s-1
| Երբ նրանք հայտնվեցին մեր փողոցում, երբ մենք տեսանք նրանց, երբ նրանք կողք-կողքի քայլեցին դեպի սև տուֆից տունը, մենք վերջապես տեսանք այն, ինչը իրականում վաղուց էինք տեսնում, իմացանք այն, ինչը փաստորեն վաղուց գիտեինք։ |
s-2
| Սև տունը՝ ժամանակին այնքան բարձր ու շքեղ, հպարտ ու հաստատուն, հանկարծ տեսանք փոքրացած ու խեղճացած, հանկարծ գլխի ընկանք, որ պերճաշուք ու գոռոզ իշխանուհին, մեր աչքի առաջ, բայց մեզնից թաքուն, ծերացել է ու հոգնել, դարձել փոքրիկ, աննկատ պառավ։ |
s-3
| Մենք ձվից ասես միայն հիմա դուրս ելանք ու զարմացած նայեցինք 5-րդ փողոց կոչվածին, մեր աչքերը ասես միայն հիմա բացվեցին, այդպես նայելու ու այդպես տեսնելու համար։ |
s-4
| Իսկ մինչ այդ մենք տեսանք նրանց։ |
s-5
| Մեր 5-րդ փողոցը քանդված էր (նոր գազամուղ էին տանում դեպի պողոտա), նրանք ստիպված շուտ իջան տաքսուց, մի հարյուր մետր պետք է ոտքով գնային, և մեզ չգիտես ինչու թվաց, որ դա Մարտին Սահակյանի անցնելիք ամենաերկար ճանապարհն է։ |
s-6
| Նաև ամենադժվար ճանապարհը։ |
s-7
| Բայց նախքան ճանապարհների երկարության ու դժվարության և ընդհանրապես ճանապարհների մասին մտածելը, նայում էինք մենք նրանց ու թեև երկուսից միայն մեկին էինք ճանաչում՝ Մարտինին, իսկ մյուսին՝ կնոջը, տեսնում էինք առաջին անգամ, վրան էլ ոտքից գլուխ գրված էր՝ այն տեղերից է, որտեղ 5-րդ փողոցի անունն անգամ չպիտի լսած լինեն, մենք նայում էինք մեզ քաջ ծանոթ Մարտին Սահակյանին ու թվում էր, նրան առաջին անգամ ենք տեսնում, նայում էինք այդ անծանոթ կնոջը ու թվում էր, լավ գիտենք նրան, նա էլ մեր փողոցի մասին մտածելուց բացի, այլ բան չի արել կյանքում։ |
s-8
| Իջան նրանք մեքենայից ու քայլեցին կողք-կողքի՝ մեր հետաքրքրասեր լուսամուտների տակով, մեր կիսաբաց դռների առջևով, ամեն ինչ տեսած ու ամեն ինչ հիշող մեր փողոցով, և այն, ինչը առանձին-առանձին դեռ ոչ ոք չգիտեր, բոլորս միասին արդեն գիտեինք։ |
s-9
| Քայլում էին նրանք՝ մեր արթնացած հիշողության, մեր քննախույզ հայացքների միջով, դեպի սև քարից տունը, որին դեռ չէինք հասցրել նոր հայացքով նայել ու զարմանալ մինչև հիմա մեր չտեսածի համար, և ով նայում էր նրանց, կարող էր ասել, որ այդ կինը մեր Մարտինի կինը չէ (որին մինչև հիմա չէինք տեսել), թեև նրանք ոչ պատահաբար են հայտնվել կողք-կողքի, ոչ էլ ժամանակավորապես, որ սերը կամ նույնիսկ մեղքը չի միացրել նրանց, թեև, մյուս կողմից էլ, կարծես թե՛ սեր կար, թե՛ մեղք։ |
s-10
| Առանձին-առանձին, այո, մենք դեռ չգիտեինք, թե ինչը, բայց մենք նայում էինք, մենք տեսնում էինք և բոլորս միասին հասկանում, որ նրանց կողք-կողքի դրել ու մեր փողոցն է հասցրել մի ուրիշ բան, ավելի մեծ բան, նույնիսկ ահավոր բան, որի մեջ եթե անգամ պատահականություն էլ կա, ապա այնպիսին, որ հավասար է օրինաչափության, իսկ եթե նաև սեր ու մեղք, ապա այնպիսի սեր ու մեղք, որոնց մասին առաջին անգամ ենք լսում, որոնց խորությունը չափել դեռ չգիտենք, որոնց իսկական անունը նոր պիտի սովորենք։ |
