, կեղտոտ մի գնդիկ է՝ առանց պատկանելության, առանց պետք ու նշանակության...
s-2 Տրորողի կողմից էլ մոռացվում է նրա գոյությունը, իսկ նա ժամանակին ցորեն է եղել, հետո՝ հաց...
s-3 Ես հենց այդ մնացուկն եմ, որ մարդկային ոլորտում երբեմն տակիչք են անվանում, նաև չեն զլանում տականք կոչել։
s-4 Գիտեմ՝ դա հարաբերական հասկացություն է, բայց ինչ-որ միջին մի բան կա, որով չափակշռում է հասարակությունը, և չափակշռում ես ինքդ քեզ։
s-5 Ես գոնե հստակ գիտեմ իմ պակասությունները, որոնք երբեմն ինձ դուր են գալիս, քանի որ դրանք իմ պակասություններն են, երբեմն էլ՝ ներքնապես ամոթ պատճառում։
s-6 Ասեմ՝ ծույլ եմ, աշխատել չեմ սիրում թե չեմ կարող՝ դժվար է հասկանալ. գուցե չեմ սիրում, որովհետև չե՞մ կարող։
s-7 Մի խոսքով, ոնց ուզում եք՝ գնահատեք։
s-8 Հետո՝ նախանձ չեմ. սա թերևս ամենաարատավոր կողմս է. ուրիշի հաջողությանն անտարբեր եմ, և այդ պատճառով, որևէ շարժում առաջխաղացման նպատակով չեմ անում, իսկ դա, ինչպես ես եմ հասկանում իմ կարճ խելքով, հասարակության զարգացման կարևոր, կասեի՝ գլխավոր գործոնն է։
s-9 Ամաչկոտ եմ այնտեղ, որտեղ պետք չէ ամաչկոտ լինել՝ գլխավորապես մարդկային սովորական և նորմալ փոխհարաբերություններում, և լիրբ ու լկտի եմ, որտեղ իսպառ դրա հարկը չկա։
s-10 Երբեմն իմ շրջապատի տականքներն ասում են, որ խելոք եմ, իսկ ես համոզված եմ, որ իմ խելքը կյանքի համար պետքական չէ։
s-11 Ուրիշ ինչ-որ մի տեղ գուցե պետք գա։
s-12 Այնպես որ՝ ինքներդ դատեցեք՝ խելո՞ք եմ, թե խելոք չեմ։
s-13 Դե, ես առաջուց գիտեմ ինչ եք ասելու և ինչ եք մտածելու։
s-14 Ես սոսկումով խուսափում եմ նման խոսքերից, որոնք, իմ պատկերացմամբ, կարող են լինել «տականք», «այլանդակ»... և այլն, ու այդ պատճառով երկչոտ, չափազանց զգայուն եմ դրսից եկող ազդակների հանդեպ։
s-15 Ինչպես հայտնի է՝ վախից վախենալն ավելի սոսկալի է, քան թե վախի պատճառ հանդիսացող իրողությունից։
s-16 Ու մարդիկ թշնամի էին ինձ, քանզի իմ նկատմամբ նրանցից փշոտ, վատ մտքեր էի ակնկալում։
s-17 Եվ ամեն ինչ անում էի, որ այդ խոսքերը չասվեն։
s-18 Չէին ասվում, բայց իմ վախերը իրենց մեջ կրում էին նրանց մտքերը իմ նկատմամբ։
s-19 Եվ դա շատ ծանր էր...
