s-6
| «Ազգային սնապարծությո՞ւն , թե՞ ...» |
s-7
| «... խոսելու եմ մեկ արմատական հարցի մասին, որ ունի երկու բուն` ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն, որոնք առերևույթ կարծես կապ չունեն գրականության հետ, բայց ըստ էության գրականության ծնողներն են: |
s-8
| Սնապարծությո՞ւնը ... |
s-9
| Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք. |
s-10
| «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: |
s-11
| Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ: |
s-12
| Նույնիսկ 1915-ի ազգասպանության աննախադեպ փաստը եկավ նույնը հաստատելու. 1915-21 թվականներին կարծես երկինք ու գետին խոսքը մեկ էին արել կործանելու մեր անմեղ-մեղավոր ազգը: |
s-13
| Բայց չկարողացան, որովհետև չուզեցինք: |
s-14
| Իսկ ինքնասպանությո՞ւնը ... |
s-15
| Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: |
s-16
| Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է: |
s-17
| Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: |
s-18
| Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի (ո՛չ , այս անգամ հո՜ղմ ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ: |
s-19
| Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք կարմիր, իսկ այժմ առավել ևս սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: |
s-20
| Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, հենց գործում է մեր իսկ ներսում, իբրև արխայինություն-դինջություն: |
s-21
| Մեր նոր պատմագրության առաջին մեծը` Միքայել Չամչյանը, իր եռահատոր «Հայոց պատմությամբ» ահագին գործ է արել մեր ժողովրդի արթնացման և զարթոնքի հեռավոր տարիներին,- մեծ մեղք կլինի այս մոռանալը: |
s-22
| Բայց Չամչյանի պատմական սկզբունքը հետևյալն էր, քանի որ Նոյյան տապանն իջել է Արարատի գագաթին, ուրեմն Հայաստանն է արդի մարդկության օրրանը: |
s-23
| Քանի որ (ըստ նույն Սուրբ գրոց վկայության) Ադամ-Եվայի երբեմնի դրախտը գտնվում էր Տիգրիս և Եփրատ գետերի միջև, ուրեմն Հայաստանն է «Երկիր դրախտավայրը»: |
s-24
| Քանի որ... |
s-25
| Այս «քանի-որ»-ների համար կարելի է և պետք է ներել հայր Չամչյանին, բայց պետք է թշնամաբար նայել բոլոր նրանց, ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևով. |
s-26
| «Մենք որ կայինք. այսինչ ժողովուրդը դեռ միսն աղել չգիտեր...»: |
s-27
| «Մենք որ Պլատոն էինք թարգմանում` նրանք ապրում էին ծառերի վրա...»: |
s-28
| «Իսկ հապա մեր Այսինչ, մեր Այնինչը, մեր Էսը, մեր Էնը»: |
s-29
| Ահռելին այն է, որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ Էսը, ո՛չ Էնը. նա պարզապես կրկնում է անուններ: |
s-30
| Իսկ ամոթալին էլ այն է, որ նա ոչ միայն չգիտի, այլ նաև եթե նրան ասես, թե մեր մոտավոր ու հեռավոր հարևաններն էլ ունեցել են այդ ամենը կամ այդ ամենից շատ ավելին, չի՛ հավատա կամ քեզ կհամարի, ինչպես հիմա ասում են` «շուռ տված հայ»: |
s-31
| Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձ է, որ լցված է ոչ թե աղվամազով, այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն, եթե ոչ պայքար: |
s-32
| Եվ դա ա՛յն ժամանակ, երբ ո՛չ Նոյյան տապան, ո՛չ էլ Նարեկացի ունեցող, երեկվա իսկապես անգիր ու անգիրք ազգերը մեր աչքերի առջև ստեղծում են այնպիսի գրական երկեր, որ ունենում են համամիութենական (ու համաշխարհային) հնչեղություն և ստիպում մեզ թարգմանել դրանք: |
s-33
| Պլատոնին և Արիստոտելին 6-րդ դարում թարգմանած ազգի փուչ հայրենասերը չպիտի՞ մտածի նաև այս նորօրյա թարգմանությունների մասին: |
s-34
| Ահա այս հարցն է, որ պիտի մտահոգի և մտատանջի մեզ` հայ գրականության մշակներիս, և ա՛յս բարձունքից մենք նայենք մեր գրական բոլոր լուրջ և անլուրջ վեճերին: |
s-35
| Թե ավագ սերնդի գրողները (այսօր և հավիտենից հավիտյան) ամենայն անկեղծությամբ կարող են տարակուսանքով (նաև անկեղծ թշնամությամբ) նայել կրտսերների գրածին,- ավելի քան բնական է. ամեն մի սերունդ, ինչպես որ ամեն մի տուն, ունի իր առաստաղը: |
s-36
| Բայց ինձ ապշեցնում է ավագ կոչվելուց շատ հեռու, նույնիսկ երիտասարդ գրականագետների և գրականության պատմաբանների պահվածքն ու մտածելակերպը: |
s-37
| Մասնագիտության բերումով նրանք շա՛տ ավելի լրջորեն, շա՛տ ավելի կապակցված պիտի գիտենան մեր գրականության պատմությունը: |
s-38
| Մի՞թե տարօրինակ էր, որ գրաբարին հետևեց աշխարհաբարը, կլասիցիզմին ռոմանտիզմը, ռոմանտիզմին ռեալիզմը, ռեալիզմին` սիմվոլիզմը: |
s-39
| Թե՞ մեր հարգարժան գրականագետները կարծում են, որ գրականության զարգացումը, գրական հոսանքների և դպրոցների գոյացման բնականոն երևույթը կանգ է առնում հենց մե՛զ վրա: |
s-40
| Նրանք ոչ միայն տարօրինակ բան չեն տեսնում, այլև հատորներ են լցնում` ապացուցելու, որ գրականության զարգացումը պիտի Ալամդարյանից հետո ծներ Պատկանյանին, սրանից հետո` Թումանյանին, սրանից հետո` Տերյանին, սրանից հետո` Չարենցին: |
s-41
| Իսկ հիմա՞ : |
s-42
| Աշխարհը վերջացա՞վ : |
s-43
| Կյանքը կա՞նգ առավ: |
s-44
| Այս անտեր բանաստեղծություն կոչվածը այլևս պիտի չունենա՞ նոր մակարդակ, մտածողության նոր ձև, նոր որակ: |
s-45
| Սա այնքան պարզ մի հարց է, որ առաջանալ կարող է միայն այնտեղ, որտեղ գործում են երջանիկ անգիտությունը և ահռելի պահպանողականությունը, նախապաշարմունքն ավելի, քան աչալրջությունը, սովորույթի ուժն առավել, քան գիտակցությունը: |
s-46
| Ասում են, որ սովորույթը մարդուս երկրորդ բնությունն է: |
s-47
| Բայց մեզնից շատ-շատերի համար դա երևի դարձել է պարզապես առաջին բնություն: |
s-48
| Եթե մենք չենք կարող ավելի գործնական միջոցներով պայքարել այդ ահավոր ուժի դեմ, ապա եկեք գոնե հետևենք պայծա՛ռ Մարկ Տվենի խորհրդին. |
s-49
| «Սովորույթը սովորույթ է, նրան լուսամուտից դուրս չես նետի,- ասում էր նա,- հարկավոր է սովորույթին քայլ առ քայլ հրապուրելով դուրս հանել տնից»: |
s-50
| Եվ եթե մենք կարողանանք վարվել այսպես, ապա ոչ այսօր, գեթ վաղը կհասկանանք, որ թե՛ բանաստեղծության, թե՛ արձակի մեջ եկել, գործում է մի սերունդ, որի արածն ու վաղվա անելիքը ստիպված պիտի կոչես նոր հոսանք կամ նոր դպրոց: |