s-11
| Մարտինը անճանաչելի էր դարձել, անծանոթ կինը թվում էր ծանոթ, գնում էին նրանք կողք-կողքի, և մենք, որ տեսել էինք, թե այդ երկուսն ինչպես իջան մեքենայից, որ տեսնում էինք՝ մեքենան մեր նեղլիկ փողոցում դժվարությամբ է շրջադարձ կատարում, դեռ չի գնացել, այն տպավորությունն էինք ստանում այդ երկուսին նայելով, որ նրանք մի քանի վայրկյան առաջ չեն սկսել քայլել, այլ քայլում են երեկվանից, անցյալ տարվանից, գուցե մինչև անգամ իրենց ծննդյան օրից և գուցե նույնիսկ է՛լ ավելի վաղուց։ |
s-12
| Ով էլ լիներ մեր փոխարեն, եթե ուներ սուր աչք, մի քիչ ցավող սիրտ, մի քիչ էլ տեղյակ լիներ այդ տան պատմությանն ու Մարտինի մոր՝ Սիրանույշի վերջին մի քանի օրվա իրարանցմանը, կմտածեր, որ Մարտին Սահակյանը, անծանոթուհուն կողքը գցած, մինչև մեր 5-րդ փողոց է քայլում առնվազն այնտեղից, որտեղ գտնվում էր դեռ երեկ, որտեղ երեկ նրան գտել էր մեր ուղարկած հեռագիրը, և որ նա, իրոք, ոտքով է անցել այն ամբողջ ճանապարհը, որը իրականում կտրել է ժամանակակից ռեակտիվ ինքնաթիռներով ու արագընթաց մեքենաներով։ |
s-13
| Նայում էինք նրա կողքից քայլող կնոջը, որի մասին ոչինչ չգիտեինք ու չէինք պատկերացնում, որ Մարտինը թեկուզ մի քայլ առանց նրա գցած լինի։ |
s-14
| Թվում էր, այդքան երկար ճանապարհ, այդքան դժվար ճանապարհ հնարավոր է անցնել միայն այդ կնոջ ուղեկցությամբ։ |
s-15
| Մեր 5-րդ փողոցով չքայլեին նրանք, որի ամեն մի թիզը անգիր գիտեինք, կհավատայինք, որ մեր աչքերը խաբում են մեզ, ոչ թե չոր ասֆալտ է նրանց ոտքերի տակ, այլ թանձր, կպչուն ձյութ։ |
s-16
| Եվ չէինք զարմանա, եթե նրանց ոտքերի հետ ձյութի անունից խոսող կարծր ասֆալտը հանկարծ փափուկ խմոր դառնար, և նրանք քայլեին մինչև ծնկները թաղվելով։ |
s-17
| Դժվար էր միանգամից գուշակել, թե ինչ պիտի պատահեր թեթևամիտ Մարտինին, որ նա միանգամից այդքան ծանրանար, դժվար էր պատկերացնել, որ սլացիկ ու գեղեցիկ անծանոթուհին նույնպես կարող է այդքան ծանր լինել։ |
s-18
| Դժվար էր գուշակել, դժվար էր պատկերացնել, բայց ի՞նչ կարող էինք անել՝ այդ էինք տեսնում։ |
s-19
| Մեր փողոցի ասֆալտի կարծրությանը վստահ էինք, ուրեմն, գաղտնիքը նրանց մեջ էր։ |
s-20
| Մեր խորաթափանցությունը, ինչքան էլ քչից-շատից տեղյակ լինեինք դեպքերին, երկրորդական էր, գլխավորը նրանց մեջ էր, որ հարյուր մետրը անցնում էին որպես հարյուր կիլոմետր, հազար կիլոմետր։ |
s-21
| Որպես ոչ միայն երեկ ու այսօր, այլև ամբողջ կյանքում անցած ճանապարհի շարունակություն։ |
s-22
| Եվ ոչ միայն սեփական, այլև նախնիների՝ տասնամյակներ ու հարյուրամյակներ առաջ անցած ճանապարհների շարունակություն։ |
s-23
| Այդ պահին էլ մեր հայացքը վերջապես սև քարից տունն էլ առավ իր մեջ, և մեր աչքին ներկայացած կերպարանափոխությունը ապշեցրեց մեզ։ |
s-24
