s-1
| Խաղաղ է տանը, զեփյուռն է ներս գալիս կիսաբաց օդանցքով` տատանում ծիրանագույն վարագույրը, ճանճը վարագույրից բզզալով պոկվել` կախվել է օդում, արևի շողը պատուհանի ապակին թափանցած` ճերմակ շեղբով շոշափում է շագանակագույն հատակը, փոշին բրոունյան շարժումով երևակվել է շողի թեք էկրանին, մանուշակագույն մետաքսից ծածկոցն ասես գինի լինի մահճակալին թափված, որ անկյունում հավաքվել` ծորում է գետին, պատից կախ ռադիոն խսխսան երգում է... |
s-2
| «Սս...»... |
s-3
| Մածուն-սխտորի հոտ կա սենյակում, խմորի հոտ, սեղանին` ալյուրի շաղք, «թաթար-բորակու» գրդնակած, կտրատած խմորն է չորանում, պատուհանի առաջ` սևին ոսկետառ «Զինգերն» է, նիկելապատ թևը պտտես` կչխկչխկա, ասեղն ուղղահայաց կպարի` գործվածք դեմ տուր... |
s-4
| «Սսա...»... |
s-5
| Պատուհանագոգին Թումանյանի հատորն է` «Նեսոյի քարաբաղնիսը», «Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը»... |
s-6
| Մյուս պատուհանագոգին` սադաֆանախշ թառն է, ծնգացնես` պապն այնտեղ կլսի, կուրախանա... |
s-7
| «Սսատ... »... |
s-8
| Ի՞նչ ձայն է... |
s-9
| Դրսից է, փակի՛ր կիսաբաց եղած դուռը, թող չխաթարվի սենյակի անդորրը... |
s-10
| «Սատանան այնտեղ պարահանդես է տոնում... »... |
s-11
| Այ քեզ բան... |
s-12
| Ի՞նչ է... |
s-13
| Ինչ է՝ ինչ է... |
s-14
| Մեֆիստոֆելի մեներգն է «Ֆաուստ»-ից... երևի հարևան տանից է կամ փողոցից... |
s-15
| Դե փակի՛ր դուռը վերջապես... |
s-16
| Չէ՞ ... |
s-17
| Ինչո՞ւ ... |
s-18
| Ուզում ես դո՞ւրս գալ... |
s-19
| Արդե՞ն ... |
s-20
| Լավ, դուրս արի, բայց պատրաս՞տ ես, կարծում ես հե՞շտ բան է տանից դուրս գալը... |
s-21
| Դուռը բանալիով մի՛ փակիր, հանկարծ բանալին կկորցնես` վերադարձդ կդժվարանա... |
s-22
| Կողքո՛վ , կողքո՛վ , շրջանցի՛կ , հեռո՛ւ , չսայթաքե՛ս , զգո՛ւյշ ... |
s-23
| Շանը` կողքով, կատվին` կողքով, առնետին` կողքով, օձին, գայլին, արջին` կողքով ու կողքով, մարդուն չբախվես, ոտքը չտրորես, զգո՛ւյշ , հեռո՛ւ , հպանցիկ սահիր` գնա: |
s-24
| Եզրին չմոտենաս, այս կողմում մնա: |
s-25
| Այս կողմում նայի՛ր , արև է, կապույտ երկինք, ամառային ջերմի մեջ` զով զեփյուռ, կակաչները ջահել արյան կաթիլների պես շաղված են կանաչ դաշտում, տատրակները ճախրում են բարձր` երկրի ձգողությանն անենթակա, նապաստակը գլուխկոնծի է տալիս բլրալանջն ի վար... |
s-26
| Հեքիաթ է... |
s-27
| Եզրին, զգուշացրի, մի՛ մոտենա, այն կողմում, նայիր՛ , ցուրտ է, մութ, տարօրինակ կերպարանքներ են ծամածռվում թավուտների խորքերում, լեռնագագաթին նստած, լսո՞ւմ ես, ծեր գայլն է ձգուն ոռնում կիսալուսնի վրա, ագռավի կռռոցն է ձայնակցում նրան չոր սաղարթի միջից... |
s-28
| Ե՛տ արի, զգո՛ւյշ , մի՛ նայիր, մի՛ լսիր, չշոշափե՛ս ... |
s-29
