Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Մտածում եմ՝ Ադամի ու Եվայի վտարումը Եդեմական այգուց (դրախտից), նրանց տեղափոխումն այլ վայր, ուր շրջակայքն այլևս բարեկամական չէր, այլ խիստ թշնամական, ուր իրենց հացը պիտի տանջանքով վաստակեին, նույն մոլորակի սահմաններում չէր, որ կատարվեց:
s-2 Եդեմն այլ մոլորակ էր, աքսորավայրը՝ այլ, այսինքն՝ այս, ուր այժմ էլ բնակվում ենք, բայց միշտ նայում ենք երկինք՝ բնազդում դրոշմված հիշողությամբ Եդեմը որոնելով։
s-3 Իսկ այն չկա, Տերը պայթեցրել է կամ գուցե ամայացրել, բնակության համար անպիտան դարձրել, կամ էլ կա ու ախտահանվում է՝ նոր բնակիչներ ընդունելու համար։
s-4 Մի խոսքով՝ մենք դրա հետ էլ գործ չունենք, մերը չէ այլևս, մերը սա է՝ դժոխքը, որը, սակայն, հասցրել ենք սիրել. դեհ, շանը որտեղ էլ կապես, կապվում-ընտելանում-սիրում է։
s-5 Իրականում հեչ սիրելու բան չի. հա, էլի որ՝ կապույտ երկինք, ծովեր, անտառներ, դաշտեր:
s-6 Բայց դե ի սկզբանե հո սիրելի չի՞ եղել։
s-7 Ի սկզբանե մեր ուշքումիտքն ինքնապահպանումն էր, ստամոքսը լցնելը, էդ հետո, երբ անտառից փախանք, քաղաքակրթություն ստեղծեցինք, ազատ ու համեմատաբար անվտանգ ժամանակ ունեցանք ուրիշ, անտագնապ աչքով մեր շուրջը նայելու:
s-8 Իրականում՝ սարսափ է էս մեր մոլորակը, դժոխքն է, որ կա, էստեղ ապրելու բանաձևը բոլորի համար անփոփոխ միակն է՝ որսալ ու խժռել ուրիշին, արագ, քանի քեզ չեն խժռել...
s-9 Հիմա, այո, հաջողացրինք փախչել անտառներից, ու միմյանց խժռելու սարսափը կարծես թե թողեցինք էնտեղ մնացածներին, իսկ մենք խժռում ենք էնտեղից հետներս բերածներին, աճեցնում ենք, բազմացնում, բուծում՝ խժռում, բուծում՝ խժռում...
s-10 Է հա, բա ինչ անենք, հո սոված չե՞նք մնալու։
s-11 Բանաձևը մենք չենք կարգել, տերունական է, հակառակվելը` անկարելի...
s-12 Իսկ միմյանց չենք խժռում, չէ...
s-13 Էնպես, դեպքից դեպք, որպես շեղում, պաթոլոգիա։
s-14 Բայց ուրիշ որսի մասին էի ուզում խոսել, նրա առավել նուրբ, զուտ մարդկային տեսակի մասին, որին առնչվում ենք ծնված օրից։
s-15 Մարդ ծնվեց, սսս՜ , ծնվեց...
s-16 Լարի՛ր թակարդներդ, աշխա՛րհ , որսորդնե՛ր , պատրաստ եղե՛ք , նոր մարդ է գալիս...
s-17 Պորտը կտրեցին, ախտահարեցին, վերջ արգանդային անդարդ կայֆերին։
s-18 Ահա առաջին հոտերը, լույսն ու ստվերը, ձայները, ջերմաստիճանների տարբերությունները, խորդուբորդությունները...
s-19 Դեմքը խոժոռեց՝ ծիծ դրին բերանը, լաց եղավ՝ օրորեցին, ձեռքերը թափ տվեց՝ կապեցին, էլի լաց եղավ՝ ծծակ տվին...
s-20 Ուտյուտյու՜ , բալիկ ջան, պստլիկ ջան, արի մոտս, ուտեմ քեզ, կծեմ թուշդ, ու՞մ ես նման, ի՛նձ , չէ, ի՛նձ , իսկ ու՞մ ես շատ սիրում:
s-21 Գայթակղում են սվսվոցով, շվշվոցով, խաղալիքներ շխշխկացնելով...
s-22 Որսն սկսված է...
s-23 Սա քո մայրենին է՝ սա սովորիր, սա քո հայրենիքն է՝ էստե՛ղ պիտի ապրես, սրանք քո ավանդույթներն են՝ պիտի կրկնե՛ս , սա գեղեցիկն է, սա տգեղը, սա բարին է, սա չարը, սա ճիշտը, սա սխալը, հանկարծ չշփոթես...
s-24 Ես Հիսուսն եմ, ունեցածդ թափի, իմ ետևից արի՛ ...