| Վասակ Մնացականյանը, երկու տուն այս կողմ, իրենց շեմին կանգնած, ձեռքերը անդրավարտիքի գրպաններում, օրորվելով կրունկներից դեպի թաթերը ու թաթերից դեպի կրունկները, մտածեց. |
s-25
| «Այս ե՞րբ պառավեց հպարտ, գոռոզ իշխանուհին, ե՞րբ պառավեց, չիմացանք», և նրա պատկերավոր միտքը բոլորիս հասավ։ |
s-26
| Ավելի քան յոթանասուն տարի առաջ կառուցված այդ տունը, որ ոչ մի անգամ չնորոգվելով, ժամանակի հետ անհավասար պայքարում սկսել էր խարխլվել, որ սկսել էր փոքրանալ, խեղճանալ արդեն վաղուց՝ տարեց-տարի մեր նորոգվող կամ բոլորովին նոր կառուցվող տների հպարտ կեցվածքի առաջ, մեր աչքում խարխլվեց այդ պահին, փոքրացավ ու կուչ եկավ այդ պահին. մեր նոր տներն ու հեռվում՝ պողոտայում, կանգնած բարձրահասակ հսկաները ասես այդ պահին խոյացան բոլոր կողմերից, ասես այդ պահին վրա տվեցին բոլոր կողմերից, և սև տունը չդիմացավ նրանց գրոհին։ |
s-27
| Գուցե նա դեռևս որոշ բան ներկայացնում էր իրենից, ասենք ճարտարապետական արժեք, հենց թեկուզ միայն նախշազարդ պատշգամբն ամեն ինչ արժեր, բայց դա այն պատշգամբն էր, ուր Սիրանույշը ոտք չէր դրել երևի արդեն պատերազմի ժամանակներից, որովհետև թեքված, առաջ եկած պատշգամբը վաղուց էր սպասում այն միամիտին կամ հիմարին, որի հետ որևէ ձախողակ անցորդի գլխին շուռ կգար։ |
s-28
| Մարգարիտ էլ լիներ այդ տունը, հիմա փոշու մեջ ընկած մարգարիտ էր, տրորված, ոտնակոխ մարգարիտ, և մենք չլինեինք, ուրիշը լիներ մեր տեղը, տեսներ այդ տունը ու տեսներ այդ երկուսին, կասեր, որ նրանք այնտեղ են գնում, մեր փողոցում նրանց համար այլ տեղ չկա։ |
s-29
| Ինչ-որ բանը, որ մեզ ստիպում էր այդպես զգալ, որ պիտի ստիպեր այդպես մտածել և նրանց առաջին անգամ տեսնողին, ինչ-որ բանը մեր մեջ չէր, այլ նրանց։ |
s-30
| Շատ էլ թե Մարտին Սահակյանը, մորից, տատից և էլ չգիտենք թե ումից ժառանգած իր մի քիչ անկախ, մի քիչ արհամարհական կեցվածքը հիմա էլ էր պահպանում, շատ էլ թե նրա ուղեկցուհին քայլում էր երիտասարդ, իր հմայքների գինն իմացող կնոջ ինքնավստահությամբ և գեղեցիկ գլուխը ոչ մի անգամ չթեքեց մեր միամիտ, քաղքենի, սնապարծ ու բարեհոգի տների կողմը, նրանց վրա խարան կար, ինչ-որ բանը իր հետքը թողել էր նրանց վրա։ |
s-31
| Առանձին-առանձին երկուսի վրա ու երկուսի վրա միաժամանակ։ |
s-32
| Այդ տեսնելու համար Հայկարամ Թորգոմյանին պետք չեկավ նույնիսկ ակնոցը։ |
s-33
| Նա իր ծառերի մոտ էր իջնում առանց ակնոցի և իր ծառերի տակ կանգնած, ինչպես միշտ կարծես շուրջը չնայելով, ինչպես միշտ տեսավ ամենակարևորը։ |
s-34
| «Նրանք իրարից հեռու չեն կարող փախչել, բայց ավելի մոտենալ էլ չեն կարող։ |
s-35
| Լծկանների պես»,— ասաց Հայկարամ Թորգոմյանը, և մենք էլ այդ տեսանք։ |
s-36
| Գնում էին նրանք, նայում էինք մենք նրանց ու իսկապես տեսնում՝ ինչ-որ մի ուժ նրանց ընտրել է աշխարհի բոլոր կանանց ու տղամարդկանց միջից և դրել կողք-կողքի, բայց ինչ-որ բան էլ դրել նրանց արանքում։ |
s-37