| Գոյա չնայես, Մալերի սիմֆոնիայի կապարե օվկիանոսը չմտնես, Օռնետ Քոուլմենն է իր պլաստմասսե սաքսոֆոնով` ականջներդ փակիր, Thrash Metal- ն է` հեռու մնա, Death Metal- ն է` հեռու, էլի հեռու, ավելի հեռու... |
s-30
| Այս կողմ արի, ահա, Խաչատրյանն է, ադաջիոն, առավել քնքուշ, նուրբ, կատարյալ մեղեդի պատկերացնել անկարելի է, Ռախմանինովն է, Վիվալդին, նրանք քեզ կառնեն իրենց թևերին, կտանեն ամռան զեփյուռի միջով, կկերակրեն նրբահամ նեկտարով, գունազարդ թիթեռների հետ պար կգաս օդում... |
s-31
| Ռոսինիի «Սևիլյան սափրիչն» է, լսի՛ր ... |
s-32
| Զմայլանք է, չէ՞ ... |
s-33
| Հեռու մի՛ գնա` ասում եմ, Պիկասոյի ծուռ-մուռ ֆիգուրներից երես դարձրու, Նիցշեին շրջանցի՛ր , Շնիտկե չլսես, Մունկն է, կճչա` չձայնակցես, Դիքսն է` աչքերդ փակիր, Բոսխն է` փրկվի՛ր ... |
s-34
| Սարյանի հեքիաթների մեջ սուզվիր, Գոգենին ընկերացի՛ր ` Թաիթի գնա` թխամաշկ գեղեցկուհիների հետ սիրաբանիր... |
s-35
| Քնքուշ, թեթև կին սիրիր, չափավոր կրքոտ, ռոմանտիկ, սենտիմենտալ: |
s-36
| Կրակոտ, «ճակատագրական» կին չսիրես, հեռու մնա, մազին չդիպչես, մաշկին չդիպչես, աչքերին չնայես, աչքերի անտակ վիհը հայացքդ թե որսաց` կտանի-կկորցնի, կմոլորվես՝ ետդարձի ճամփան կմոռանաս իսպառ... |
s-37
| Թեթև կին սիրիր, սիրունիկ, քնքուշ, Ռենուարի փիսիկատեսք կանանց նման, Տերյան, Եսենին արտասանիր նրանց նրբիկ ականջին, Բիթլս հնչեցրու, Ազնավուր, Էլինգտոն, Սարոյանի պատմվածքները կարդա... |
s-38
| Պոյին, Բոդլերին անտեսի՛ր , Դոստոևսկու «անիծյալ հարցերը» շրջանցի՛ր , Ֆրեյդից հեռու պահիր քեզ... |
s-39
| Առհասարակ` ուղեղիդ շատ զոռ մի տուր, բորբոքված ուղեղը անդադար սնունդ պահանջող հրեշ է, նյարդայնության, ընկճախտի հարուցիչ, թեթև մտածիր, թեթև ապրիր, մեկ է` մեռնելու ես, չես խուսափի... |
s-40
| Բեքեթից երես դարձրու, Կաֆկայից փախի՛ր , արագ... |
s-41
| Փախի՛ր ` ասացի... |
s-42
| Զգո՛ւյշ ... |
s-43
| Սայթաքեցիր, վա՛խ , ո՜նց սայթաքեցիր... |
s-44
| Ո՞վ գայթակղեց... |
s-45
| Վայրկենապես կալանեցին... |
s-46
| Ահա, քարշ տվին` հողերը քերելով, մտցրին ընդհատակ, կրակների մեջ խանձելով տարան, բերին, հանեցին դուրս, փրփրած օվկիանոսի վրայով սլացրին` բարձրացրին երկինք, իջեցրին ժեռ լեռան գագաթին... |
s-47
| Չարքերն են այստեղ հավաքված, Վալպուրգյան գիշեր է, պառավ կախարդներն աչքով են անում, ծուռտիկ մատները խոթում փլված բերանները` շվացնում, փեշերը վեր հանած` պարում, խփում կողերիդ, կմճտում, առնում` հողմապտույտով բարձրացնում, ցած բերում, զարկում սև վանքի պատերին, խաչում խնձորենու չոր բնին, մտցնում հողի տակ, դուրս քաշում, սուզում ջրերի մեջ, ջրից հանում` շպրտում երկինք, անկումին որսում` խոթում ծոցները, ծծմբահամ կաթ կերցնում ճլորած ստինքներից... |
s-48
| Ի՞նչ արիր, թշվառական, զգուշացված էիր, չէ՞ ... |
s-49
| Հիմա էդտեղից ո՞նց ես դուրս գալու, ո՞վ է հանելու... |
s-50
| Վա՛յ քեզ, վա՜յ ... |