s-25 Ես Մուհամեդն եմ, ինձ լսի՛ , գյավուրների հետ գործ չունես...
s-26 Ես Բուդդան եմ` արի պայծառատես դարձնեմ...
s-27 Ես Սատանան եմ՝ ինձ լսի, որ կյանքից կայֆ ստանա՛ս ...
s-28 Ես կոմունիզմի դրոշն եմ, մտի տակը...
s-29 Ես դեմոկրատիան եմ, անկատար եմ, բայց այլընտրանք չունես...
s-30 Ես օղին եմ, ես սիգարետն եմ, ես մորֆին ու կոկայինը, ես թղթախաղը, ես, շշշը՜ , ես սսեքսսն եմ...
s-31 Անդադար, ճամփեդ որոգայթներով է սփռված, ժամանակ չեն տա, որ տեսնես՝ ով ես, ինչ ես ուզում, ինչ չես ուզում, որսում են ու որսում...
s-32 Ու հասկանում ես՝ պիտի որսվես, նույնն է թե՝ պիտի ապրես, ապրելն ուրիշ ձև չունի։
s-33 Կան, անշուշտ, ոմանք, քչերը, բացառիկներ կամ հոգեկան հիվանդներ, որ ժամանակ առ ժամանակ ըմբոստանում են, հրաժարվում, իբր՝ ես չեմ որսվում, ես ձեզնից չեմ, ես ուրիշ եմ։
s-34 Ու նրանցից ոմանք հանուն ազատության կարող են նույնիսկ վազել` կամրջից նետվելու...
s-35 Ով պլստաց՝ պլստաց, վերջ, կորցրինք, չենք էլ իմանա՝ շահեց, կորցրեց, իսկ ով չհասցրեց պլստալ, հասնում-բռնում ենք, թևերն ոլորում, սաստում՝ չի կարելի, եկեղեցին արգելում է, հասարակությունը` պախարակում. նիհիլիզմ է, հոգեկան շեղում...
s-36 Կբուժենք, կվերադարձնենք հասարակությանը, բա ո՞նց , թե չէ ամեն մեկը որ էսպես ինքնագլուխ փախչի, ու՞մ ուղեղն ու գրպանն ենք մտնելու, ու՞մ ձեռն ենք հրացան տալու ու սահմանների վրա պահակ կարգելու, ո՞վ է քվեարկելու, ո՞վ է հաստոց աշխատացնելու, ու՞մ ենք բանտ նստացնելու, ո՞վ է արյուն տալու, ո՞վ է դրոշի տակ մտնելու, առաջնորդի ետևից գնալու, ու՞մ ենք ասելու՝ մեղքի զգացում, պատասխանատվություն, «Ազգը վեր է ամեն ինչից...», «Մահ իմացյալ անմահություն է...» և այլն, և այլն։
s-37 Էնպես որ, ետ եկ, մոլորյալ, թեկուզ՝ ճղած ջինսով, մազմորուքով, շեղված սեռականով...
s-38 Հա, մի զարմանա, եթե տենց կպած ազատություն ես ուզում՝ ա՛ռ , ջոկի՝ պանկ, բոմժ...
s-39 Որն ուզես, բայց էստեղ` հասարակության աչքի առաջ, մոտիկ, հեռու չգնաս, չպլստաս հանկարծ...
s-40 Սակայն մեկ էլ հանկարծ գալիս է մի ժամանակ, երբ զարմանքով հայտնաբերում ես, որ որոգայթները պակասեցին, էլ էնքան էլ չեն որսում...
s-41 Ո՞նց թե...
s-42 Կյանքի բանաձևը փոխվե՞ց ...
s-43 Չէ, նա անփոփոխ է, դու փոխվեցիր, գնա՛ , ասում են, հանգստացի՛ր , թոշակ-մոշակ...
s-44 Այ քեզ բան...
s-45 Տխրում ես, թախանձագին նայում սրա-նրա աչքերին, թե` որսացեք, էլի՜ ...
s-46 Բայց չէ, որոգայթներից մնացել են դեղերը, հեռուստասերիալները, կակտուսները, թզբեհը, նարդին...
s-47 Էլի վատ չի, եթե էսպես մնա, բայց ժամանակը կանգ չի առնում ու հետո...
s-48 Հետո գալիս են վերջին որսորդները՝ դագաղագործն ու փոս փորողը։
s-49 Ահա, պառկացրին վերջին թակարդում, մեխեցին...
s-50 Պրծ, էլ դուրս չես գա...
s-51 Ի՞նչ , հոգու անմահությու՞ն ...
s-52 Դեհ, ի՞նչ իմանանք, գուցեև կա, անհնարին չէ, ամեն դեպքում հույսդ մի կորցրու, մեկ էլ տեսար ու իսկապես...
s-53 Համբերություն քեզ, մարդ ջան:

Text viewDownload CoNNL-U