| Նայում էինք մենք նրանց ու տեսնում, որ բացի իրենց ճանապարհորդական թեթև պայուսակներից, նրանք տանում են նաև մեկ այլ բեռ, որը չեն կարող կիսել։ |
s-38
| Բեռ, որ կիսվելուց չի թեթևանա, պարզապես մեկն էր, կդառնա երկուսը, իսկ առանձին-առանձին նրանցից և ոչ մեկը չի դիմանա այդ ծանրությանը, չի քաշի։ |
s-39
| Եվ նրանք քաշում էին երկուսով, իրար կապվում այդ բեռով։ |
s-40
| Մենք տեսնում էինք, որ նրանք սովորական լծկաններ չեն, ավելին, տեսնում էինք, որ մինչև այդ բեռի տակ մտնելը նրանցից և ոչ մեկը լծկան չի եղել, նայում էինք նրանց հպարտ գլուխներին, նրանց հպարտ պարանոցներին և, մեր դռների մեջ կանգնած, մեր լուսամուտներից կախված, մտածում, որ եթե անգամ Մարտինը երեկ, մյուս օրը, այն մյուս օրը համբուրել է այդ կնոջ պարանոցը, որ եթե անգամ այդ կինը երեկ, մյուս օրը, այն մյուս օրը թևերը գցել է Մարտինի պարանոցով, հիմա նրանց պարանոցներին ոչ թե կրքոտ համբույրների հետքեր կտեսնենք, այլ լծասարքի խարանը՝ խորն ու անջնջելի խարանը։ |
s-41
| Գնում էին նրանք իրիկնադեմի երկարած ստվերների միջով, և մեր փողոցի փոշին, գումարվելով այն ճանապարհների փոշուն, որոնք նրանք ոտքով չանցնելով հանդերձ ոտքով էին անցել ու այն ճանապարհների փոշուն, որոնք ուրիշներն էին անցել տասնամյակներ ու հազարամյակներ առաջ, բայց որը նրանց վրա էր իջնում, կնոջ մարմնից ջնջում էին Մարտինի համբույրներն ու շոյանքները, Մարտինի շուրթերից ու ափերից՝ կնոջ համն ու կրծքերի ուռուցիկությունը, կամ էլ, ընդհակառակը, բոլոր տարիների ու ժամանակների փոշիները, գումարվելով մեր փողոցի փոշուն, զմռսում էին նրանց սիրո հետքերը, որպես այրող հիշողություն, որպես կսկծացող վերք թաքցնում, պահում նրանց վրա ընկած բեռան տակ։ |
s-42
| Մեծ, ծանր բեռան տակ, որ ծածկելու է, ճզմելու ամեն ինչ, տեղ չթողնելով որևէ այլ բանի համար։ |
s-43
| Այնքան մեծ ու այնքան ծանր, որ եթե քաշելը, տանելը դժվար է, ազատվել, թոթափելն անհնար պիտի լինի։ |
s-44
| Եվ երբ նրանք մոտեցել էին սև տան երկարած ստվերին, մենք մտածեցինք. այդպես կողք-կողքի նրանք քայլելու են ամբողջ կյանքում, այդպես ուս-ուսի ամբողջ կյանքում քաշելու են իրենց բեռը, այսուհետև ցանկության դեպքում էլ անկարող հեռանալ իրարից (լծկանների պես), ամենակրքոտ ցանկության դեպքում էլ այսուհետև անկարող ավելի մոտենալ իրար (լծկանների պես, լծկանների՜ պես)։ |
s-45
| Այդպես մտածեցինք, որովհետև նշան կար նրանց վրա։ |
s-46
| Ինչ-որ ուժը, որ նրանց էր ընտրել աշխարհի բոլոր կանանց ու տղամարդկանց միջից, ընտրել էր համաձայն այն նշանի, և մենք էլ այն տեսանք։ |
s-47
| Տեսանք չհավատալով։ |
s-48
| Մտածեցինք՝ ամբողջ փողոցով, մեծից-փոքր, այր ու կին, կամ մի մարդու պես հարբած ենք, կամ զառանցում ենք։ |
s-49
| Տեսիլք էր, իսկական տեսիլք։ |
s-50
| Ծանոթ պատկեր էր, առաջին անգամ չէր Մարտին Սահակյանը, մի թեթև պայուսակ ձեռքին, տարին մեկ անգամ իրենց տանը մոտենում, և մեզ հանկարծ թվաց... ոչ, ոչ, բառիս բուն իմաստով տեսանք, որ նա միշտ էլ եկել է այդ կնոջ ուղեկցությամբ։ |
