Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

Showing 1 - 100 of 102 • previousnext

s-1 Արդեն երրորդ օրն էր, որ Սիմեոնի հինգհազարանոց զորքը Գայլ գետի հովտով շարժվում էր հարավ-արևելք:
s-2 Եվ արդեն երրորդ օրն էր, որ անձրևը չէր դադարում:
s-3 Ձիերը երբեմն մինչև ծնկները թաղվում էին լպրծուն ցեխի մեջ, և հեծյալները ստիպված ցած էին գալիս՝ օգնելու և ոգևորելու:
s-4 Երբ ճանապարհին որևէ բնակավայր կամ հովվակայան էր երևում, առջևից ընթացող զինվորները շրջվում էին Սիմեոնի կողմը:
s-5 Այդ պահերին Սիմեոնը ձգում էր հոգնածությունից կորացած իրանը, գլուխը բարձրացնում, ընդունում այն վստահ ու անտարբերության հասնող հանգիստ կեցվածքը, որը սովորաբար ունենում էր Կոստանդնուպոլսում՝ կայսերական շքախմբի առջևից ընթանալիս:
s-6 Նրա հայացքը սահում էր թաց զինվորների վրայով, կորչում Հռոմեական կայսրության անծայրածիր տիրույթներում:
s-7 Սիմեոնն առաջին անգամ էր Փոքր Ասիայում:
s-8 Ամիսոսը, որտեղ նրանք ափ իջան տասնօրյա բարեհաջող նավարկությունից հետո, նրա վրա լավ տպավորություն թողեց, սակայն այժմ, երբ խորանում էին թերակղզու խորքերը, ավելի ու ավելի էր համակվում կասկածով, որ ոտք է դրել անակնկալներով լի երկրամաս:
s-9 Փրփրած գետը, մոխրագույն խավարում կորած հորիզոնն ու լպրծուն գետինը խարխլել էին վստահությունը, սակայն հաջողության և սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատը, որը ծնվել և զորացել էր Ապենինյան թերակղզում՝ լանգոբարդների և Բալկաններում՝ բուլղարների դեմ տարած հաղթանակներով, շատ ամուր էր նստած նրա մեջ:
s-10 Նա ռազմի դաշտում պարտություն չէր կրել:
s-11 Անցած զինվորական ուղին վերելք էր, զերծ սայթաքումներից և դադարից:
s-12 Լինելով պարսիկների դեմ Հերակլիոս կայսեր վարած հաղթական պատերազմների հերոսի թոռ և սենատորի որդի՝ նա զինվորական փայլուն կրթություն էր ստացել:
s-13 Տասնութամյա Սիմեոնն արդեն վաշտապետ էր, երեք տարի անց՝ գնդի հրամանատար:
s-14 Հատկապես աչքի ընկավ բուլղարների դեմ մղված մարտերում:
s-15 Բուլղարները Սիմեոնի փոքրիկ գունդը քշեցին Դանուբի ճահճուտները:
s-16 Թշնամին սեղմում էր օղակը, սովն ու ջերմախտը հնձում էին զինվորներին, բայց Սիմեոնն անձնատուր չեղավ:
s-17 Մի գիշեր հունական կրակով հրդեհեց շրջակայքը և անցավ հարձակման:
s-18 Բարբարոսները խուճապի մատնվեցին, կախարդական կրակն ապշեցրել էր նրանց:
s-19 Շփոթի մեջ Սիմեոնին հաջողվեց գերել նրանց առաջնորդին:
s-20 Բուլղարները ստիպված եղան հաշտություն խնդրել և, ստանալով իրենց առաջնորդին, հեռացան Հռոմեական կայսրության տիրույթներից:
s-21 Սիմեոնի փառքը թնդաց Կոստանդնուպոլսում:
s-22 Սուրբ Սոֆիայի տաճարում նրա պատվին պատարագ մատուցվեց:
s-23 Խաչված Հիսուսի մարմարյա արձանի առջև ծունր դրած Սիմեոնը զգում էր կայսեր հայրական, ժողովրդի հիացմունքով լի հայացքները:
s-24 Սև, պարզ ու համեստ պարեգոտն ու թավ մորուքը նրան հոգևորականի տեսք էին տվել, և եթե չլիներ կողքից կախված սուրը, ապա կարելի էր կարծել, թե եկեղեցու ատյանի առջև վարդապետ ձեռնադրվող երիտասարդ աբեղա էր կանգնած:
s-25 Բուրումնավետ խնկի կապտավուն ծխով պարուրված Սիմեոնը կարծես խորհրդանշում էր՝ խարխլվող հզորությունը խաչի և սրի միասնությամբ պահպանել ձգտող Հռոմեական կայսրությունը:
s-26 Այժմ, երբ երեք տարի պալատականի խաղաղ կյանք վարելուց հետո կրկին մարտի էր գնում, համակված էր երկակի զգացումով, որը նախկինում երբեք չէր ունեցել:
s-27 Անհայտությունն առաջին անգամ նրան վախ էր ներշնչում:
s-28 Այժմ նա կյանքից բացի վտանգում էր կորցնել ավելին՝ փառքն ու դիրքը:
s-29 Բայց մյուս կողմից էլ պալատական կյանքը՝ կայսեր ու կայսրուհու, նրանց շրջապատող քահանաների, սարկավագների ու սաղմոսերգուների ընկերակցությունը, հոգնեցրել էր նրան:
s-30 Լինելով լավ զինվորական, նա վատ պալատական էր:
s-31 Չէր խառնվում պալատական բանսարկություններին, կրկեսային կուսակցությունների պայքարին, սենատական դավադրություններին, ինչը նրան թեև ազնիվ մարդու համբավ էր պարգևել, բայց ըստ էության ավելորդ դարձրել պալատում:
s-32 Եվ այժմ, երբ կրկին տեսնում էր զինվորների մռայլ, բայց հնազանդ կերպարանքները, զենքերի փայլը, լսում ձիերի վրնջյունն ու զրահների զնգոցը, իրեն վերակենդանացած էր զգում:
s-33 Անցած-գնացած օրերի արթնացած կարոտը սեղմում էր կոկորդը, շտապում էր ժամ առաջ հասնել Կիբոսսա ամրոցը, և միայն բնատուր զգուշությունն էր զսպում անհամբերությունը:
s-34 Նա հրաժարվել էր կարավանային բանուկ ճանապարհից, ընտրել բնակավայրերից հեռու ընկած այդ ուղին, որպեսզի աննկատ մնար բանակի առաջխաղացումը, անսպասելիորեն հայտնվեր Կիբոսսայի մատույցներում և հանկարծահաս գրոհով մեկ-երկու օրում վերցներ ամրոցը, հիմնահատակ ոչնչացներ պավլիկյան որջը:
s-35 Երկարատև պաշարումը նրան վտանգավոր էր թվում, կայսրության փոքրասիական տիրույթները պարբերաբար ասպատակող արաբական հեծելազորն ամեն րոպե կարող էր հայտնվել այդ կողմերում, որոնց դեմ նրա հինգհազարանոց բանակը ոչինչ անել չէր կարող:
s-36 Չորրորդ օրը վաղ առավոտյան վրանից դուրս գալով՝ Սիմեոնը զարմանքից քար կտրեց. անձրևը փոխվել էր ձյան:
s-37 Զինվորներն այս ու այնտեղ խարույկներ էին վառել, տաքացնում էին գիշերը սառած մարմինները:
s-38 Տեսնելով մոտեցող զորավարին՝ նրանք ոտքի ելան, սակայն Սիմեոնին թվաց, թե զինվորներն այդ արեցին պակաս պատրաստակամությամբ:
s-39 Նա հրաժարվել էր բարբարոսների վարձկան ջոկատներից, զորքը համալրել հռոմեացի զինվորներով՝ նկատի ունենալով նրանց քրիստոնեական մոլեռանդությունը, և չէր կասկածում իր կազմած բանակի հուսալիությանը:
s-40 Սակայն լավ գիտեր, որ վատ եղանակը, հոգնածությունն ու զորավարի անտարբերությունը կարող են ավելի մեծ դժգոհություն առաջ բերել, քան սպասվող դժվարին առաջադրանքը:
s-41 Վերադառնալով վրան՝ նա կանչել տվեց վաշտապետներին և նրանց կարգադրեց նախաճաշից հետո իր վրանի առջև շարել բանակը:
s-42 Սիմեոնը զորքի առաջ ելավ գլխաբաց:
s-43 Քամին ծածանում էր ուսերին նետված թիկնոցի փեշերը, խառնում մազերը, ձյան թաց փաթիլները ձաղկում էին երեսը, լցվում աչքերը, սակայն նա աչքն անգամ չէր թարթում:
s-44 Զավակներս, սկսեց Սիմեոնը, ի սեր մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, կայսեր ու հռոմեացի ժողովրդի, մենք պատրաստ ենք անել ավելին, քան անում ենք, պատրաստ ենք կրել ավելի մեծ զրկանքներ, քան կրում ենք:
s-45 Դա է մեր՝ զինվորներիս պարտքը:
s-46 Կայսրը և ժողովուրդը իրենց բախտը վստահում են մեզ, իսկ մենք հույսը միայն մեզ վրա կարող ենք դնել:
s-47 Բոլորդ էլ փորձված զինվորներ եք, գիտեք, որ միշտ էլ կծագեն չնախատեսված դժվարություններ:
s-48 Ո՞վ կսպասեր, որ ապրիլին ձյուն կգար և այսպես ցուրտ կլիներ:
s-49 Բայց մի՞թե ես ավելի տաք եմ հագնված, մի՞թե իմ ոսկորները չեն զգում այս անտանելի խոնավությունը:
s-50 Կասեք՝ ինչո՞ւ չենք գիշերում գյուղում, ինչո՞ւ ենք սնվում չոր հացով, թողած կարավանային ճանապարհը, հարմարավետ իջևանատները, թարմ կերակուրը:
s-51 Բայց հեշտացնելով մեր ճանապարհը՝ կդժվարացնեինք մեր առաջադրանքի կատարումը:
s-52 Ձեզնից մեկն ու մեկը կհաջողացներ մտնել մի այրի ասորուհու կամ հրեուհու անկողին, իսկ ում հայտնի չէ, թե անկողնում որքան հարցասեր են կանայք և որքան անկեղծ տղամարդիկ:
s-53 Կնոջ ականջն ընկած խոսքն ավելի արագ կթռչեր, քան մեր ձիերը:
s-54 Զինվորները քրքջացին:
s-55 Սիմեոնը հասկացավ, որ խորտակել է երեք օրերի ընթացքում իր և զինվորի միջև գոյացած պատնեշը:
s-56 Նա շարունակեց.
s-57 Մեզ ոչ սովորական, սրբազան պատերազմ է սպասվում մեր սուրբ հավատի մաքրության պահպանման համար:
s-58 Այդ պավլիկյան կոչվածները այրում են եկեղեցիները, խեղդամահ անում քահանաներին, շնանում տիրոջ պատկերի առաջ:
s-59 Սակայն դրանք չեն ամենասարսափելին:
s-60 Նրանք գողանում են ուղղափառ քրիստոնյաների օրորոցի երեխաներին և իրենց գիշերային խրախճանքների ժամանակ շրջան կազմելով, այնքան ձեռքից ձեռք նետում, մինչև թշվառ մանուկը շունչը փչում է:
s-61 Բանակը զայրույթից պայթեց:
s-62 Զինվորները ճոճում էին նիզակները, մոռացած ցուրտն ու դժվարին ճանապարհը՝ պահանջում անմիջապես ճամփա ընկնել:
s-63 Սիմեոնը չկարողացավ զսպել գոհունակության ժպիտը:
s-64 Թռավ ձիուն, որը ծառան մոտեցրել էր նրան:
s-65 Եվ կրկին բանակը, երկար շղթա կազմած, գետի ափով ձգվեց արևելք:
s-66 Շրջապատված ծառաներով ու թիկնապահներով՝ Սիմեոնն ընթանում էր բանակի կենտրոնով:
s-67 Զորքի առաջ ունեցած ելույթից հետո վրան խաղաղություն էր իջել և այլևս չէր մտածում պավլիկյանների հետ սպասվող կռվի մասին:
s-68 Նայում էր գետի պղտոր ջրերին, որոնք ափերին նստած ձյան սպիտակի կողքին ավելի մոխրագույն էին թվում:
s-69 Այդ ջրերը հոսում էին Հայաստանից, որն այժմ Արաբական խալիֆայության տիրապետության տակ էր:
s-70 Այդքանն էլ բավական էր իր մեջ փրփրած գետի նկատմամբ ատելություն ծնելու համար:
s-71 Նրա հիշողության մեջ թարմ էին այն օրերը, երբ արաբական նավատորմիղը լողում էր Կոստանդնուպոլսի մատույցներում:
s-72 Խառնակ ժամանակներ էին:
s-73 Ունևորները փախչում էին քաղաքից, ստրուկները՝ կողոպտում տերերին, բարբարոսների վարձկան ջոկատները սպառնում խռովություն բարձրացնել:
s-74 Առավոտից երեկո ղողանջում էին եկեղեցու զանգերը:
s-75 Սուրբ Սոֆիայի և Առաքյալների տաճարները լիքն էին փախստականներով. ժողովուրդն աղոթում էր, օգնության կանչում Աստծուն և բոլոր սրբերին:
s-76 Սիմեոնը զօր ու գիշեր պարիսպների վրա էր:
s-77 Նման մի օր էլ պահակության ժամանակ պարսպի մոտակայքում նկատեց իր ծառաներից մեկին՝ ձիապան Ներսեսին:
s-78 Կապոցն ուսին՝ Ներսեսը փորձում էր դուրս պրծնել քաղաքից:
s-79 Սիմեոնը հասավ, բռնեց օձիքից:
s-80 Ներսեսը ծնկի իջավ, Սիմեոնի արնակալած աչքերում կարդացել էր իր դատավճիռը:
s-81 «Մի սպանիր, աղաչեց Ներսեսը, ոչինչ չեմ գողացել»:
s-82 Եվ դողդոջուն մատներով քանդեց կապոցը, որտեղ ուտելիքից բացի ուրիշ ոչինչ չկար:
s-83 Սիմեոնը կատաղությունից կապտել էր, պաշարման օրերին ապրած տագնապը, կրած անհաջողություններից ծնված զայրույթը լեռնացել էր դավաճան ծառայի դեմ:
s-84 «Երկուսով փախչենք, ասաց Ներսեսը, մեզ ի՞նչ հռոմեացիներն ու արաբները»:
s-85 Սիմեոնը ոտքով խփեց նրա կրծքին:
s-86 Ծերունին փռվեց մեջքի վրա:
s-87 «Կեղտոտ անասուն, գոչեց Սիմեոնը, ինչպե՞ս ես համարձակվում ինձ փախչելու առաջարկ անել»:
s-88 Ներսեսը շրջվեց փորի վրա, սողաց նրա կողմը:
s-89 Շուրթերին կծու ժպիտ երևաց:
s-90 Վրեժ կար այդ ժպիտում:
s-91 «Չէ որ դու էլ հայ ես, շշնջաց նա, և ժպիտը տարածվեց, ողողեց ողջ դեմքը, մեզ միասին գերեցին Կոստաս կայսեր զինվորները:
s-92 Հայրդ ապստամբ Թեոդորոս Ռշտունու բանակում էր, մայրդ ճանապարհին զոհվեց...
s-93 Դու շատ փոքր էիր, քեզ որդեգրեց Դոմեստիանոս...»:
s-94 Սիմեոնը չզգաց՝ ինչպես իջեցրեց սուրը:
s-95 Վրա հասան պահակախմբի զինվորները, նիզակներով խոցոտեցին արդեն շունչը փչած Ներսեսին:
s-96 Քանի դեռ քաղաքը պաշարման մեջ էր, այդ ամենը Սիմեոնին թվում էր աննշան պատահար, սակայն, երբ ջախջախված արաբները ետ շպրտվեցին, և նա վերադարձավ պալատական խաղաղ կյանքին, սպանված Ներսեսը վերակենդանացավ հիշողության մեջ:
s-97 Եվ այժմ գետի պղտոր ջրերը նրան կրկին հիշեցրին Ներսեսին, կարծես ոչ թե գետը, այլ Ներսեսն էր սողում ընդառաջ, աղմկող ալիքները կրկնում էին նրա խոսքերը:
s-98 Եվ հանկարծ թվաց՝ արդեն անցել է այդ ճանապարհով, շատ փոքր էր, նստած էր Ներսեսի շալակին, նրա ուսի վրայից, ինչպես այսօր տեսնում էր հռոմեացի զինվորների թիկունքները:
s-99 Պաշարած մտքերից սթափվելու համար Սիմեոնը խթանեց ձին, դուրս եկավ շարքից և քառատրոփ քշեց մոտակա բարձունքը:
s-100 Թիկնապահները սլացան նրա ետևից:

Text viewDownload CoNNL-U