s-51
| Խնդրանքով կամ սպառնալիքով, կոչով կամ հայհոյանքով, տպագրությունն արգելակելով կամ տպվածը վարկաբեկելով կարելի է, այո՛ , նրանց միառժամանակ խանգարել, բայց կանխել` բնա՛վ երբեք: |
s-52
| Այդ նույնն է, թե անձրևի դեմ պայքարես աղոթքով կամ խսիր-կարպետով, հոսանքի դեմ` ձեռքիդ ափով կամ ջղայնությամբ ու գոռոցով: |
s-53
| Ասում են, որ գրական հիշյալ սերունդը սերակալում է ոչ թե մայրենի, այլ օտար կաթի վրա: |
s-54
| Նախ` սուտ է, եթե նկատի առնենք այս սերնդի լավագույն և արդեն հասուն ներկայացուցիչներին. մնացածը կա՛մ կվերադառնան իրենց հող ու ջրին, կա՛մ պարզապես հող ու ջուր կդառնան, այսինքն` չեն դառնա գրող: |
s-55
| Բայց մի րոպե ընդունենք, որ դա իրոք էլ այդպես է: |
s-56
| Իսկ ո՞վ ասաց, որ հայ երիտասարդ գրողը պիտի սովորի միայն «Հացի խնդրից» ու «Հացավանից», բայց ոչ նաև Գոլսուորսիից ու Հեմինգուեյից, միայն Թումանյանից ու Տերյանից, բայց ոչ նաև Ներուդայից և Լորկայից: |
s-57
| Մենք հարուստ ենք դարավոր ավանդներո՞վ : |
s-58
| Այո՛ : |
s-59
| Բայց մի՞թե ավելի ենք հարուստ, քան Սահարան ավազով: |
s-60
| Իսկ գիտե՞ք , որ եգիպտացիք տարեկան մի քանի հազար խորանարդ մետր ավազ են ծախ առնում Անգլիայից, և գիտե՞ք , թե ու՞մ համար: |
s-61
| Սահարա՜յի համար… ավա՜զ ` Սահարա՛յի համար, որովհետև անապատի ավազը մանր է և բետոն չի դառնում: |
s-62
| Բետոն ունենալու և մեր ազգային գրական շենքը կառուցելու համար մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարզապես պարտավոր ենք ավազ ներմուծել` որտեղից էլ որ դա լինի: |
s-63
| Եվ այսպե՛ս , ճիշտ այսպե՛ս էլ վարվել են մեր հեռավոր ու մոտավոր բոլոր այն նախնիները, որոնք այսօր մեր սրբություններն են և սրբություն են դարձել հենց նու՛յն պատճառով, «ավազ ներմուծելու» շնորհիվ` սկսած Մաշտոցից մինչև Տերյան ու Չարենց, մինչև Մեծարենց ու Վարուժան: |
s-64
| Եվ ավելորդ եմ համարում նման մի դահլիճում իմ այս միտքը մանրելու, յուրաքանչյուր ոք պիտի որ իմանա դա: |
s-65
| Բայց ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ ժողովուրդների (մանավանդ փոքր ժողովուրդների) հարատևման երկու եղանակ կա միայն. կա՛մ ընթանալ համամարդկային քաղաքակրթության հետ զուգաքայլ, կա՛մ ապրել նախնական-վաչկատնային կյանքով: |
s-66
| Այս վերջին ճամփան մեր առջև փակ է և փակ է արդեն ավելի քան 1500 տարի: |
s-67
| Ուրեմն, սուրբ Մեսրոպի կամքով թե մեղքով, մեզ մնում է միայն մե՛կ ճանապարհ` աշխարհի առաջադեմ երկրներից շատ ետ չմնալու, նրանց հետ համաքայլելու ուղին: |
s-68
| Հակառակ դեպքում մեզ չի փրկելու ո՛չ մի հովանոց կամ անձրևանոց. պիտի այրվենք կամ նեխվենք: |
s-69