s-51
| Փորձեցինք սթափվել, պատկերացրինք Մարտինին այն ժամանակներում, երբ դեռ մեր փողոցում էր ապրում ու, բնական է, տուն էր վերադառնում ամեն օր, և նորից այդ կինը նրա կողքին էր։ |
s-52
| Ուզում էինք մենք այդ թե ոչ, բայց ինչպես էլ պատկերացրինք Մարտինին՝ դեռևս պատանի, դեռևս երեխա, այդ կինը նրա կողքից չէր հեռանում։ |
s-53
| Խաղում էր Մարտինը մեր փողոցի փոշիների մեջ, թե դպրոց գնում ու գալիս, ուսանող դարձած՝ համալսարանից էր վերադառնում, թե ինչպես հիմա տարին մեկ անգամ մորը տեսնելու գալիս, այդ կինը նրանից անբաժան էր՝ սկզբում փոքրիկ, թիզուկես աղջնակ, ապա հասուն օրիորդ դարձած և, վերջապես, իր ներկայիս կերպարանքով։ |
s-54
| Ուրեմն, զարմանալի չէր, որ հենց առաջին հայացքից մեզ ծանոթ թվաց։ |
s-55
| Պարզապես սկզբում տեսել էինք նրա վրայի նշանը, գլխի չընկնելով, թե ինչ ենք տեսնում, ապա հասկացանք ու մի պահ անգամ չկասկածեցինք, որ առնվազն նրա շունչը միշտ թևածել է Մարտինի վրա, նրա անգո-գոյությունը մշտապես կախված է եղել սև տան գլխին։ |
s-56
| Ոգի էր այդ կինը, շող, թե անեծք, բայց միշտ ուղեկցել է Մարտինին, միշտ սև տան վրա եղել։ |
s-57
| Հիմա էլ վերջապես միս ու արյուն է առել։ |
s-58
| Ինչ-որ բան է պատահել, և նա նյութականացել է։ |
s-59
| Եվ պարզ էր մի բան, այդ կինն ու Մարտինը նույն նշանի տակ են, ջրի երկու կաթիլի պես նման իրար։ |
s-60
| Այդ կինը մեր Մարտինն էր, միայն թե կնոջ կերպարանքով, մեր Մարտինը այդ կինն էր, միայն թե տղամարդու կերպարանք առած։ |
s-61
| Եվ արդեն պարզ էր, թե ինչու սկզբում Մարտինը անճանաչելի փոխված թվաց։ |
s-62
| Որովհետև նրա պատկերը, քանի դեռ այդ կինը չէր նյութականացել, կիսատ էր։ |
s-63
| Ինչևէ, երևի նույն կերպ էլ Մարտինին հանդիպելուց հետո կնոջ պատկերն էր ամբողջացել։ |
s-64
| Բայց նրան մինչ այդ չէինք տեսել, ոչինչ չէինք կարող ասել։ |
s-65
| Հիմա, իհարկե, շատ ավելին գիտենք։ |
s-66
| Գիտենք, որ այդ կինը ամբողջ կյանքում, նույնիսկ իր բեղմնավորման պահից, ինքն էլ այդ չիմանալով, դեպի այս տունն էր ձգտում ու վերջապես հասավ։ |
s-67
| Սև տունն էլ իր գոյության ողջ ընթացքում այս այցելությանն էր սպասում։ |
s-68
| Սպասել էր կառուցման օրից, երբ հիմքի առաջին քարն էր դրվում, երբ բարձրանում էին պատերը, երբ բնակելի էր դարձել, երբ մեր փողոցի զարդն էր ու հպարտությունը, սպասում էր և հիմա, երբ խնամքի կարոտ կիսաավերակ էր դարձել։ |
s-69
| Սպասել էր, սպասում էր, չիմանալով, թե երբ ու ինչ տեսքով կկայանա այցելությունը և ինչ կբերի իրեն՝ վերջնականապես կցնցի հիմքից, թե գոյատևելու օրհնություն կտա։ |
s-70
| Ինչևէ, երբ վերջապես սև տունը բացեց դռները, իր մեջ առավ Մարտինին ու նրա ուղեկցուհուն, մենք մտածեցինք՝ վերջ, այս անգամ արդեն միջին ճանապարհ չկա. փոշեթավալ մարգարիտը կամ կշողշողա ամբողջ փայլով, կամ կանհետանա մեկընդմիշտ։ |