s-20 Արտաքին կյանքս, իհարկե, իմն է, բայց, այնուամենայնիվ, արտաքին է, ներսս մնում է Աստծո ստեղծածը, ինչպես երեխա ժամանակ էր։
s-21 Ավելացնեմ, որ երկչոտ եմ, բայց երկչոտի խիզախություն ունեմ, որի առջև քաջերի խիզախությունը նահանջում է։
s-22 Խաբեբա եմ փիլիսոփայորեն, իսկ հասարակ խաբեբա չեմ կարող լինել. դա պատճառներից մեկն է իմ ստորակայության։
s-23 Այս ամենին հարկ է հավելել նաև, որ ժամանակ առ ժամանակ իմ կատարած անձնամատնիչ քայլերը եղել են ոչ թե ազնվության դրսևորումից, այլ կենսաբանական կրավորությանս պատճառով։
s-24 Փիլիսոփայական ֆակուլտետի երկրորդ կուրսից ինձ վռնդեցին, որովհետև ուսանողների հորդորով միզեցի լսարանի վառարանի մեջ՝ կրակը հանգցնելու համար։
s-25 Բոլորը արդարացան, նույնիսկ իմ գործողության ամենաակտիվ սադրիչը, և միայն ես չկարողացա բացատրություն գտնել, վրաս վերցրեցի ամբողջ կուրսի մտահղացումը։
s-26 Ես միայն կատարողն էի։
s-27 Ես համալսարանին մնաս բարով ասացի՝ ինքս ինձ մխիթարելով, որ շնական Դիոգենեսը ևս համալսարան չէր ավարտել։
s-28 Եվ էլի շատ վատ կողմեր ունեմ, որոնք դուք ինքներդ կնկատեք, եթե ուզենաք շարունակել ծանոթությունը իմ կյանքին։
s-29 Մնաց միայն ասել, որ անունս Նիկոլ է։
s-30 Ազգանունս երբեմն ինքս եմ մոռանում, և դա այնքան էլ կարևոր չէ։
s-31 Միայն մեկ անգամ կարևորություն ունեցավ, և այդ մեկ անգամի մասին քիչ հետո կպատմեմ։
s-32 Ընկերներ չունեմ...
s-33 Դե, Հայաստանում ով կուզենա ինձպեսների հետ ընկերություն անել։
s-34 Ասեմ՝ ինձանից ավելի ցածում գտնվողները։
s-35 Կմտածեք՝ ինձանից է՞լ ցածր մարդ կա...
s-36 Պատկերացրեք՝ կան։
s-37 Դրանցից մեկին ես լավ գիտեմ։
s-38 Անուն էլ ունի։
s-39 Թեպետ անունը նրա ինչին է պետք՝ դժվար է հասկանալ։
s-40 Ծնողները նրան անվանել են Կիտայ՝ ի պատիվ Չինաստանի հեղափոխության (զարմանում ես, որ նրա նմանները ծնողներ են ունեցել)։
s-41 Հիմա նրան կոչում են Կիտո, երբեմն չորս տառը շռայլություն համարելով, Կի են կոչում։
s-42 Կիտոն բոլորովին մենակ է, անտուն և համարյա անշարժ։
s-43 Մի անգամ խորհուրդ տվեցի, որ գնա գերեզմանոց, որտեղ կարող է մեռելահացով կուշտ կերակրվել։
s-44 Իրեն կսազեր։
s-45 Ծիծաղեց, և նրա ծիծաղը հանգամանալից պատասխան էր՝ «Մինչև գերեզմանո՞ց », ինչպես կասեր՝ «Մինչև Ամերիկա՞ »...
s-46 Կիտոն պառկում էր Սուրբ Սարգիս եկեղեցու մոտի ստորգետնյա անցումի աստիճաններին, երբեմն մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ։
s-47 Ասաց, որ իր ուժերը տնտեսում է մյուս աշխարհի համար։
s-48 Այս աշխարհում շարժվելը ունայն է և անիմաստ... իսկ այնտեղ կծախսի Աստծո տված պաշարը անվերջանալի տարածությունների մեջ...
s-49 Խենթ չէ, խելոք է յուրովի, եթե ցանկանաս նրան հասկանալ...
s-50 Նույնիսկ իմաստուն է ինչ-որ առումով, կեցութաձևի սեփական ըմբռնումով։
s-51 Ինձ թվում է՝ բնությունում անիմաստ բան չկա։
s-52 Յուրաքանչյուր երևույթ իրեն դիտելու ճշգրիտ հայեցարանն ունի։
s-53 Ինչպես նաև կատարյալ ոչինչ չկա։
s-54 Ընդհանրապես կատարելությունը կազմակերպված հասկացություն է։
s-55 Կամ՝ ամեն ինչ կատարյալ է։
s-56 Ես էլ, Կիտոն էլ։

Text viewDownload CoNNL-U