| Ես այսքան շեշտված ու շատ խոսեցի այս առիթով, որովհետև յուղում են այն անիվը, որ շատ է ճռռում, և դա մի ճոռոց է, որ միայն գլխացավանք չի պատճառում, դա մի ճռռոց է, որ վտանգում է մեր երկանիվ կառքի ոչ միայն սլացումը, այլև գոյությունը, եթե մենք այս ճռռոցին ուշք չդարձնելով ընթանանք, ապա մեր գործերն էլ կընթանան ավազի ժամացույցի պես. դանդաղ կհոսենք-կհոսենք և խըրթ` կվերջանանք, և ուշ կլինի, ու թերևս չգտնվի մի օտար «բարի» ձեռք, որ մեզ վերցնի և շուռ տա ավազի ժամացույցի պես: |
s-70
| Գուցե տագնա՞պ կա իմ այս խոսքերի մեջ: |
s-71
| Գուցե: |
s-72
| Բայց դա ընդամենը տագնապ է և ոչ թե խուճապ: |
s-73
| Եվ դա այն տագնապն է, որ ունենում է գնացքից կամ օդանավից ուշացողը: |
s-74
| Տագնապն է այն շախմատիստի, որ ցայտնոտի մեջ է: |
s-75
| Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից: |
s-76
| Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը... |
s-77
| Այստեղ է ահա, որ ես պիտի դառնամ ազգային արժանապատվության հարցին և այստեղ է, որ ես բաց ճակատով և լեցուն հպարտությամբ պիտի վկայեմ, որ ես հայ եմ` զավակը մի ժողովրդի, որ իրոք շատ բան է տվել աշխարհի քաղաքակրթությանը և տվածի մեջ էլ` ինձ համար ամենաթանկն ու ամենագեղեցիկը` իր այլասիրական այն ոգին, որ եվրոպացիք ալտրուիզմ են կոչում, իսկ մեր երկրում գերադասելի է կոչել «ինտերնացիոնալիզմ»: |
s-78
| Եվ իսկապես էլ աշխարհի բոլոր ժողովուրդների շարքում մենք թերևս այն հազվագյուտ ժողովուրդն ենք, որ դաժան բախտի և աննախանձելի վիճակի հասանք գուցե այն պատճառով, որ կարգին չսովորեցինք ատելու ըստ երևույթին շատ անհրաժեշտ գիտությունը: |
s-79
| Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով. ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որևէ մեկի տունը քանդելու, որևէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որևէ մեկին դավանափոխելու, որևէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ: |
s-80
| Հիմա դժվար է հաշվել մեր կորստի և շահածի տարբերությունը: |
s-81
| Շահել ենք բարի անուն, այլասեր կոչվելու հպարտություն, բացճակատ ապրելու եզակի հնարավորություն, բայց կորցրել ենք... |
s-82
| Թույլ տվեք չթվարկել, թե ինչե՜ր ենք կորցրել: |
s-83
| Թույլ տվեք ընդամենը վերահաստատել, որ դարձել ենք շա՛տ -շա՛տ -շա՜տ վիրավոր, վիրավոր հոգով ու հողով: |
s-84
| Եվ եթե Մայակովսկին ասում էր` հրդեհվող սրտի վրա կելնեն քնքշանքով և ոչ թե հրշեջային կոպիտ սապոգներով, ապա դա ասված է ամենից առաջ հենց մե՛ր ժողովրդի մասին: |
s-85
| Եվ եթե ամեն մարդ ունի իր արժանապատվությունը, ապա ամեն ազգ ունի կրկնակի: |
s-86
| Իսկ վիրավոր ազգը, ինչպիսին մենք ենք` քառակի: |
s-87
| Ըստ որում ես կոչ եմ անում ոչ թե հոգեբանական ըմբռնումի, այլ արդարության մի պահանջի, որ պետք է պարտադիր լինի եթե ոչ ամեն մի քաղաքագետի, ապա ամեն մի արվեստագետի համար: |
s-88
| Այստեղ խոսքս կենտրոնացնեմ անդրկովկասյան ժողովուրդների բանաստեղծների վրա` հիշեցնելով հային, վրացուն և ադրբեջանցուն, որ մենք թոռներն ենք Աբովյանի և Ախունդովի, Սունդուկյանի և Ծերեթելու: |
s-89
| Եվ այս ասելով ես չեմ անում ժողովուրդների եղբայրության այն ժուռնալիստական կոչը, որից մեր ատամներն առել են: |
s-90
| Ես ուզում եմ, որ մեր մեծերի ստվերները հետապնդեն մեզ, նույնիսկ սատանայի կամ շեյթանի նման, միայն թե հիշեցնեն, որ մենք պիտի արժանի դառնանք իրենց հիշատակին ոչ թե ճառով, այլ ապրելակերպով ու գործով: |
s-91
| Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»: |
s-92
| Ես, որպես հայ ժողովրդի բանաստեղծ, ինձ համար մեծագույն անպատվություն կհամարեմ, եթե իմանամ, որ որևէ հայ պատմաբան պատմություն է աղավաղում` ի վնաս հարևան ժողովրդի, որևէ հայ ճանապարհաշինարար խիճ է սարքում հարևանի խաչքարերից, որևէ հայ երկրաբան պայթեցումներ է կատարում հարևան հինավուրց եկեղեցու կամ մեչիդի պատերի տակ, որևէ հայ բանաստեղծ հայհոյական խոսք է ասում հարևանի հերոսի հասցեին: |
s-93
| Այսպիսի ամեն մի փաստ ըստ էության արձանագրվում է տվյալ ազգի անձնագրի «հատուկ նշումներ» բաժնում և ծանրացնում է ազգի «դատական գործի» ոչ թե արդարացման, այլ մեղադրանքի բաժինը: |
s-94
| Մեզ` մոտիկ ու հեռու ժողովուրդների գրողներիս համար այսպիսի արդարամտությամբ ապրելու մեկ առիթը արժի մեկ սքանչելի պոեմ կամ վեպ, որովհետև, նորից եմ կրկնում, ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»: |
s-95
| Բայց ես գիտակցում եմ նաև, խորապես եմ գիտակցում, որ ուրիշներից արժանապատվության հարգանք կարող է պահանջել լոկ նա, ով արժանապատվության զգացում ունի ինքը: |
s-96
| Ուրեմն, եկեք մեկ րոպե մտածենք ա՛յս մասին: |
s-97
| Դեռ չի լռել մեծ Ռուսթավելու փառավոր հոբելյանի առավել քան փառավոր նշման արձագանքը, ա՛յն հոբելյանի, որ հայերս նշեցինք որքան շուքով, այնքան ավելի ուրախությամբ: |
s-98
| Իսկ գոնե այդ առիթով մենք գործնականապես մտածեցի՞նք , որ մեծ Շոթայից ամբողջ 200 տարի առաջ արարչագործել է Նարեկացին, որին ես` ազգային սնապարծության ոխերիմ թշնամիս, համարում եմ մարդկության մեծագույն հանճարներից մեկը: |
s-99
| Եվ ոչ միայն ես, այլև ֆրանսիացիք, որ նույն կարծիքն են հայտնել Նոբելյան մրցանակի արժանացած իրենց գրողների շուրթերով: |
s-100
| Իսկ ինչպե՞ս , իսկ ինչպե՞ս մտածեցինք Նարեկացու հոբելյանի մասին, եթե մինչև այսօր էլ կան հայեր (չակերտավոր մարքսիստներ, փիլիսոփաներ և գրականագետներ), որոնք Նարեկացու հանճարեղ պոեմը պարզապես աղոթագիրք են համարում: |
s-101
| Իսկ ինչպե՞ս մենք մտածենք Նարեկացու հոբելյանի մասին, եթե հեռու-հեռավոր ֆրանսիացիների վերջին տարիների գրական կյանքը լեցուն է Նարեկացիով, իսկ մոտիկ-մերձավոր ռուսները Նարեկացու անունն էլ չգիտեն ո՛չ իրենց, այլ մե՜ր մեղքով: |
s-102
| Վաղը - մյուս օր լրանում է Մովսես Խորենացու ծննդյան 1500-ամյակը. ա՜յն Խորենացու, որի «Պատմությունը», հակառակ Նարեկացու «Մատյանի», վաղո՜ւց թարգմանվել է աշխարհիս բոլոր քաղաքակիրթ լեզուներով, որովհետև հիրավի ունի միջազգային արժեք: |
s-103
| Կնշե՞նք այս հոբելյանը: |
s-104
| Չե՛մ կարծում: |
s-105
| Հիմա մտովին գամ ու հասնեմ մեր ժամանակներին ու հասնեմ մեր գրողների միության աշխատանքներին` դարձյալ մնալով ազգային արժանապատվության հողի վրա: |